![]()
«Սիրելի երևանցիներ, տեղեկացնում ենք, որ տարածված տեղեկությունները՝ նախորդ շաբաթ շների կողմից կծման 45 դեպքերի մասին, չեն վերաբերում միայն թափառող շներին: Այս ինֆորմացիան ներառում է նաև ընտանի կենդանիների կողմից կծվածության դեպքերը»:
Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԿԱ-ի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ:
Նշենք, որ երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հրապարակվեցին տվյալներ, որ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների կծման 45 դեպք:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը նշել էր, որ անցնող ամսվա ընթացքում Երևանում թափառող կենդանիների կողմից կծման դեպքերի վերաբերյալ ստացել են 14 ահազանգ, որից 11-ին տրվել է համապատասխան լուծում: 3-ն ընթացքի մեջ են:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ փաստել էր, որ Երևանում թափառող շների կծելու դեպքերի մասին ահազանգերն ու բուժօգնության համար առողջապահական հաստատություններ դիմողների թվերը չեն համապատասխանում. բուժհաստատություններ դիմելու դեպքերը 45-ն են:
Նկատենք, որ այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր՝ թափառող շները չեն վնասազերծում՝ մեղադրելով ՀՀ վարչապետին, թե նա ՀՈԱԿ-ի ստեղծումը որպես ձեռքբերում է ներկայացնում, այնինչ այն արդյունավետ չի գործում:
![]()