«ԱԻՆ-ի և կամավորների աշխատանքի արագությունից կամ այլ գործոններից կախված չի եղել մահացողների թիվը».ՈՄԱ-ի անդամ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի օրերին որոնողափրկարարական աշխատանքներում իրենց պրոֆեսիոնալ աշխատելաոճով աչքի ընկան ոչ միայն ԱԻՆ աշխատակիցները, այլև նաև «Կամիր խաչի» և ՈՄԱ-ի կամավորները, որոնց օժանդակությունը և՛ գերատեսչությունը, և՛ հասարակությունը բարձր գնահատեց:

Պայթյունի վայրում արված աշխատանքների, խոչընդոտների, ԱԻՆ-ի հետ համագործակցության մասին «Հայկական ժամանակը» զրուցել է ՈՄԱ-ի («Ողջ մնալու արվեստը») անդամ Արշակ Վարդանովի հետ, որը կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի որդին է:

Վերջինս մեզ հետ զրույցում նկատում է՝ աշխատել են 3 օր, խմբերով, համախմբված: Արշակը համոզված է՝ դա է պատճառը, որ արդյունավետ են գործել:

«Առաջին օրը, երբ նոր էինք գնացել դեպքի վայր, 15 հոգանոց խմբով էինք: Ըստ կանխատեսումների՝ ուշ ժամերի ավելի քիչ մարդ էր մասնակցելու աշխատանքներին, այդ պատճառով գիշերը արդեն 60 կամավոր էինք: Մենք աշխատում էինք միասին, մեր խմբով: Դա հեշտացնում է աշխատանքը, բնականաբար, դարձնելով ավելի արդյունավետ»,- պատմում է նա:

Արշակի խոսքով՝ խոչընդոտներ միայն առաջին օրն են եղել, քանի որ աշխատանքն այնքան էլ լավ կազմակերպված չի եղել: Ըստ նրա՝ առաջին օրը շատ քաղաքացիներ են եղել, ինչը երբեմն խանգարել է տարվող աշխատանքներին:

«Կային շատ քաղաքացիներ, որոնք եկել էին որպես կամավոր, սակայն պատշաճ հագուստ չէին կրում՝ հողաթափերով էին և առանց ձեռնոց ու դիմակ, ինչը վտանգավոր է նման դեպքերում: Փլատակներում ինչ ասես՝ կար, երրորդ օրն էր՝ հրդեհը դեռ չէր մարում, քարերն ահավոր տաք էին: Հողաթափերով, բնականաբար, վնասվելու ես, այրվելու են ոտքերդ: Սա գիտակցելով՝ պետք է պատրաստված գալ, որ դու էլ քո հերթին փորձանքի չգաս»,- ասում է նա:

Արշակը համամիտ չէ այն պնդումների հետ, թե ԱԻՆ-ը պետք է անվտանգությունն ապահովող պարագաներ բաժաներ կամավորներին. «ԱԻՆ-ը ի՞նչ սկզբունքով պետք է մարդկանց կոշիկներ կամ ձեռնոցներ բաժաներ: Մարդ կար՝ մեկ ժամ գործ էր անում ու գնում, ոմանք էլ՝ մի քանի ժամ: ԱԻՆ-ը ո՞ր մեկին հանդերձանք տար, ո՞ր մեկին՝ ոչ»:

Վերջինս նաև շեշտում է՝ թյուր է այն կարծիքը, թե ԱԻՆ-ը լավ չի աշխատել կամ պետք է ուղղաթիռ օգտագործեր:

«Կարծում եմ՝ այդ օրերին ԱԻՆ-ը բավականին արդյունավետ է աշխատել: Այո, կամավորների կարիք առաջացել էր, բայց պատճառներից մեկն էլ դեպքի անսպասելի լինելն էր: Բացի դրանից՝ ԱԻՆ-ը չէր կարող իր ամբողջ ուժերը, մարզային ստորաբաժանումները կենտրոնացնել «Սուրմալու»-ում». չէ՞որ այլ տարածքներում էլ ամեն պահի կարող էին դեպքեր տեղի ունենալ: Մաքրման աշխատանքները մարդկային ռեսուրսներով են իրականացվել, որովհետև փլատակներում կային մարդիկ, և հույս կար, որ այդ մարդկանց հնարավոր է ողջ դուրս բերել այնտեղից: Ծանր տեխնիկա գործածելուց հետո այնտեղից ողջ մարդ չէինք կարող դուրս բերել»,- նկատում է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ԱԻՆ-ի աշխատանքը համակարգված չէր քաղաքացիների հետ, որովհետև այդպիսի փորձ չէին ունեցել. «Հաջորդ օրերին մարդիկ, որոնք ցանկանում էին օգնել, գրանցվում էին ԱԻՆ-ի շտաբում, հետո գալիս էին ՈՄԱ-ի հավաքատեղի, և մենք նրանց հետ խմբեր էինք կազմում, կարճ հրահանգավորում, նաև ձեռնոցներ ու դիմակներ էինք տրամադրում»:

Վերջինիս դիտարկմամբ՝ ԱԻՆ-ի և կամավորների աշխատանքի արագությունից կամ այլ գործոններից կախված չի եղել մահացողների թիվը: «Հենց առաջին օրը մտածում էի՝ փլատակներից 99 տոկոս հավանականությամբ ողջ մարդ դուրս բերել հնարավոր չէ: Շատ ուժեղ ծուխ էր, շատ պլաստիկ կար, որը տեղում այրվում էր, երրորդ օրը նույնիսկ դեռ հրդեհ կար: Փլատակները, երբ մաքրում էինք, ներքևի քարերը ահավոր տաք էին: Հավանականությունն ինձ համար շատ քիչ էր»,- նշում է նա:

ՈՄԱ-ի անդամի համոզմամբ՝ կամավորների համար դասընթացներ են հարկավոր կազմակերպել, որոնք ՀԿ-ները պետք է անեն, պետությունն էլ իր աջակցությունն ունենա, որպեսզի ավելի մեծ աղետների ժամանակ ավելի լավ պատրաստված լինենք:

«Չեմ կարող ես ասել՝ մեր պետությունը պատրա՞ստ է, թե՞ ոչ ավելի մեծ աղետների, սակայն, իմ կարծիքով, եթե շատ մեծ աղետ լինի, այդքան էլ պատրաստ չենք: Սակայն այնպես չէ, որ բոլոր երկրները ամեն աղետի պատրաստ են լինում: Միշտ էլ կամավորների, հարևան պետությունների կարիքը զգացվում է: Դրա համար պետք է հասարակության հետ կապը պահել, նրանց պատրաստել նմանատիպ դեպքերի, այստեղ դեռ կա աշխատանք կատարելու»,- ընդգծում է Արշակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ