Զորավարժություններն անց են կացվելու սեպտեմբերի 1-7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 պոլիգոններում

ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։ Զորավարժություններն անց են կացվելու սեպտեմբերի 1-7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 պոլիգոններում։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այդ զորավարժություններին, որոնց մասնակցելու են Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ալժիրը և այլ պետություններ, ներգրավված է լինելու ավելի քան 50 հազար զինվորական:

Ռազմագետ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս ԽՍՀՄ տարիներից «արևելք, արևմուտք, հյուսիս» անուններն ունեցող զորավարժություններ անցկացրել է: «Վերջին տարիներին իրենց խոշորությամբ աչքի էին ընկնում «Արևմուտք» զորավարժությունները, որոնք Բելառուսի հետ համատեղ էին իրականացվում, իսկ մյուսը Չինաստանի հետ էր արվում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:

Խոսելով այս զորավարժությունների բուն նպատակի մասին՝ փորձագետը նկատում է՝ դրանք խոշոր զորախմբերի ներդաշնակության, փոխհամագործակցության և մարտունակության բարձրացմանն են միտված:

Հարցադրմանը՝ կարո՞ղ են նաև միտված լինել որևէ պետության կամ պետությունների դեմ, վերջինս նշում է՝ ոչ այդքան դեմ են, որքան՝ վտանգները չեզոքացնելու միջոց. «Այս պահին գիտենք, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչ խոշոր աշխարհաքաղաքական գործընթացների մեջ է Ուկրաինայում, հետևաբար դրանից բխող ռազմաքաղաքական թատերաբեմային նոր ռիսկերի դեմն ուղղված մեսիջներ է փորձում տալ»:

Նկատառմանը՝ ստացվում է, որ բոլոր այն պետությունները, որոնք ներգրավված են այս զորավարժություններում, սատարում են Ռուսաստանին ռուս-ուկրաինական պատերազմում, Հովհաննիսյանն ասում է՝ որոշ չափով այդպես է: «Եթե ՀԱՊԿ անդամ որևէ անդամ պետություն նման պատերազմի է մասնակցում, բնական է այս ամենը: Մեզ համար գաղտնի՞ք է, որ ՀՀ-ին համարում են Ռուսաստանի դաշնակից պետություն»,- ասում է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ «Արևելք 2022» զորավարժություններին դիտորդի կարգավիճակում հանդես գալուն՝ զրուցակիցը ընդգծում է՝ Ադրբեջանն առաջին անգամ է մասնակցում այս զորավարժություններին, դրա համար մինչ մասնակցելը հանդես է գալիս դիտորդի կարգավիճակում՝ հետագայում ավելի լիարժեք մասնակցության համար:

Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ՝ նման զորավարժությունները յուրաքանչյուր երկրի բանակի համար կարևոր են, քանի որ մեծ փորձ են ձեռք բերում:

«Ուժեղ են այն բանակները, որոնք տարեկան մի քանի անգամ իրենց ունեցած գնդից մեծ զորավարժություններ են անում: Մինչ 44-օրյա պատերազմը՝ 2015 թվականից սկսած, Ադրբեջանը սկսել է տարեկան մեկ անգամ, հետո երկու անգամ մեծ օպերատիվ զորավարժություններ կազմակերպել, որոնցում ներգրաված է եղել 10 հազարից ավելի մարդ: Այդ զորավարժություններն Ադրբեջանի բանակին բերել են այն մարտունակությանը, որով պատերազմ են սկսել Հայաստանի դեմ: Պետական ապարատ, զինված ուժեր, կառավարման համակարգ, մոբիլիզացիոն ծրագիր. ամեն բան պետք է դնես փորձարկման»,- կարծում է նա:

Ռազմական փորձագետն ընդգծում է՝ բանակն ավելի հզոր ու մարտունակ դարձնելու համար բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել: Նրա համոզմամբ՝ պետք է զորավարժություններ կազմակերպել, դրսում զորավարժությունների, ՄԱԿ-ի առաքելություններին մասնակցել, շփվել աշխարհի հզոր պետությունների հետ, ծանոթանալ նրանց փորձին և դրանցից վերցնել ամենակարևորը. «Սակայն առաջնահերթ է երկրի ներսում զորավարժություններ կազմակերպելը, և դրանք հաճախակի պետք է արվեն: 2020 թվականի պատերազմից հետո մասշտաբային զորավարժություն Հայաստանում չի եղել»,- շեշտում է Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, երբ Հայաստանում հայտարարվում է զորավարժությունների մասին, բնակչության շրջանում խուճապ է առաջանում, շատերը կարծում են՝ այն գուժում է մոտալուտ պատերազմի մասին, վերջինս նշում է՝ պետք է քաղաքացիները հասկանան՝ եթե ուզում են ունենալ ուժեղ պետություն, ուրեմն պետք է գնան ու մասնակցեն այդ զորավարժություններին, այլ տարբերակով բանակը չի կառուցվում:

«Այո, քաղաքացիներից շատերն ունենում են դժգոհություններ՝ զորավարժություններին մասնակցելու համար: Օրինակ՝ որոշ մարդիկ ունենում են ֆինանսական խնդիրներ, քանի որ չեն գնում աշխատանքի այդ ընթացքում, որոշները վստահության խնդիր ունեն, որոշների համար զորավարժությունների տևողությունը շատ երկար է, ոմանք էլ ՊՆ-ի աշխատանքից են դժգոհում: Այո՛, դժգոհություններ կան, որոշները նաև օբյեկտիվ են: Այս խնդիրներին լուծում տալու համար բարեփոխումների մեծ փուլ պետք է անցնենք: Ոտքից գլուխ պետք է փոխվի մեր պաշտպանական համակարգը: Չփոխելու դեպքում այս հարցերը չեն լուծվելու»,- կարծում է Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ ռեսուրսներ ու ժամանակ պետք է ներդրվի՝ համակարգում մեծ փոփոխությունների հասնելու համար:

«Համառություն է մեզ պետք: Անվտանգության համար պետությունը պետք է ավելի մեծ ռեսուրսներ տրամադրի, ավելի ջանք ներդնի: Բայց ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ամենակարևորը կադրային քաղաքականությունն է. բանակում կարևորագույն որոշումներ կայացնողների սերնդափոխություն պետք է տեղի ունենա: Պրոֆեսիոնալները պետք է բանակի համար լավ ծրագրեր գրեն, որը կգնա Կառավարություն: Սա բարդ հարց է, տարբեր տարիների ոչ առողջ պատճառներ են եղել այդ սերնդափոխությանը խանգարող, այժմ դա պետք է արվի»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ միգուցե ֆինանսական խնդիրնե՞րն են նաև խանգարում բարեփոխումներ իրականացնելու համար, Հովհաննիսյանը շեշտում է՝ կան ֆինանսական խնդիրներ, սակայն բարեփոխումներ լինել-չլինելու էական պատճառը դրանք չեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ