«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել». Սասուն Միքայելյան

Բանակում կան խնդիրներ և զորամասի հրդեհը կորպուսի հրամանատարական կազմի թերացումներ է եղել։ Նրանք հեռացվել են պաշտոններից: Ճիշտ է զորամաս չկար, զինվորներն առանձին վայրերում էին, բայց սա չի նշանակում, որ նրանք պետք է ուշադրությունից դուրս մնային։ Կորպուսից մինչև հրամանատար պետք է հետևողական լինեն։

Այս և այլ հացերի մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող:

Տեղի ունեցածը Սասուն Միքայելյանն ազգային ողբերգություն համարելով՝ խորհուրդ է տվել հետևել ընթացող քննությանը։ Մեկ բան հաստատ է՝ բոլոր մեղավորները պատասխան են տալու կատարվածի համար։

«Այսօր այդ հրդեհված կացարանում ևս հարգանքի տուրք կմատուցվի»,-ասել է նա։

Ընդհանուր առմամբ, ըստ ԵԿՄ նախագահի, բանակն այս պահին այնքան էլ մարտունակ չէ: Ադրբեջանն ունի հզոր ռազմատեխնիկա և հնարավորության դեպքում անընդհատ փորձում է հարձակումներ գործել։

«Թող ոչ մեկը չկասկածի, որ կարող է նոր պատերազմ լինել: Ես մեր բանակի կողքին եմ կանգնած։ Երբ երկրապահը դիրքերում է, թշնամին ոչ մի շարժ չի անում։ Հիմա 5000 երկրապահ գտնվում է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերում։ Մենք Սպարապետից հետո բանակ չենք ունեցել, այո»,-հայտարարեց Միքայելյանը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու Արցախի շրջափակմանը՝ Միքայելյանը նշել է.

«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել։ Որ ռուսն ուզի, չի բացվի՞։ Սա քաղաքականություն է, մենք պետք է համախմբված լինենք։ Պետք է դիվանագաիտական դաշտում հիմա մեր պահանջները ներկայացնենք»։

Սասուն Միքայելյանը ողջունելով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման քայլը նշել է, թե իր կարծիքով ռուս խաղաղապահները միակողմանի են գործում՝ ի վնաս հայկական կողմի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ