«Հաշմանդամություն ունեցող անձը պետք է լինի իր անձնական օգնականի գործատուն». հաշմանդամները կառավարությունից ակնկալում են երկկողմ պայմանագրի հնարավորություն տալ

Հաշմանդամություն ունեցող անձինք կունենան անձնական օգնական՝ անկախ կյանքով ապրելու համար։ Անձնական օգնականը կօգնի հաշմանդամություն ունեցող անձանց անձնական հիգիենան ապահովելու, դեղամիջոցներ ընդունելու, կենցաղային աշխատանքներ և այլ գործողություններ կատարելու հարցում։

«Սկզբի համար 2000 հաշմանդամություն ունեցող անձ ենք նախատեսել օգտվելու համար անձնական օգնականի ծառայությունից»,- Civic.am-հետ զրույցում ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը։

Ծրագրից օգտվելու համար հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ունենան հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում։ Բացի դրանից, հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքը պետք է հաշվառված լինի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունենա 10-ից բարձր անապահովության միավոր։

Քրիստինա Հովհաննիսյանի խոսքով՝ հաշմանդամության ֆունկցիոնալության գնահատման համակարգը կներդրվի 2023թ. փետրվարի 1-ից։
Ծառայությունները կտրամադրվեն 2024թ. հունվարի 1-ից։ Իսկ Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման հարցում նախապատրաստական աշխատանքներ են տարվում և հաջորդ տարվա երկրորդ կեսից արդեն իսկ կգործեն։ Անձնական օգնականի տրամադրման պիլոտային ծրագիրը, սակայն, կմեկնարկի 2023թ. հունվարից։

Անձնական օգնականները վերապատրաստվելու են նոր ստեղծվելիք Անկախ կյանքի կենտրոններում և ստանալու են սերտիֆիկատներ։ Պայմանագիրը կնքվելու է եռակողմ՝ հաշմանդամություն ունեցող անձի, Անկախ կյանքի կենտրոնի և անձնական օգնականի միջև։ Անձնական օգնականը վճարվելու է 1050 դրամ մեկ ժամվա համար պետության կողմից։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը նշում է, որ կառավարությունը պետք է հնարավորություն տար, որպեսզի պայմանագիրը կնքվեր նաև երկկողմ՝ անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի միջև։
«Սա անձանց հարաբերություն պետք է լինի, անձնական օգնականը պետք է լինի հաշմանդամություն ունեցող անձի աշխատողը։ Հաշմանդամություն ունեցող անձը պետք է լինի անձնական օգնականի գործատուն»,- նշում է Մուշեղ Հովսեփյանը։

Մուշեղ Հովսեփյանի դիտարկմամբ՝ միայն հաշմանդամություն ունեցող անձի ցանկությամբ կարող է պայմանագիրը կնքվել եռակողմ. «Հայաստանի դեպքում օրենքի մակարդակով այդպես է՝ անձնական օգնականի պայմանագիրը կնքվում է կամ երկկողմ՝ հաշմանդամություն ունեցող անձի և իր օգնականի միջև, կամ եռակողմ՝ հաշմանդամություն ունեցող անձ, օգնական և որևէ այլ կազմակերպություն, որը պատրաստ է դյուրացնել այդ գործընթացը։ Սակայն կառավարությունը որոշել է միայն եռակողմ պայմանագրի տարբերակը թողնել»,- ասում է նա։

«Անձնական օգնականը կհանդիսանա աշխատակից նոր ստեղծվելիք Անկախ կյանքի կենտրոնների, և գործատուն՝ մի կողմից և պատվիրատուն՝ ի դեմս հաշմանդամություն ունեցող անձի, և իհարկե անձնական օգնականը կստացվի եռակողմ պայմանագիր։ Այդ մարդը, որը պետությունից պետք է վճար ստանա, մենք պատկերացնում ենք, որ ինքը գրանցված աշխատող պետք է լինի, և որպեսզի ինքը լինի գրանցված աշխատող և ստանա պետական բյուջեից աշխատավարձ, ինքը ինչ-որ կառույցում պետք է գրանցվի, և մեր պատկերացմամբ՝ այդ կառույցը Անկախ կյանքի կենտրոնն է»,- ասում է Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը։

Քրիստինա Հովհաննիսյանն ընդգծում է, որ պետությունը պետք է կարողանա վերահսկել պետական բյուջեից դուրս եկող գումարը: «Հաշմանդամություն ունեցող անձն ակտիվ ներգրավված է լինելու պայմանագրի կնքման գործում՝ ներկայացնելու է, թե ինքն ինչ ծառայությունների կարիք է ունենալու, և ինչ ձևով պետք է բավարարվեն այդ ծառայությունները»,- ասում է նա ու հավելում, որ բաց են քննարկումների համար։

Լինելու է անձնական օգնականների ցանկ, և հաշմանդամություն ունեցող անձը կարող է ընտրել այդ ցանկից, իսկ եթե արդեն իսկ կա նախընտրած անձնավորություն, ապա կարող է տվյալ անձն անցնել նախապատրաստություն և դառնալ անձնական օգնական։

Հաշմանդամություն ունեցող անձը կարող է հրաժարվել 5 անձնական օգնականից և ընտրել 6-րդին. եթե հաշմանդամություն ունեցող անձը ունի 10 ժամից ավելի խնամքի կարիք, ապա կարող է իր ընտանիքի անդամը լինել անձնական օգնական, որը, սակայն, կվճարվի 8 ժամի համար։ Հաշմանդամություն ունեցող անձը կարող է հրաժարվել նաև ընտանիքի անդամի ծառայությունից և ընտրել իր համար անձնական օգնական, որը, սակայն, կաշխատի 8 ժամ։

Մուշեղ Հովսեփյանը ընդգծում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում նշված է, որ անձնական օգնականի ծառայությունը չի կարող կիսվել այլ անձանց հետ, որովհետև կիսվելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձը ստիպված կլինի իր օրակարգը հարմարեցնել այլ հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Սակայն Քրիստինա Հովհաննիսյանը վստահեցնում է՝ անհրաժեշտություն չի լինելու, որ մի անձնական օգնականը մի տեղից վազի մյուս տեղը։

«Այն մարդը, ով ունի օրական 8 ժամ ծառայություն ստանալու կարիք, և այն մարդը, ով ունի շաբաթվա մեջ մի քանի ժամ ծառայություն ստանալու կարիք, չի կարող սպասարկվել նույն անձի կողմից։ Անձը կարող է լինել մի քանի հոգու անձնական օգնական, ովքեր շաբաթվա մեջ ունեն մի քանի ծառայության կարիք սահմանափակ ժամկետով»,- մեկնաբանում է Քրիստինա Հովհաննիսյանը։

Մուշեղ Հովսեփյանը հիշատակում է՝ Հայաստանում ապրում է շուրջ 200 000 հաշմանդամություն ունեցող անձ, բայց ոչ բոլորն ունեն անձնական օգնության կարիք։ Նախարարությունը կարող է զարգացնել սոցիալական օգնականի ծառայությունը, որը ծառայություն է մատուցում միաժամանակ մի քանի անձի։ «Հայաստանում գործող տնային խնամքի ծառայությունների բարելավման դեպքում դրանք կարող են ներկայացվել որպես սոցիալական օգնության ծառայություն»,- ասում է նա։

«Սոցիալական օգնականը մի ծառայություն է, որը մատուցվում է հաշմանդամություն ունեցող անձին այն դեպքում, երբ անձն ունի որոշակի աջակցության կարիք՝ սահմանափակ ժամաքանակով։ Օրինակ՝ անձն ունի կարիք առավոտյան հագնվելու, լոգանք ընդունելու և տանից դուրս գալու։ Այս դեպքում երկրները չեն նախատեսում անձնական օգնական, այլ նախատեսում են սոցիալական օգնական»,- նշում է Մուշեղ Հովսեփյանը։

Մուշեղ Հովսեփյանի բարձրացրած խնդիրներից մեկն էլ այն է, որ անձնական օգնականի ծառայությունը կապվել է հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հետ։ Նա այստեղ կոռուպցիոն ռիսկ է տեսնում, նշում է՝ հաշմանդամություն ունեցող անձինք կնախընտրեն ընդգրկվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունենալ բարձր բալեր։ Սակայն Քրիստինա Հովհաննիսյանի խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերը կառավարելի են։

«Մեր նպաստ համակարգն էլ բավականին փոփոխությունների գործընթացի մեջ է, և գործընկերները այդ համակարգի բարեփոխման վրա են աշխատում, և ցանկացած մեկը, ով դիմում է այդ համակարգում գրանցվելու համար, մանրակրկիտ գնահատում է անցնում, դրա արդյունքում նոր որոշվում է բալը»,- ասում է Քրիստինա Հովհաննիսյանը։

Կառավարությունը որոշում է կայացրել նաև հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց 2023թ․-ի հունվարի 1-ից դիմել գործատուներին և ուսումնական հաստատությունների ղեկավարներին խելամիտ հարմարեցումների համար՝ աշխատանքի ժամանակացույցի վերանայում, ընդմիջման ժամերի վերանայում, դռան բռնակի փոխարինում հարմարեցված դռան բռնակով, ուղեկցողների, ժեստերի լեզվի թարգմանչի տրամադրում և այլն։

Մուշեղ Հովսեփյանը նշում է՝ անձը կարող է գործատուից պահանջել խելամիտ հարմարեցում, որը չի գերազանցում տվյալ կառույցի ընդհանուր ծախսերի 5 տոկոսը, և կառավարության որոշմամբ հստակեցված չէ, թե որոնք են խելամիտ հարմարեցումները։ «Աշխատողն ու գործատուն, այդ թվում՝ ուսումնական հաստատություն ընդունվողը, պետք է պայմանագրով որոշեն, թե որն է խելամիտ հարմարեցումը։

Այս դեպքում կարող է արդեն որոշ գործեր գնան դատարան»,- ասում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգողը։

«Նույն իրավիճակում գտնվող հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ունենալ իրարից տարբերվող կարիքներ, դրա համար խելամիտ հարմարեցումների ցանկ չենք կարող հաստատել, որովհետև կստացվի, որ դրանից դուրս գտնվող հարմարեցման կարիքը չի մտնի այդ ցանկի մեջ»,- եզրափակում է Քրիստինա Հովհաննիսյանը։

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ