![]()
Նախօրեին «Ֆեյսբուք»-ում ծավալված ակտիվ քննարկման ու քննադատության պատճառով «InDrive Music Fest»-ի կազմակերպիչները ստիպված են եղել չեղարկել երգիչներ Անդրոյի եւ Լիմբայի հետ համագործակցությունը:
Միջոցառումը, որի շրջանակներում նաեւ պիտի երգեին այս երգիչները, տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Բանն այն է, որ մի քանի օր էր՝ համացանցում ակտիվ քննարկվում էր, որ հոկտեմբերի 23-ին «InDrive Music Fest»-ի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունենալու Atlantic Records Russia լեյբլի երգիչները, որոնց կազմում կան մի քանի հայատյաց ադրբեջանցի արտիստներ՝ JONY-ը, Hamali-ն եւ Navai-ն եւ Էմին Ագալարովը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով արտիստների ելույթների չեղարկմանը, ասում է՝ հոկտեմբերի 23-ին սպասվելիք միջոցառմանը ի սկզբանե որեւէ ադրբեջանցի երգչի բերելու մտադրություն չի էլ եղել, սակայն կազմակերպիչները զգուշացվել են, որ կոնկրետ երկու երգչի մասնակցությունը (Անդրո, Լիմբա) չեղարկվի:
«Այդ տղաները իրականում ադրբեջանցի չեն, եթե չեմ սխալվում, մեկը գնչու է, մյուսը՝ ղազախ: Նրանց պրոդյուսերը ռուս է, պարզապես երգիչները Ագալարովի եւ Լեյբլի տակ են աշխատում։ Դրա համար էլ ոչ նպատակահարմար ենք համարում այդ խմբի մուտքը Մարզահամերգային համալիր: Ճիշտ է, իրենք ադրբեջանցի չեն, բայց հաշվի առնելով այն, որ գործեր ունեն ադրբեջանցիների հետ համատեղ, այսպես ասած՝ նրանց մշակույթը զարգացնող»,- մանրամասնում է Կարեն Ղազարյանը։
«InDrive Music Fest»-ի կազմակերպիչներից Է. Ա-ի խոսքով էլ, որը չցանկացավ իր ամբողջական անունը նշվի, Անդրոն եւ Լիմբան վաղուց «Atlantic Records Russia»-ի հետ կապ չունեն, ինչը շահարկել են միջոցառումը բոյկոտած անձինք:
«Atlantic»-ն ամերիկյան բրենդավորում ուներ, ռուս-ուկրաինական այս հակամարտությունից հետո լիցենզիան հետ է կանչվել: Փետրվարի 24-ից «Atlantic Records Russia»-ը Ռուսաստանում առհասարակ գոյություն չունի, Անդրոն էլ վաղուց նրանց հետ կապ չունի, իսկ Լիմբան «Սայուզ ռեկորդսի» հետ էր աշխատում: Անդրոյի ընկերները հիմնականում հայեր են, շատ լուրջ տղաներ, որոնք Հայաստանին ու Արցախին շատ օգտակար են եղել: Բայց ինչ-որ մեկը եզրեր է գտել ու կեղծ ինֆորմացիան ուռճացնելով՝ տարածել, մեր հասարակությունն էլ միայն այն, որ ադրբեջանցի բառը կա, առանց ստուգելու, առանց իմանալու սկսեց անխնա տարածել: Դրանից հետո այդ մարդկանց բերելը դառնում էր անիմաստ»,- նկատում է զրուցակիցը:
Նրա խոսքով՝ մարդիկ այսօր համացանցով այնքան են գրել-կարդալով տարվել, որ դրանից զատ՝ ոչինչ չեն տեսնում. «Չեն էլ նայում՝ ինչ են տարածում, մեկը տարածում է, մասսայական սկսում են դրանով կիսվել: Դրա համար էլ որոշեցինք, որ ավելի լավ է՝ հիմա հանենք»:
Թեպետ որոշումը կազմակերպությանը ֆինանսական մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում, սակայն հարկադրված կայացրել են այս որոշումը: «InDrive Music Fest»-ի կազմակերպչի վստահեցմամբ՝ մի քանի հոգու դատի են տալու, սակայն այս պահին անուններ չեն ուզում հրապարակել. «Դատի ենք տալու՝ կեղծ տեղեկատվություն տարածելու եւ մեր բարի համբավն արատավորելու համար»:
Դիտարկմանը, որ վերջին շրջանում մեզ մոտ հաճախ են նման քննարկումներ լինում տարբեր մշակութային միջոցառումների եւ անձանց այցելությունների հետ կապված, կազմակերպիչն ասում է՝ նման երեւույթները կանխատեսելի չեն, բայց վերջին շրջանում Հայաստանում այս ամենը արվում է թիրախավորված եւ կանխամտածված:
«Ուշադրություն շեղելու ալիքներ են հաճախ ստեղծում, մի քանի իրադարձության մասին՝ միաժամանակ քննարկում ծավալում, որը լավ բռնկվեց, սկսում են ամեն տեղ տարածել: Մեր այս թեման էլ մեկ օր տեւեց, բայց մեկ օրվա համար չափից շատ քննարկվեց, հիմնականում՝ կեղծ պրոֆիլներով: Հրապարակումներ էին անում տարբեր ադրբեջանցիների նկարներով, որտեղ իրական երգիչների նկարներն անգամ չկային. չգիտես՝ լացե՞ս, թե՞ ծիծաղես»,- նշում է նա:
Ըստ կազմակերպչի՝ անհասկանալի են նաեւ այն քննադատությունները, որ այդ երգիչները համագործակցել կամ աշխատել են ադրբեջանցիների հետ: «Եթե նույն տրամաբանությամբ նայենք, 15 տարի «Կռոկուսը» գոյություն ուներ, մեր երգիչները գնում, երգում էին, նույն էմին Ագալամովին՝ փող տալիս. չգիտեի՞ն, որ ադրբեջանցի է»,- նկատում է կազմակերպիչը եւ հավելում՝ Հայաստանում լսվող երգերի թոփ 100-յակում «բոլոր ադրբեջանցիներն առաջին տասնյակում են»: Ի դեպ, ադրբեջանցի երգիչ Էլմանն էլ առաջին հորիզոնականներում է մեր երկրում լսվող երգիչների ցանկում:
![]()