«Ես էլ ասում եմ՝ ընդդիմության թազա առաջնորդի ախռանիկի դեմքը որտեղից է ծանոթ». Վարդան Հարությունյան

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Ես էլ ասում եմ՝ էն ընդդիմության թազա առաջնորդի ախռանիկի դեմքը որտեղից ա ծանոթ…»:

Օրերս Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և նոր իշխանություն ձևավորելու կոչ-պնդմամբ էր հանդես եկել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը՝ վստահեցնելով, որ օգոստոսի 23-ին՝ ժամը 20։00-21։00-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանն այլևս հեռացված է լինելու ՀՀ վարչապետի պաշտոնից։

Ճիշտ է, այս հայտարարությունը հասարակության լայն շերտերի մոտ ծիծաղ ու ժպիտ էր առաջացրել իր անիրատեսական լինելու պատճառով, այնուամենայնիվ, գտնվեցին մարդիկ, որոնք իրականում հավատացին կամ առնվազն փորձեցին հավատալ, որ միգուցե Ղազարյանն ունի մշակած հստակ սցենար և որոշեցին մասնակցել դրան։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանի հեքիաթային պնդումներին ու ստեղծագործական զեղումներին հավատացողների ընդհանուր թիվը կազմեց 2450 մարդ. հենց այսքան մարդ մասնակցեց նրա՝ օգոստոսի 23-ին կազմակերպած հանրահավաքին՝ ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ի՝ աերոնկարահանման միջոցով իրականացված հաշվարկի։

Թե ինչ խոսեց (եթե կարելի էր դա խոսք կամ տեքստ կոչել) ու արեց Ղազարյանը, հայտնի է բոլորին. երեկվանից ողջ սոցիալական ցանցերը ողողված են հումորային գրառումներով ու տեսանյութերով։ Այստեղ կարևորն արձանագրվում է, որ Ղազարյանի սակավամարդ ու թատերական ներկայացում հիշեցնող հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր ընդդիմության քաղաքական սնանկությունը, անլրջությունն ու պոպուլիստական էությունը։

Վայոց ձորի նախկին մարզպետը կարող է բնավ չնեղվել հանրային հումորային արձագանքներից, քանզի հենց ինքն է դրանք վաստակել՝ իր ակտիվ «ջանքերով». ինչպե՞ս կարող է նախկինում նման լուրջ պաշտոններ զբաղեցրած անձը հստակորեն օրով-ժամով հայտնել, թե տեղի է ունենալու իշխանափոխություն, իսկ դրա ձախողումից հետո հայտնել օրվա փոփոխության մասին՝ նշելով, թե ՀՀ-ն օգոստոսի 31-ին պետք է նոր վարչապետ ունենա:

Իհարկե, հասկանում ենք, որ պարոն Ղազարյանը չի ուզում ընդունել սեփական պարտությունը, ուստի լավ առաջարկ ունենք. նա կարող է ամեն հաջորդ հանրահավաքից հետո հայտնել նոր հանրահավաքային օրվա մասին՝ հերթական անգամ երաշխավորելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը, իսկ դրա ձախողումից հետո, օրինակ, կարող է ասել, որ ինքը ի նկատի է ունեցել ոչ թե 2022 թվականի օգոստոսի 23-ը, այլ 2026-ի կամ էլ 2033 թվականի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ