![]()
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
Հայաստանում արգելվում է շահագործել մեքենան, եթե հողմապակու լուսաթափանցելիությունը 75 տոկոսից պակաս է, իսկ առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից է պակաս։
Այս կանոնը Հայաստանում գործում է թերի։ Կանոնը կա, սակայն շահագործվող մեքենաների եթե ոչ մեծ մասը, ապա զգալի մասը մգեցված ապակիներով են։ Այդ թվում՝ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և անհատների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցները։
Եթե որոշ դեպքերում մեքենաների ապակիների մգեցումն ունի օբյեկտիվ պատճառ և թույլատրվում է, ապա նույնը չի կարելի ասել մյուս մեքենաների մասին։ Հատկապես, պետական որոշ օղակների, տաքսիների ու մասնավոր այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատների մեքենաների դեպքում։
Մգեցված ապակիներով մեքենաները նախ անվտնագության, ապա նաև անվստահության ցուցիչ են։ Ոչ մեկ չի կարող կռահել, թե ով կամ ինչ է սպասում իրեն այդ ապակիներից ներս, կամ ինչ է կատարվում, կամ ում են տեղափոխում մգեցված ապակիներով մեքենաները։Հատկապես, այսօր, երբ անվտանգային խնդիրները, կասկածելի դեմքերը շատացել են։
Ի դեպ նման մեքենաների հայտանբերումը շատ պարզ և հասարակ գործընթաց է, բավական է ընդամենը շրջել Երևանի փողոցներով և գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մգեցված ապակիներով մեքենաների։
Հայաստանում յուրահատուկ «սեր» կա մգեցված մեքենաների նկատմամբ։ Թե ումից և ինչ են թաքցնում տվյալ մեքենաները շահագործողները՝ մնում է կռահել։ Կամ թաքցնում են, կամ ընդամենը «մաչո» են ձևանում, փորձելով ավելի խորհրդավոր կերպարի մեջ երևալ։ Մինչդեռ «մաչո» ձևանալու համար բավական շատ այլ արդյունավետ ձևեր կան։ Թաքնվելը «մաչոյություն» չէ։
![]()