2 տարվա դադարից հետո Լիբիայում կրկին սրվել է հակամարտությունը. երկրի ներսում թեժ մարտեր են (լուսանկարներ)

2 տարվա դադարից հետո Լիբիայում կրկին սրվել է հակամարտությունը: Շաբաթ օրը Լիբիայի հակառակորդ քաղաքական խմբավորումները մարտեր էին վարում Տրիպոլիում, լրատվամիջոցների որակմամբ՝ դրանք ամենակատաղին էին վերջին երկու տարվա ընթացքում:

Առնվազն 23 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնել է Ազգային համաձայնության կառավարության (GNA) առողջապահության նախարարությունը։

BBC-ի փոխանցմամբ՝ կռիվներ են ընթանում մի կողմից Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբային հավատարիմ ուժերի և մյուս կողմից՝ խորհրդարանի կողմից ընտրված Լիբիայի վարչապետ Ֆաթհի Բաշագեի ուժերի միջև։

Զոհերի թվում 17 խաղաղ բնակիչ կա, հայտնում է Reuters-ը։ Մահացածների թվում է հայտնի երիտասարդ կատակերգու Մուստաֆա Բարաքան (լուսանկարում):

ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունալի բախումները։

Սա ամենաինտենսիվ կռիվն է վերջին երկու տարվա ընթացքում, քանի որ ամիսներ տևած քաղաքական դիմակայությունը վերածվել է դեմ առ դեմ կռվի քաղաքի ներսում, և այժմ բախումները կարող են կրկին վերաճել ավելի լայն կոնֆլիկտի, մեկնաբանում է Reuters-ը:

Լիբիան քաոսի մեջ է դեռ սկսած ապստամբությունից հետո, որը հանգեցրեց Մուամար Քադաֆիի պաշտոնանկությանը 2011 թվականին, ՆԱՏՕ-ի երկրների աջակցությամբ։

Վերջին երկու տարիներին երկրում համեմատաբար հանգիստ շրջան էր:

Ակտիվացած հակամարտություն

Շաբաթ օրը միջազգայնորեն ճանաչված կառավարության զինված ուժերը փորձել են հետ մղել Լիբիայի խորհրդարանի կողմից վարչապետ նշանակված Բաշագային հավատարիմ զինյալների շարասյունը:

Տեղեկություններ են ստացվել մայրաքաղաքի մի քանի թաղամասերում կրակոցների և պայթյունների մասին։ Քաղաքից ամենուր տեսանելի են եղել ծխի սև սյուներ։

Ռազմական գործողությունների շրջաններից մարդիկ տարհանվել են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հարվածներ են հասցվել մի քանի հիվանդանոցների:

Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ արձանագրել է բնակելի թաղամասերի անկանոն գնդակոծություն և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:

Թուրքիան, որը ակնհայտ կամ ոչ ցայտուն կերպով ներկա է աշխարհի մի շարք հակամարտությունների առանցքում, ռազմական ներկայություն ունի Տրիպոլիում և օգնել է Ազգային համաձայնության կառաարությանը հետ մղել արևելյան հարձակումը 2020 թվականին, այժմ նույնպես կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել:

2 վարչապետ

Հարաբերական խաղաղության երկու տարին ուղեկցվել են քաղաքական գործընթացով, որը պետք է հանգեցներ ընտրությունների, բայց, ի վերջո, ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել:

Իսկ Դբեյբայի ազգային միասնության կառավարությունն ի վերջո բախվել է Բաշագիի գլխավորած հակառակորդ վարչակազմի հետ, որն աջակցություն էր ստանում արևելյան Լիբիայի խորհրդարանի կողմից:

Շաբաթ օրը Բաշագայի հետ կապված ուժերը փորձել են գրավել Տրիպոլին մի քանի կողմերից, սակայն հիմնական ուժերը ետ են դարձել դեպի արևելք՝ դեպի Միսրատա՝ նախքան մայրաքաղաք հասնելը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Նրանք երեք կողմից մոտեցել են Տրիպոլիին։ Տեղի բնակիչները հայտնել են մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում ինտենսիվ բախումների մասին: Մայրաքաղաքից հարավում ականատեսները պատմել են, որ դաժան հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվել է քաղաքի ենթադրյալ գրոհի տեսանյութը:

Ավելի քան 300 մեքենաներից բաղկացած հիմնական շարասյունը հյուսիս-արևելքից ծովի ափով շարժվել է դեպի Տրիպոլի, հայտնում է Reuters-ը։

Ականատեսների վկայությամբ՝ Բաշագան վերադարձել է Միսուրատայի իր բազան:

 

2 տարվա լռություն

2020 թվականին Լիբիայի ազգային բանակի հրամանատար նշանակված Խալիֆա Հաֆթարի՝ արևելքից Տրիպոլիի վրա հարձակումը ձախողվեց։ Հրադադար հայտարարվեց և սկսվեց ՄԱԿ-ի աջակցությամբ խաղաղ գործընթացը:

Զինադադարի պայմաններով Դբեյբայի կառավարությունը պետք է կառավարեր ամբողջ Լիբիան և ապահովեր համապետական ընտրությունների անցկացումը, որոնք նախատեսված էին անցած տարվա դեկտեմբերին։ Երկրի քաղաքական ուժերը, սակայն, հրաժարվել են ընտրություններից՝ անլուծելի հակասությունների պատճառով։

Խորհրդարանը հայտարարել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է և Բաշագային է նշանակել նրա փոխարեն։ Դբեյբան կարծում է, որ խորհրդարանն իրավունք չուներ իրեն հեռացնել, նա հայտարարել է, որ հրաժարական կտա միայն ընտրություններից հետո։

Բաշագան դեռ մայիսին փորձել էր մտնել Տրիպոլի, ինչը հանգեցրել էր փոխհրաձգության և նրա հեռանալուն քաղաքից։

Ֆելդմարշալ Հաֆթարը սերտորեն կապված է արևելյան խորհրդարանի հետ և 2019-2020 թվականների իր հարձակումից հետո Տրիպոլիի որոշ խմբեր կտրականապես դեմ են ցանկացած կոալիցիայի, որում նա դեր է խաղում, մեկնաբանում է Reuters-ը:

Ազգային համաձայնության կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Տրիպոլիում վերջին բախումները հրահրվել են Բաշագայի հետ կապված զինյալների կողմից։

Կառավարությունը Բաշագային մեղադրել է ճգնաժամը կարգավորելու համար բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ։ Իր հերթին Բաշագիի վարչակազմը հայտարարության մեջ նշել է, որ նա երբեք չի հրաժարվել բանակցություններից՝ ի տարբերություն իր մրցակցի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ