![]()
Հայաստանի Հանրապետությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետության և անձամբ երկրի նախագահ Աբդել Ֆաթահ էլ–Սիսիի կարիքն ունի։ Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Խաչատուրյանը շեշտեց` էլ–Սիսին իր քաղաքական և ռազմական անցյալում մեծ փորձությունների առաջ է կանգնել, պատերազմներ է տեսել և այսօր հասել է նրան, որ Եգիպտոսը դարձել է կայուն, զարգացող երկիր։
«Սա պատմական իրադարձություն է, որ Եգիպտոսի նախագահը ժամանել է Հայաստան։ Առանձնազրույցի ընթացքում նախագահը խոսեց Եգիպտոսի և տարածաշրջանային լուրջ խնդիրների մասին։ Ես էլ ներկայացրի Հայաստանի և մեր տարածաշրջանային խնդիրները։ Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և միջնորդական առաքելության մեծ փորձ ունի։ Այս երկիրը խաղաղության, հարևանների հետ խաղաղ ապրելու գաղափարախոսության կողմնակից և իրականացնող է»,– նշեց Խաչատուրյանը։
Նա ընդգծեց, որ այդ առումով Եգիպտոսն ու Հայաստանը շատ նման են, որովհետև վերջինիս քաղաքականությունը նույնպես այդպիսին է` տարածաշրջանում հասնել խաղաղության, ինչպես նաև հարևանների հետ խաղաղ ու բարեկեցիկ ապրել։ «Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումները և զրույցներն արդյունավետ կլինեն ու կնպաստեն մեր երկրների զարգացմանը»,– նշեց ՀՀ նախագահը։
Հիշեցնենք, որ էլ–Սիսին Երևան է ժամանել հունվարի 28-ին։ Նա տարածաշրջանային այցով է գտնվում Հայաստանում։ Մինչ այդ Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում։
Այցի շրջանակում Եգիպտոսի նախագահը հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
![]()