«Արևայրուքներով լողափերից վերադարձել են և նոր եռանդով փորձում են դուրս գալ փողոց».Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության պայքարի նոր փուլի մասին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Քաղաքացիական պայմանագիրը ևս մասնակցում է այդ ընտրություններին։ Civic.am-ը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։

Նա տեղեկացրեց, որ ՔՊ-ն մասնակցում է 17 համայնքներում, չեն մասնակցելու Ճամբարակ համայնքի ընտրություններին, չեն առաջադրել թեկնածու, և Ալագյազ համայնքում ընտրությունը կլինի հին՝ մեծամասնական ընտրակարգով, քանի որ փոքր համայնք է, որտեղ ևս ներկայացված են ՔՊ-ի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ։

«Այս ընտրությունները շատ կարևոր են այն առումով, որ մենք շարունակում ենք համայնքների զարգացման մեր քաղաքականությունը, և շատ կարևոր է, որ համայնքներում ունենանք այնպիսի համայնքի ղեկավարներ, որոնք իրապես ներկայացնում են համայնքի բնակիչների շահերը և, սերտորեն համագործակցելով կենտրոնական իշխանությունների հետ, համայնքներում իրականացնում են ծրագրեր, սուբվենցիոն ծրագրեր։ Մի շարք համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկին ՏԻՄ ընտրություններում հաջողություններ է արձանագրել կամ այս պահին ունի ժամանակավոր պաշտոնակատարներ, և մենք տեսնում ենք, որ շոշափելի, զգալի արդյունքներ ենք արձանագրել, որովհետև համագործակցությունը կենտրոնական իշխանությունների հետ ավելի բնական է, սերտ է և ավելի արդյունավետ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով որոշ համայնքներում ՔՊ-ի կողմից նախկին համայնքապետերի առաջադրմանը, ինչը շատերի մոտ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ինքը տեղյակ է, որ այս առումով տարընկալումներ և որոշակի դժգոհություններ կան, բայց պետք է հաշվի առնել, որ համայնքի ընտրությունների թեկնածուները գալիս են հենց համայնքներից։

«Եթե մենք շարժվենք այն տրամաբանությամբ, որ նախկին համայնքապետերն այլևս երբեք չեն կարող լինել համայնքապետեր, ապա մի շարք համայնքներում մենք պարզապես չենք ունենա համայնքապետ։ Բայց պետք է հաշվի առնենք, թե ինչու չպետք է առաջադրվեն մարդիկ։ Եթե կա որևէ իրավական խոչընդոտ կամ քաղաքական խոչընդոտ, ապա բնականաբար այդ առաջադրումները տեղի չեն ունենալու, եթե առաջադրումներն արդեն իսկ եղել են. ՔՊԿ վարչությունը երկար, ամիսներ շարունակ տևող քննարկումների արդյունքում եկել է որոշման և կշռադատված որոշումներ է կայացրել, որի հիմքում համայնքի զարգացումն է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Խոսելով նաև այն մասին, որ սեպտեմբերի 2-ին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ մինչև օգոստոսի 23-ի հանրահավաքը մեկ ամսից ավելի որևէ մեկը Երևանի փողոցներում Արցախը չէր փրկում։

«Երևի ամառային արձակուրդների էին գնացել՝ Արցախը փրկելու իրենց գործից։ Հիմա երևի արդեն արևայրուքներով, հանգստացած, լողափերից վերադարձել են և նոր եռանդով փորձում են դուրս գալ փողոց»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ