«Մահապատժի վերականգման մասին անգամ քննարկում չի լինելու». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

Մահապատժի վերականգման մասին անգամ քննարկում չի լինելու
Որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ (նաև իմանալով խորհրդի ու հանձնաժողովի այլ անդամների մեծամասնության մոտեցումը) ես բացառում եմ մահապատժի վերականգման մասին որևէ քննարկում։ Վստահ եմ, որ այս հարցը խորհրդի օրակարգ անգամ չի մտնի։

Իսկ դատախազությանը առաջարկում եմ զբաղվել պատժի անխուսափելիության մեխանիզմով, որը, մեղմ ասած, կաղում է։ Անլուրջ առաջարկներ անելու փոխարեն թող իրենց գործը անեն, որ հանցագործները (այդ թվում` դավաճանության հոդվածով) կանգնեն դատարանի առջև։

Հիշեցնեմ, որ Հայաստանում, վերջին 5 տարում, մարդասպանություն կատարծների ընդամենը 27 տոկոսն է դատարանի առջև կանգնել։ Տարիներ շարունակ Հայաստանում լրտես ու դավաճան չէր բացահայտվում, բայց դա դատախազությանը հեչ չէր անհանգստացնում։

Նշեմ նաև, որ դատախազությունը լավ կանի, որ իմանա, որ բացի Եվրախորհրդի պարտավորվածություններից, Հայաստանը 2021 թ. մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել։ Ընդորում, Հայաստանն այն ստորագրել է առանց ռազմական իրավիճակներում մահապատժի բացառության (մանրամասները` մեկնաբանությունում)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ