![]()
Այսօր Երևանի թիվ 40 դպրոցում բացվեցին 44-օրյա պատերազմի անմահ հերոսներ Համլետ Հովհաննիսյանի և Արման Խաչատրյանի անվան դասասենյակներ, որոնք եղել են այդ դպրոցի շրջանավարտներ։
Համլետ Հովհաննիսյանի անվան դասասենյակը վերանորոգել են նրա ծնողները, իսկ Արման Խաչատրյանի անվան դասասենյակի վերանորոգումն իրականացրել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ինչի համար դպրոցի տնօրեն Գայանե Մուրադյանը շնորհակալագիր հանձնեց նրան։
Համլետ Հովհաննիսյանի անվան դասասենյակի բացումը կատարեց նրա մայրը՝ Գոհար Կիրակոսյանը, որը եղել է նաև նրա դասղեկը, իսկ Արման Խաչատրյանի անվան դասասենյակի բացումը կատարեց Արմանի մայրը՝ Անգին Գևորգյանը։
Դպրոցի տնօրենը, նկարագրելով Համլետին և Արմանին, ասաց. «Համլետը համարվում էր դասարանի փրկիչը, երբ որևէ մեկը մի բան չիմանար, Համլետը բոլորին հանում էր այդ ծանր վիճակից։ Իսկ Արմանը համեստություն էր, հանգիստ, խաղաղ, լուռ, բայց գործուն»։
Համլետի մայրը պատմում է, որ իր որդին զբաղվում էր նկարչությամբ, սկսել էր հետաքրքրվել քիմիայով և կենսաբանությամբ և ինչ-որ պայթուցիկ նյութեր էր փորձում ստանալ, բայց ամենից շատ հետաքրքրված էր Հայոց պատմությունով։ Համլետը 2017 թվականից պայմանագրային զինծառայող էր՝ հատուկջոկատային, հետախույզ, 2019-ին էլ չորս ամսով խաղաղապահ առաքելություն էր իրականացրել Սիրիայում։ Համլետը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Սարատակում՝ անօդաչու սարքի հարվածից։
Արմանի մայրը՝ տիկին Անգինը, պատմում էր, որ որդին դեռ 13 տարեկանից հաճախում էր պատանի երկրապահի ակումբ, դեռ այդ տարիքից ամենից շատ խոսում էր հայրենիքից և զինվորական կյանքից։
Ի դեպ, Արմանի քեռին էլ զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականին։
Արմանի անվան դասասենյակում միջոցառման ժամանակ դպրոցի աշակերտներից մեկն ընթերցեց Արման Խաչատրյանի երդումը, որը նա ընթերցել էր Պատանի երկրապահի ակումբ ընդունվելիս։
Մեզ հետ զրույցում ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանն ասաց, որ դպրոցներում այսպիսի դասասենյակների կամ անկյունների ստեղծումը շատ է կարևորում՝ և՛ զոհված տղաների հիշատակը վառ պահելու, և՛ նրանց ծնողներին մխիթարելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()