«Սփյուռքին պահողը լինելու է ոչ թե հայ լինելը, այլ Հայաստան ունենալը». Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանում ընթանում է Համահայկական գագաթնաժողով։ Աչքովս որոշ դրվագներ ընկան։ Սփյուռքի կենսունակության մասին շատ հարգելի բանախոսների մտահոգության անկեղծությունն ու լրջությունը կասկածի ենթակա չէ, ինչպես որ կասկածի ենթակա չէ Հայաստանի հանդեպ նրանցից շատերի հոգատարությունը:

Սակայն ամբողջ հարցն այն է, թե այդ ամենն ինչ պատկերացումների շրջանակով է արտահայտվում և պատճառահետևանքային կապի ու լուծումների ինչ բանաձևեր են դրսևորվում: Կա՞ պատկերացում ու համոզում, որ ժամանակակից աշխարհում Սփյուռքը այդպիսին կարող է մնալ միայն պետական, այլ ոչ ազգային կամ էթնիկ ինքնության հիմքով: Այլ կերպ ասած, Սփյուռքին պահողը լինելու է ոչ թե հայ լինելը, այլ Հայաստան ունենալը:

Հայ լինելն այդ առումով կարևոր, անհրաժեշտ, սակայն ժամանակակից աշխարհում այլևս ոչ բավարար պայման է, քանի որ աշխարհը զարգանում է գերարագ և անդադար տեխնոլոգիական հեղափոխության ընթացքով, որը կանգ չի առնում և որը գործնականում ձևավորում է մարդկային ու արհեստական ինտելեկտների համադրությամբ կառուցվող նոր աշխարհ: Ուզենք դա, թե ոչ, ընթացքն առկա է և թերևս անկասելի: Ահա այս պայմաններում անկասկած է դառնում, որ այլևս չեն կարող արդյունավետ աշխատել Սփյուռքի կենսունակության և պահպանության «ավանդական» ինստիտուտները և ուղենիշները:

Դրանք լավագույն դեպքում կարող են բերել գետտոյացման, որը բոլորովին պահպանության և կենսունակության հարցի լուծում չէ, այլ Սփյուռքի «դանդաղ մահվան» մի տարատեսակ, պարզապես ժամանակի ու տարածության մեջ նվազ նկատելի:

Խնդիրը սակայն այն է թերևս, որ Հայաստան առանցքի ճանաչումն ու ընդունումը սփյուռքյան միջավայրի համար ունի որոշ հիմնարար խնդրահարույց արգելակներ: Նախ հոգեբանական և մտածողական: Սփյուռքը, հատկապես դրա ինստիտուցիոնալ վերնախավի մի մեծ մասը մշտապես ապրել է այն համոզումով, որ Հայաստանն ունի իր կարիքը, այլ ոչ թե Հայաստանն է իր ինքնության հենակետն ու հավաքականության «ցեմենտը»:

Աշխարհը փոխվում է սրընթաց, այդ հոգեբանական և մտածողական համոզումը սակայն մնում է նույնը: Մյուս էական հանգամանքը թերևս այն է, որ այդ առումով փոփոխությունը սփյուռքյան վերնախավի մի շարք շրջանակների, նաև մի շարք «ավանդական» կառույցների համար կարող է նշանակել «կորպորատիվ» շահերից հրաժարման անհրաժեշտություն, դիրքերի վերանայում և այլն:

Որովհետև, երբ առանցքում դնում ես Հայաստանը ոչ միայն ճառերի ու բաժակաճառերի, ոչ միայն դեկլարացիաների տրամաբանությամբ, այլ ինքնության վերաբանաձևման հրամայականով, ապա այդ դեպքում հարկ է լինելու շատ խմբերի համար հրաժարվել քաղաքական երկաթյա թվացող «ալիբիներից» և անցնել Հայաստանի հանդեպ վերքաղաքական և վերկուսակցական չափումների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ