«Իրենց ասած «թեժ աշունը» չի լինելու»․ քաղաքագետ

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սեպտեմբերից ընդդիմությունը «կրկին փորձիր» տարբերակով է առաջնորդվելու: Նրա համոզմամբ՝ ապրիլի չիրականացածը ցանկանում են կրկնել:

Վերջինս նաև վստահ է՝ այն փաստը, որ Արթուր Վանեցյանն առանձնացել է շարժումից և այլևս չի լինելու «Դիմադրության» կենտրոնում, էական ոչ մի փոփոխության չի բերելու: «Նրանց ներքին խմորումները ոչ մի կերպ չեն անդրադառնալու հետագա զարգացումների վրա: Ինչպես ասում են, նշանակություն չունի՝ «Հասանը քաչալ է, թե քաչալն է հասան»»,- ասում է Մեհրաբյանը:

Դիտարկմանը, որ, փողոցային պայքար սկսելով, միգուցե ընդդիմադիրները կրկին չվերադառնան ԱԺ, մանավանդ որ անթույլատրելի բացակաների շեմը գերազանցելուց հետո ԱԺ խորհուրդն այդպես էլ գործընթաց չսկսեց, քաղաքագետը նկատում է՝ այդպես էլ չհասկացավ, թե ինչու աղմուկ բարձրացրին, որ սկսում են գործընթաց, սակայն ոչինչ չարեցին:

«Եթե օրենքը դա է պահանջում, պետք է անեին: Երբ մարդը աշխատում է ինչ-որ հաստատությունում ու բացակայում է անհարկի, նրան ազատում են: Նույնն էլ ընդդիմադիրների դեպքում պետք է լիներ: Քաղաքական սեզոնը կբացվի, կհասկանանք»,- նշում է նա:

Անդրադառնալով քաղաքական նոր դեմքերին, որոնք փողոցային գործողություններ են սկսել, Մեհրաբյանն ասում է՝ բոլորը եղած-չեղած մեկ հաշիվն են. «Կապ չունի՝ այդ նոր հայտնված ուժերը հների՞ հետ են, թե՞ ոչ, քանի որ ոչ մի կերպ երկրի ներքին քաղաքականության վրա չեն կարողանալու ազդել»:

Արտախորհրդարանական ուժերի մասին խոսելիս էլ Մեհրաբյանը նկատում է՝ նրանք պասիվ են այս ընթացքում, սակայն շատ ուժեր կան, որոնք նույն գաղափարներն ունեն. պետք է համախմբվեն այդ գաղափարի շուրջ: «Արտախորհրդարանական ուժերից հանրությունը մեծ ակնկալիքներ ունի, սակայն այդ ուժերը ժողովրդի ակնկալիքները ոչ պատշաճ ձևով են ներկայացնում»,- ասում է նա և հավելում՝ ուժերի պասիվությունը ամենայն հավանականությամբ կապված է նրանց փոքր լինելու հետ:

Նրա համոզմամբ՝ արտախորհրդարանական ուժերի մեջ կան բազմաթիվ եռանդուն, մոտիվացված և պատրաստված ուժեր, որոնք մեր պետության կարողությունների մեծ մասն են. «Եվ շատ վատ է, որ այդ ներուժը փոշիացված վիճակում է»:

Հարցադրմանը՝ միգուցե ակտիվ չլինելու պատճառն այն է, որ շատերը հոգնել են քաղաքական դաշտի միապաղաղ վիճակից, Մեհրաբյանն ասում է՝ միգուցե՝ միևնույն ժամանակ նկատելով՝ կա նաև այն փաստը, որ նրանց մի մասից էլ ժողովուրդն է հոգնել. «Նաև ժամանակի հարցը կա, միգուցե առաջիկայում կրկին ակտիվանան: Որոշներից էլ սպասելիքներ չունի հասարակությունը: Ամեն ուժի մասով տարբեր դեպքեր են, մի կարծիք չի կարող լինել»:

Սպասվելիք «թեժ աշնանն» էլ անդրադառնալիս քաղաքագետը նկատում է՝ ակտիվություն կլինի, բայց ոչ այնքան, որ մեծ փոփոխություններ լինեն երկրի ներքին քաղաքական կյանքում:

«Խոսակցությունները կշատանան, Կառավարությունն ու ԱԺ-ն կգան արձակուրդից, նոր օրենքներ ու նախագծեր կմշակվեն և կշրջանառվեն, ներքին քաղաքական կյանքը կզարթնի ու ավելի ակտիվ կդառնա, այս ամենին էլ կարձագանքեն տարբեր ուժեր, բայց տեկտոնիկ փոփոխություններ հազիվ թե Հայաստանում տեղի ունենան: Հիմքեր չեմ տեսնում ակտիվության: Իրենց ասած «թեժ աշունը» չի լինելու»,- եզրափակում է զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ