![]()
Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների՝ առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացրած հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նշվում է, որ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ, հիմնականում՝ Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք, ընդհանուր՝ 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը՝ հասնում 52 մլն դրամի։
«Փաստերի առթիվ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()