Արբիտրաժային տրիբունալը մերժել է 2018-ին «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ»-ն ընդդեմ Հայաստանի ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը

2018 թվականի օգոստոսի 3-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID) մուտքագրված «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 արբիտրաժային գործով արբիտրաժային տրիբունալը ս.թ. հունվարի 20-ին կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները և պարտավորեցնելով վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես կրած իրավաբանական վճարների և այլ ծախսերի հատուցում։

Երկաթուղային ճանապարհի և արագընթաց մայրուղու կառուցման առնչությամբ ծագած սույն արբիտրաժային գործը հարուցվել էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի, ինչպես նաև նշված ընկերության և ՀՀ կառավարության միջև 2012թ․ կնքված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։

Արբիտրաժային գործի շրջանակներում հայցվորները պնդում էին, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է կոնցեսիոն պայմանագրերի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի ներքո ստանձնած մի շարք պարտավորություններ:

Հայցվորները պահանջում էին Հայաստանից բռնագանձել շուրջ 225 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2015թ․ մարտի 18-ից մինչև արբիտրաժային վճռի կայացումը հաշվեգրված տոկոսները՝ շուրջ 106 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Նշենք, որ «Հետք»-ը երեկ գրել էր, որ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ՆՎԿՄԿ) տրիբունալը մերժել է Հայաստանի դեմ 326 միլիոն դոլարի հայցը՝ շուրջ 4,5 տարի ընթացող արբիտրաժային գործի շրջանակներում, որը կապված էր «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի հետ։ Ինչպես հայտնում է Global Arbitration Review-ն, որը միջազգային արբիտրաժային ոլորտի անցուդարձին հետևող առաջատար մասնագիտացված կայքն է, հունվարի 20-ին Տրիբունալը մերժել է Դուբայում գործող «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու՝ Հայաստանի նկատմամբ բոլոր պահանջները՝ այն համարելով ժամկետանց։

Տրիբունալի կայացրած որոշումը բխել է քաղաքացիական հայցերի երեք տարվա վաղեմության ժամկետի պահանջից՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Global Arbitration Review-ն նշում է, որ Տրիբունալը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ ներդրումային պայմանագրին համապատասխան ներդրողների պահանջները և Հայաստանի օրենսդրությանը համապատասխան պայմանագրային պահանջները չեն հանգեցնի վնասների հատուցման, նույնիսկ եթե դրանք ժամանակին լինեին։ Տրիբունալն ընդունել է Հայաստանի փաստարկները, որ հայցվորները չեն ապացուցել պատճառահետեւանքային կապը՝ կոնցեսիայում պետության ենթադրյալ միջամտության վերաբերյալ։

Ստացվում է, որ հայցվորները ստիպված կլինեն վճարել 2,8 միլիոն ԱՄՆ դոլարի պետական ծախսերը, ինչպես նաև 11 միլիոն ԱՄՆ դոլարի իրենց սեփական ծախսերը։

Արբիտրաժային գործի դատական քննությունը ղեկավարում էր ամերիկացի միջնորդ դատավոր Ջին Քալիքին, որին օգնում էին բրիտանացի միջնորդ դատավոր Ջոն Բիչեյը և կանադացի Ջ. Քրիստոֆեր Թոմասը։ Ընդ որում, բրիտանացի միջնորդ դատավորի թեկնածությունն առաջարկվել էր ներդրողների կողմից, իսկ կանադացունը՝ հայկական կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ