![]()
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալկիր Արսեն Հարությունյանը գրել է.
«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը,
սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։
Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»։
Արսեն Հարությունյանը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում։ Հենց այնտեղ էլ նա կատարել է ըմբշամարտում իր առաջին քայլերը, մարզիչ Արթուր Մարտոյանի գլխավորությամբ։ Ներկայումս մարզվում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ։
2018 թվականի օգոստոսին Հռոմում ընթացող ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Արսեն Հարությունյանը, 57 կգ քաշային կարգում, եզրափակիչում 11։6 հաշվով հաղթանակ տանելով ուկրաինացի Անդրեյ Ջելեպի նկատմամբ, հռչակվեց ազատ ոճի ըմշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Որից հետո նա պայմանագիր կնքեց գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբի հետ և շուտով նորամուտը նշեց նաև մեծահասակների առաջնությունում։ Արսենի նորամուտը Բունդեսլիգայում շատ հաջող ստացվեց։ Նա այնտեղ իր անցկացրած առաջին 4 մենամարտերում հաղթանակ է տարել, այդ թվում նաև անվանի մարզիկների նկատմամբ։ Նույն տարվա սեպտեմբերին Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցեց Հարավային Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին։ 2018 թվականի դեկտեմբերին Արսենը առաջին անգամ հաղթեց մեծահասակների Հայաստանի գավաթի խաղարկությունում, լուրջ հայտ ներկայացներով Հայաստանի հավաքականում առաջնատարներից մեկը լինելու։
2019 թվականի ապրիլին, Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, վրացի ըմբիշ Բեկա Լոմտաձեի հետ, մեկնարկային րոպեներին պարտվելով 8-0 հաշվով՝ Արսենը կարողանալով բեկել գոտեմարտի ընթացքը, հաղթանակի հասնելով 17-11 հաշվով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Արսեն Հարությունյանը ընտանիքի հինգ երեխաներից ավագն է։ Նրա կրտես եղբայրը նույնպես զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով, հանդիսանալով Հայաստանի ընբշամարտի պատանեական հավաքականի անդամ։
Արսենի խոսքերով՝ «Սպորտի հանդեպ սերը դեռ շատ փոքր տարիքից է եղել, քանի որ շատ սպորտային ընտանիք ունեմ, ունենք մեր սեփական մարզադահլիճը, որտեղ հայրս մարզում է երեխաներին։ Սկզբում հաճախում էի կառատեի, սակայն խոստովանեմ, որ գնում էի միայն այնտեղ գտնվող լողավազանից օգտվելու համար։ Բայց երբ առաջին անգամ հայրս ինձ տարավ ըմբշամարտի մարզումների, հասկացա․ Հենց սա է իմը։ Կրտսեր եղբայրներս նույնպես ընտրել են այս մարզաձևը, որի համար շատ ուրախ եմ։ Նրանք բավականին բարձր ցուցանիշներ են գրանցում, և ես համոզված եմ, որ մի օր կգերազանցեն ինձ։ Ես հպարտանում եմ նրանցով»:
![]()