![]()
Սխալ կլինի սպասել, որ այսօր Բրյուսելում կարող են լինել շրջադարձային զարգացումներ կամ էական բանակցային փոփոխություններ, քանի որ բանակցային գործընթացը շատ բազմաշերտ է ու ընթանում է բավականին դանդաղ՝ ինչը պայմանավորված է նաև գործընթացում ներառված այլ դերակատարների գործոնով, որոնք ունեն իրենց շահերը հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այս մասին Aratnews.am-ի հետ զրույցում ասոաց քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով՝ այսօր Բրյուսելում սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպմանը:
«Հանդիպման դրական կողմն այն է, որ բանակցային գործընթացն ինքնին հանդիսանում է ռազմական էսկալացիաների զսպման գործիք, ուստի նման հանդիպումներն այս տեսանկյունից շատ կարևոր են։ Հանդիպման արդյունքում հնարավոր են նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ որոշակի հստակեցումների իրականացում՝ օրինակ դրա շուրջ խմբի ձևավորում կամ դրա ձևավորման վերաբերյալ կողմերի մոտեցումների հստակեցում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հենց Բրյուսելում կազմակերպվող հանդիպմանը, քաղաքագետն ասաց, որ սա միանշանակ ցույց է տալիս, որ Արևմուտքը շահագրգռված է երկարատև խաղաղության հասնելու հեռանկարով ու ունի սեփական շահերը մեր տարածաշրջանում՝ ինչը, ավելի շատ հենց հայկական կողմին է ձեռնտու։ «Բոլորին է հայտնի, թե ինչպես է ադրբեջանական կողմը պարբերաբար քննադատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը՝ տարբեր մեղադրանքներ հնչեցնելով Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հասցեին։ Սա արձանագրում է, որ Արևմուտքի կողմից Ադրբեջանի առաջ փակ դռների հետևում դրվում են նախապայմաններ ու պահանջներ, որոնք այդքան էլ չեն գոհացնում ադրբեջանական կողմին, ու վերջինս շահագրգռված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանման հարցում։ Ռուսական կողմն էլ իր հերթին փորձում է հետ չմնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում իր ներառված լինելուց՝ ինչի ապացույցն էր երեկ Մոսկվայում կայացած սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են երկրների փոխվարչապետները»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ Շուշի այցելելու՝ Ադրբեջանի իշխանությունների հրավերը մերժելուն, Մովսես Հարությունյանն ասաց, որ այս քայլը ինչ կարող է տալ մեզ տալ և տեսնում եք արդյոք հնարավորություն, որ դա Արևմուտքի կողմից՝ Շուշին օկուպացված ճանաչելու մասին ոչ պաշտոնական ուղերձ էր՝ ինչը ճիշտ ու հետևողական աշխատանքի դեպքում կարող ենք օգտագործել հօգուտ մեզ։ Ինչ վերաբերում է համանախագահող երկրների միջև առկա լարվածությանը, ապա քաղաքագետը միանշանակ համարեց, որ այն չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության արդյունավետության վրա։ «Բայց չնայած դրան՝ տեսնում ենք, որ թեկուզ առանձին, սակայն համանախագահ երկրներից յուրաքանչյուրն իր հերթին փորձում է հանդես գալ Հայաստանին ու Ադրբեջանին տարբեր հարցերով բանակացային սեղանի մոտ բերելու նախաձեռնությամբ»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ կարևոր է արձանագրել, որ խաղաղության դարաշրջան կոչվածը կարճաժամկետ խնդիր չէ։ «Այն ունի կոնկրետ հեռահար ռազմավարական նպատակ ու դեռևս վաղ է գուժել դրա տապալման մասին՝ թեկուզև ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է այն տապալելու համար։ Հայկական կողմը պետք է հետևողական ու հաստատուն կերպով գործի իր հռչակած նպատակին հասնելու համար՝ կիրառելով միջազգային բոլոր հնարավոր լծակներն ու մեխանիզմները»,-ասաց նա:
![]()