Ջերմուկում ագրեսիայից տուժած տնտեսվարողների չորս ամսվա գազի և էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի. ովքեր կարող են դիմել

Այսօր Կառավարության նիստի ժամանակ քննարկման դրվեց ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Այն ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«2022 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների գործունեության վրա: Ռազմական գործողությունների հետևանքով հյուրանոցներն ու հյուրատները ընդհուպ մինչև երկու ամսով դադարեցրել էին գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների: Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերի կեսերից և նոյեմբերի սկզբից ընդհանուր առմամբ հյուրատների և հյուրանոցների գործունեությունն արդեն վերականգնվել էր, սակայն Ջերմուկ համայնքը շարունակում էր մնալ խնդրահարույց՝ հանգիստը կազմակերպելու տեսանկյունից»,- նկատեց Քերոբյանը:

Վերջինս մանրամասնեց՝ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ջերմուկ համայնքում երկուսից երեք անգամ նվազել է հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների իրացման շրջանառությունը. «Խնդիրը ինչ-որ չափով մեղմելու նպատակով հյուրանոցների և հյուրատները որոշակի աշխատանքներ են իրականացրել, մասնավորապես՝ իջեցվել են ծառայությունների գները, ընդհուպ՝ մինչև երկու անգամ, սակայն այս ճանապարհով, այսինքն՝ խնայողությունների հաշվին ծառայությունների գնի իջեցումը, կարող է հանգեցնել տնտեսվարողների մատուցած ծառայությունների որակի վատթարացմանը և, որպես հետևանք, կնպաստի է՛լ ավելի անկմանը, որն ավելի մեծ խնդիրների կհանգեցնի»:

Էկոնոմիկայի նախարարը առաջարկեց Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը նվազել է 50 տոկոսից ավելի, փոխհատուցել սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի հանրագումարի 100 տոկոսը, որը էապես կթեթևացնի նրանց կրած վնասները և թույլ կտա, որ ընկերությունները ծառայությունները մատուցեն ամբողջ ծավալով և առանց որակի կոմպրոմիսի գնալու:

«Ընդհանուր աջակցության չափը, մեր նախնական գնահատականներով, կկազմի մոտ 50 միլիոն դրամ, որը, կարծում ենք, արդեն կրած վնասների փոխհատուցման տեսանկյունից համարժեք է: Բայց միևնույն ժամանակ Ջերմուկում հյուրանոցային և զբոսաշրջային գործունեության ակտիվացման խնդիրը դեռևս ակտուալ է, և պետք է լրացուցիչ գործողություններ քննարկենք, որպեսզի Ջերմուկում ակտիվացնենք զբոսաշրջային գործունեությունը»,- ասաց Վահան Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց որոշման նախապատմությունը:

«Նախորդ տարի դեկտեմբերի 17-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստը, և այդ ընթացքում մենք շփումներ ունեցանք Ջերմուկի բնակիչների և գործարար շրջանակների հետ և փորձեցինք հասկանալ, թե ինչո՞վ և ինչպե՞ս կարող ենք օգնել Ջերմուկին: Սա առաջարկներից մեկն էր, որ հենց Ջերմուկի գործարար շրջանակներն են արել, և, այո՛, չորս ամսվա գազի և էլեկտրաէներգիայի ծախսը, որը նրանք արդեն վճարել են, մենք հարյուր տոկոսով փոխհատուցելու ենք: Սակայն կա մի նրբություն՝ այդ փոխհատուցում կամ աջակցություն ակնկալող ընկերությունները պետք է 100 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն պետության նկատմամբ չունենան, ընդ որում՝ խնդիրը դնում ենք այնպես, որ դիմելու պահին չպետք է ունենան»,- նկատեց վարչապետը:

Որոշումն ընդունվեց, և տնտեսվարողները կարող են արդեն դիմել փոխհատուցում ստանալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ