Գործընկերություն հանուն հզոր տնտեսության

Հայերն այն եզակի ժողովուրդներից են, որոնք թեպետ ունեն հայրենիք, պետականություն, սակայն մեծ մասը բնակվում են այլ երկրներում։ Եթե համարենք, որ աշխարհում կա մոտ 10 մլն հայ, ապա նրանցից ընդամենը 3 մլն է բնակվում Հայաստանում, մնացած մեծ մասը սփռված է աշխարհի տարբեր երկրներում։ Այս փաստը բնականաբար ունի օբյեկտիվ պատճառներ, որոնցից ամենահիմնավորը՝ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն ու հայրենազրկումն է։

Ցեղասպանության և հայրենազրկման հետևանքով ձևավորվել է հայկական սփյուռքը, որը աշխարհին տվել է բազմաթիվ հայտնի և ճանաչված մարդկանց։ Սփյուռքը հաճախ է օգնության ձոեռք մեկնել մայր հայրենիքին, սակայն եղել են նաև ժամանակշրջաններ, երբ սփյուռքի և հայրնեիքի տեսակետներն այս կամ այն հարցի վերաբերյալ տարբերվել են։ Թեպետ, դա նաև առավելապես կախված է եղել տվյալ երկրի քաղաքականությունից ու առաջնահերթություններից, Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների իշխանությունների գործունեությունից։ Հայկական Սփյուռքի ընդհանուր հավաքականությունը կարևոր, բայց ցավոք մինչև այսօր չլուծված խնդիրներից է։

Քաղաքական հարցերում Սփյուռքի տարբեր օջախների և հայրենիքի տեսակետներն ու մոտեցումները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով կարող են տարբեր լինել, սակայն թերևս կա մի ուղղություն, որտեղ Սփյուռքն ու հայրնեիքը կարող են միասնականություն դրսևորել։ Միասնականաություն, որը փոխշահավետ կլինի՝ թե՛ սփյուռքի, թե՛ Հայաստանի համար։ Դա տնտեսությունն է, մասնավորապես հայկական բիզնեսի, հայկական արտադրության զարգացումը։ Իսկ այդ հարցում սփյուռքը կարող է նշանակալի դեր ունենալ, եթե սպառման հարցում առաջնահերթությունը տա հայկականին։

Վերջին տարիներին հայկական բազմաթիվ արտադրատեսակների և ծառայությունների արտահանումը աշխարհի տարբեր երկրներ էապես ավելացել են։ Արտահանվում են ոչ միայն հայկական խոշոր, այլև փոքր ու միջին բիզնեսի արտադրանքն ու ծառայությունները։

Ֆուտբոլային խոսքով ասած՝ այսօր գնդակը սփյուռքի դաշտում է։ Եթե նախկինում արտերկրում դժվար էր գտնել, կամ ձեռք բերել հայկական արտադրության ապրանքներ, ապա այսօր պատկերն այլ է։

Այս դրական դինամիկան պահելու և Հայաստանի արտադրողին աջակցելու համար մեծ գործ կարող են անել սփյուռքի մեր հայրնենակիցները։

Հայաստանի արտադրողն այս առումով արտերկրում ունի 7 միլիոնանոց պոտենցիալ սպառման հավելյալ շուկա։ Հայկական արտադրանքի ցանկացած գնում՝ ուղղակի ներդրում կլինի հայկական արտադրությունում, Հայաստանի տնտեսությունում, սոցիալական, անվտանգության և մյուս ոլորտներում։

Եվս մեկ կարևոր հանգամանք։ Գնելով հայկականը՝ սփյուռքը կհամարվի ոչ թե մի սուբյեկտ ումից միշտ հայրնեիքը փող է ուզում, այլ կդառնա գործընկեր։ Գործընկեր, որն ուղղակի մասնակցություն կունենա հայրենական տնտեսության հզորացման գործում։

Այս հարցը գուցե շատերը ռազմավարական չհամարեն, սակայն աներկբա է, որ այսօր Հայաստանի առաջ ծառացած գրեթե բոլոր խնդիրների լուծումը հնարավոր է գտնել միայն հզոր և զարգացած տնտեսություն ունենալով։

Սփյուռքում տեղական արտադրանքին առաջնահերթությունը տալը, քաղաքական հարց չէ, կուսակցական հարց չէ, անձնական հարց չէ։ Այն պետականամետ մտածողության ձևավորման կարևոր բաղադրիչ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ