![]()
Գոռ Ծառուկյանը գրում է.
«Հրապարակ»-ը օպերատիվ կերպով հրապարակեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ տարածած ապատեղեկատվության և զրպարտանքի հերքումը, ինչպես նաև՝ Կենտրոնի պատասխանի տեքստը։ Ակնկալում եմ, որ առնվազն պատասխանի տեքստը տպագրվի նաև «Հրապարակ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում՝ ինչպես որ հրապարակվել էր խնդրո առարկա կեղծ տեղեկությունը և զրպարտանքը։
Ակնկալում եմ նաև, որ Կենտրոնի պատասխանի տեքստը հրապարակեն մյուս լրատվամիջոցները, որոնք տարածել են տվյալ սուտը։ Դրա մասին օրենքով սահմանած կարգով առանձին պահանջ կներկայացնենք յուրաքանչյուր տարածած լրատվամիջոցի։
Ստորև Կենտրոնի պատասխանն է.
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանը «Հրապարակ» օրաթերթի՝ ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութի առնչությամբ
Hraparak.am լրատվական կայքում (08.09.22) և «Հրապարակ» օրաթերթում (09.09.22) հրապարակված ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութում տեղ են գտել կեղծ, զրպարտող բնույթի տեղեկություններ կապված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության հետ։ Մասնավորապես, կառույցի մասին նյութում տեղ գտած հետևյալ միտքն ամբողջությամբ սուտ է և զրպարտություն, մեջբերում. «…միակ տեսանելի բանը, որ անում է՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ», մեջբերման ավարտը։
Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս` իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների, առավել ևս` լրատվամիջոցների համար։
Հ.Գ. Հետևողական եմ լինելու պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը միտումնավոր խաթարող, և հատկապես՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հեղինակությունն արատավորող տեղեկատվական գործունեությանը հակազդելու աշխատանքներին։
![]()
![]()