Կաթողիկոսներն արդեն 2-րդ անգամ բոյկոտում են համահայկական կարևորագույն միջոցառումները․ ո՞ւմ էր ուղղված Գերագույն հոգևոր խորհրդի՝ համախմբման, բաժանարար գծերը վերացնելու կոչը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնի ժամանակ այս տարի չենք լսի Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ուղերձները։ Ինչպես հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն է հավաստիացրել՝ կաթողիկոսները այս տարի որոշել են ուղերձ չհղել և այն պատվիրակել են ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, որը, Արշամյանի խոսքով, «ամեն տարի բարեխղճորեն հղում է իր ուղերձը համայն հայությանը»։ Հարկ է նշել, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ I-ը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են։

Եկեղեցին, փաստորեն, երկրորդ անգամ է բոյկոտում պետության կողմից, պետության անունից կազմակերպվող միջոցառումներն ու հրաժարվում է անձամբ հղել իր հայրապետական օրհնանքը այն ժամանակաշրջանում, երբ եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-պետություն կապը բարենորոգման և ամրապնդման հույժ կարիք ունի։ Նախորդ միջոցառումը, որին եկեղեցու հայրերը հրաժարվեցին մասնակցել, համահայկական գագաթնաժողովն էր։ Այս՝ երկրորդ մերժումը, նկատենք, տեղի է ունենում Գերագույն հոգևոր խորհրդի՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած ժողովից հետո, որի ժամանակ ընդունված հայտարարության մեջ նշվում էր, թե «հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ», ինչպես նաև կոչ էր արվում իշխանություններին «ամենայն ջանք գործի դնել բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ»։

Արդ, ի՞նչն է պատճառը, որ այդ՝ ի շահ և ի նպաստ հայրենիքի հարատևությանը կազմակերպվող միջոցառմանը՝ մարաթոնին, որն այս տարի կրելու է «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը, կաթողիկոսները որոշել են անձամբ ուղերձ չհղել։ Civic.am-ը հարցում է ուղարկել Մայր Աթոռ՝ նման որոշման պատճառը պարզելու համար։ Սպասում ենք պատասխանին։

Ուշագրավ է, որ օրեր առաջ նորաօծ քահանաների հետ հանդիպման ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը շեշտել է, թե «ծանր ու դժվարին ժամանակներ են, և մեր ժողովրդի սպասումները եկեղեցուց և հոգևորականությունից մեծ են, հետևաբար մեծ է եկեղեցականի պատասխանատվության բեռը»։ Ապա հավելել, որ եկեղեցին «թեև չի զբաղվում քաղաքականությամբ, սակայն ունի հայրախնամ առաքելություն»։ Արդ, ի՞նչն է պատճառը, որ պատասխանատվության բեռի, ավելին՝ դրա ծանրացած լինելն արձանագրող եկեղեցին ընձեռված պատեհ առիթների ժամանակ, երբ համախմբման և համայն աշխարհին մեր միակամությունը ցուցանելու խնդիր ունենք, հրաժարվում է իր հայրախնամ առաքելությունից՝ այսպիսով թույլ տալով, որ քաղաքականությունը սողոսկի հասարակություն-եկեղեցի հարաբերություններ, եկեղեցին նույնացվի քաղաքական որոշ ուժերի հովանավորի և շահերի սպասավորի հետ։ Դատելով եկեղեցու վերջին երկու տարիների կեցվածքից ու որդեգրած դիրքից, սակայն, այլևս ակնհայտ ու անհերքելի է եկեղեցու ներգրավվածությունը քաղաքական ընթացիկ գործընթացներին, որի վերջին ցցուն դրսևորումը «Դիմադրություն» շարժման նոյեմբերի 5-ի հանրահավաքին Բագրատ եպիսկոպոս Գալուստանյանի մասնակցությունն էր՝ «կազմակերպիչների դիմումին ընդառաջ», Վեհափառ Հայրապետի օրհնությամբ։ Մի միջոցառում, որի ժամանակ ոչ թե համախմբման, այլ համախմբումը վիժեցնող, ատելության խոսք պարունակող ելույթներ ու կոչեր հնչեցին։

Հարկ է նկատել, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 17-ին, ՀՅԴ Բյուրոն իր լրիվ կազմով այցելել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին՝ Անթիլիասի Մայրավանք, Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատուրյանի առաջնորդությամբ։ ՀՅԴ կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է, թե «աւելի քան երկու ժամ տեւած հանդիպման ընթացքին տեսակէտերու փոխանակում տեղի ունեցաւ, յատկապէս Հայաստանը ու Արցախը դիմագրաւող խնդիրներու ու մտահոգութիւններու շուրջ։ Թէ՛ Նորին Ս. Օծութիւնը և թէ Հ.Յ.Դ. Բիւրոն կարևորութեամբ շեշտեցին Հայաստանն ու Արցախը ներկայ ճգնաժամային կացութենէն դուրս բերելու և դէպի հզօրացում ու փրկութիւն առաջնորդելու հրամայականը և այս ուղղութեամբ հաւաքական աշխատանք տանելու անյետաձգելի անհրաժեշտութիւնը…»։ Նկատենք, որ ՀՅԴ 132-րդ տարեդարձի միջոցառմանը ևս, որը տեղի ունեցավ երկու օր առաջ՝ Լիբանանում, եկեղեցին նույնպես բերել էր իր օրհնությունը՝ միջոցառմանը ներկա հոգևորականի տեսքով։

Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկո կաթողիկսը, նկատենք, 44-օրյա պատերազմից հետո ներհասարակական ծայրահեղ լարված ու պայթյունավտանգ օրերին հայրախնամ իրենց առաքելությունը իրացնում էին ոչ թե հասարակությանը հանդարտության ուղերձ հղելով, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով։ «Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները»,- 2020 թ. դեկտեմբերի 8-ին տարածված հայտարարության մեջ նշել էր Գարեգին Բ-ն, որը նախորդիվ հանդիպել էր Փաշինյանին։

Արտահերթ ընտրություններից հետո անցել է մեկուկես տարի, սակայն եկեղեցին, որը պիտի օրհներ ժողովրդի կամքն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքական հարաբերակցությունը, շարունակում է ընդդիմադիր լինել իշխանությանը, այսինքն՝ ժողովրդի կամքին, այսինքն՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո»-ին։

Եթե եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, ապա թերևս կարիք է զգացում, որ շուտափույթ վերանայի իր քաղաքականությունը հանդեպ հասարակությունն ու պետությունը, քանի որ մեր պետականության առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարումը, ինչպես արդարև հայտարարվել էր ԳՀԽ-ի կողմից, «կենսական է ու գոյաբանական» և պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, Եկեղեցուց, ազգային կառույցներից և համայն մեր ժողովրդից»։

Այս համատեքստում ուզում ենք ընդգծել, թե որքան կարևոր է հոգևոր հովվապետի խոսքն ու կոչը համահայկականությունն ընդգծող միջոցառումներին ընդառաջ։ Մասնավորապես, դեռևս մինչև 44-օրյա արհավիրքը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոչին ընդառաջ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում (մասնավորապես ՌԴ-ի, Նոր Նախիջևանի, Գերմանիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի) և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակվեցին խոշոր նվիրատվություններ, որոնք փոխանցվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ