![]()
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երեկ ներկայացրել էր Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի նոր երթուղիներն ու նոր սակագները։ Հրապարակումից պարզ է դառնում, որ բոլոր երթուղիների գները նշանակալի բարձրացել են։ Հաշվի առնելով ամիսներ առաջ Աբովյան-Երևան և այլ համայնքների ուղեվարձերի 50-100 տոկոս թանկացումները՝ ինչ-որ չափով սպասելի էր, սակայն բնակիչները անհանգստացած և զայրացած ցանկանում են պարզաբանումներ ստանալ, թե ինչ սկզբունքներով են որոշվել այդ սակագները, արդյոք տվյալ երթուղու մեջ ներառված բոլո՞ր համայնքներն են ստիպած լինելու ամբողջական երթուղու համար սահմանված ուղեվարձը վճարել՝ այն դեպքում, երբ նրանք ավելի մոտ են Երևանին կամ այլ համայնքի։
«Օրենսդրության համաձայն՝ ամբողջական երթուղու համար սահմանված գումարը կարող է փոփոխվել միջանկյալ համայնքների միջանկյալ կանգառների դեպքում, և կարող են ունենալ ավելի ցածր սակագներ, սակայն կոնկրետ այս դեպքում թե ինչպես կգործի, տեղեկատվություն չունեմ, այնուամենայնիվ, դա կախված է «Մուլտի տրանսպորտ» կազմակերպության հայեցողությունից»,- մեզ հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը՝ ի պատասխան հարցի, թե Կոտայքի մարզի նոր երթուղային ցանցի սակագները ինչպե՞ս են գործելու միջանկյալ համայնքների բնակչության համար։
Նա պարզաբանեց, որ եթե, օրինակ, Գողթ-Աբովյան երթուղու համար սահմանված է 500 դրամ, ապա դեռևս իրենց համար պարզ չէ, թե Գառնի խոշորացված համայնքի՝ Երևանին, Աբովյանին ավելի մոտ այլ բնակավայրերից՝ Գեղարդից, Հացավանից, Գառնիից դեպի Երևան կամ Աբովյան նույն սակագի՞նն է լինելու, թե՞ ոչ։
Գառնիի երթուղին սպասարկող վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում հաստատեց, որ Գառնի-Երևան երթուղու սպասարկման գինը նույնպես արժենալու է 500 դրամ։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր ունեցավ Աբովյան քաղաքի բնակիչների՝ միջքաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ամիսներ տևած բողոքը, արդյոք վերանայման հնարավորություն կա՞։ Նրանք նույնիսկ ստորագրահավաք էին կազմակերպել, դիմել էին ՄԻՊ գրասենյակ, սոցիալական ցանցերով ակցիաներ էին իրականացրել։ Ռուզաննա Այվազյանը պատասխանեց, որ սակագները չեն փոփոխվի, որովհետև նախարարությունն իրավասություն չունի սակագները վերանայելու։ Այս դեպքում ևս դա կախված է կազմակերպության որոշումից։ «Բողոքները հաշվի առնվում են, սակայն խնդիրը դա չէ. գոյություն ունի Կառավարության կողմից հաստատված մրցութային կարգ, որի պահանջների համաձայն՝ մրցույթի մասնակից փոխադրող կազմակերպությունը փակ փաթեթով է ներկայացնում սակագները՝ ըստ երթուղիների, նախարարությունը միայն հաստատում է հաղթող կազմակերպության սակագներն ըստ երթուղիների»։
Իսկ կոնկրետ Կոտայքի մարզի դեպքում, ըստ պաշտոնյայի, նախարարությունը հաստատել է «Մուլտի տրանսպորտ» կազմակեպության առաջարկած պայմանները, փոխադրավարձերը, քանի որ մրցույթին չի մասնակցել այլ մրցակից, այն միակն է եղել։
Այվազյանը փոխանցեց, որ կիսում, հասկանում է բնակիչների անհանգստությունը, որ փոխադրավարձերը զգալի բարձրացել են և սոցիալական հավելյալ բեռ են, սակայն հարցին պետք է նայել այլ տեսանկյունից. «Պետք է հաշվի առնել, որ կազմակերպությունը գործարկելու է նոր մեքենաներ, և այս պայմանագրով նախատեսված տասը տարվա ընթացքում սակագները չեն կարող փոփոխել։ Այս բարեփոխումների նպատակը բոլոր համայնքները լավ տրանսպորտով ապահովելն է, ուստի եթե բնակչությունը ցանկանում է նոր, անվտանգ, ապահով, որակյալ տրանսպորտից օգտվել, ըմբռնումով կմոտենա սակագների մի փոքր բարձրացմանը»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Մուլտի տրանսպորտ»-ը, մայիսի 2-ից 50 տոկոսով թանկացրել է Աբովյան-Երևան թիվ 261 և թիվ 259 ավտոբուսների ուղեվարձերը՝ մեկ ուղևորի համար 200 դրամից դարձնելով 300 դրամ։
Հիշեցնենք նաև Նոր Հաճն-Երևան երթուղու հետ կապված Փաստերի ստուգման հարթակի արձանագրած խախտումները, ըստ որոնց՝ մրցույթի արդյունքները հաստատող արձանագրությամբ Նոր Հաճն խոշորացված համայնքից դեպի Երևան ուղևորափոխադրումը պետք է արժենար 300 դրամ՝ նախկին 250-ի փոխարեն, սակայն այս գինը գործում է միայն Նոր Հաճն խոշորացված համայնքի կենտրոն Նոր Հաճն բնակավայրի դեպքում, մինչդեռ ուղևորափոխադրող ընկերությունը Արգել-Երևան երթուղու ուղեվարձը սահմանել է 500 դրամ, Նոր Գեղի-Երևան ուղեվարձը՝ 400 դրամ:
Անդրադառնալով այս հարցին՝ աշխատակիցը նշեց, որ այս դեպքում ևս պայմանագրային խախտման մասին չենք կարող խոսել։ «Նախարարի հրամանով սակագինը սահմանված է 300 դրամ, բայց քանի որ երթուղին երկարացվել է՝ ավելացել է Նոր Գեղին, հետևաբար և նոր սակագին է սահմանվել»,- ասաց նա։
Մենք թեև կապ հաստատեցինք Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանին պատկանող ընկերության հետ՝ ճշտելու, թե ինչո՞ւ այդպես էլ ընդառաջ չգնացին աբովյանցիների խնդրանքին, և ինչպես են գործելու նոր սակագները, սակայն ընկերությունից խուսափեցին պատասխանել մեր հարցին, իսկ վերջում ասացին, որ մեզ անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար պետք է այցելենք իրենց գրասենյակ։
Նշենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է մրցույթից ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Ընկերության 100% բաժնետերը Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանն է, իսկ տնօրենը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը։ Վերջինս ամիսներ առաջ այս թանկացումները բացատրել է վառելիքի թանկացմամբ. «Այսօրվա և անցած տարվա այս օրվա տարբերությունը մոտ 40 տոկոսի տարբերություն է տվել: Եթե այսօր 30-40 տոկոս էլ թանկանա վառելիքը, ես չեմ կարողանում ուղեվարձ թանկացնեմ, որովհետև պարտավորություն ու համապատասխան պայմանագիր ունեմ ՏԿԵ նախարարության հետ: Այսինքն` բնակչությունը պետք է նաև այս մասը հասկանա` թանկացման այս մասը. դա 10 տարվա համար է»:
![]()