![]()
Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ:
Ծրագրի ընթացքին աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մինչ հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվել է շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ այս նախագծի առաջին փուլով տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվեց 8 հա տարածք:
«Բավականին երկար ժամանակ աղտոտված էր Երևանյան լիճը: Ճիշտ է՝ խնդիրն ամբողջովին չենք լուծել, բայց 2022թ. ծավալուն աշխատանք իրականացվեց, և 8 հա-ից ավելի եղեգ այստեղից հանվեց: Գալիք տարի ևս նախատեսում ենք եղեգները չորացնել և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: Կարծում եմ, եթե այս տեմպերով շարժվենք և յուրաքանչյուր տարի բյուջեով միջոցներ նախատեսենք, մի քանի տարի հետո կունենանք շատ լավ միջավայր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետը:
«Երևանը վերջերս դարձել է բավականին փոշոտ, և Երևանյան լիճը բնակլիմայական շատ մեծ խնդիր է լուծելու: Հետզհետե նկատելու ենք, որ լիճը դարձել է մաքուր, ինչը միկրոկլիմայի մեծ խնդիր է լուծելու»,- նկատել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Բարեկարգ հանգստի գոտու կվերածվի լճի ափամերձ տարածքի 2.8 հա-ը, որից 2.1 հա-ը կլինի կանաչ գոտի, կանցկացվի 1100 գծամետր ոռոգման ցանց:
![]()