![]()
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, «որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ»։
Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ Միքայել Արզումանյանը անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020-ի հոկտեմբերի 30-ից Շուշիի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում «չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը»։
![]()