«ԱԹՍ-ների մրցույթին 4 մլն 100 հազար դրամ մրցանակ ենք ստացել ու գումարը ներդրել ենք նոր տեսակի ինքնաթիռներ պատրաստելու գործում». կանցկացվի ԱԹՍ-ների հերթական մրցույթը

««Ցեսնա» տեսակի ինքնաթիռն էր, կատարելու է իրերի հայտնաբերում, այս ինքնաթիռը ես եմ անձամբ գծել՝ գծագրել ու ավտոպիլոտը հավաքել վրեն, ինքն արդեն նորմալ պատրաստ ինքնաթիռ է». oդում երևացող անօդաչու թռչող սարքն է ներկայացնում Գյումրու «Ֆլայ լաբ» լաբորատորիայի աշակերտ Ալեքսան Հովհաննիսյանը։

Տղան արդեն 2 տարի է՝ անօդաչու թռչող սարքեր է պատրաստում, և արդեն երկրորդ տարին է, ինչ մրցույթի է մասնակցում։ Նախորդ տարի «Հավք» անօդաչու թռչող սարքերի մրցույթին իրենց թիմը բոլոր առաջադրանքները հաղթահարել է, և 4 մլն 100 հազար դրամ մրցանակ են ստացել ու գումարը ներդրել նոր տեսակի ինքնաթիռներ պատրաստելու գործում։

«Հավք» անօդաչու թռչող սարքերի մրցույթը արցախյան 44-օրյա պատերազմից հետո է նախաձեռնվել։ Այսօր նախամրցութային փուլն էր, Երևանի «Ազատազէն» հրաձգարանում մրցում էին մերձերևանյան մարզերի և Երևանի թիմերը։

«Կատարեցինք 3 առաջադրանքներ՝ բեռի տեղափոխում, հեղուկ նյութերի սփռում և օբյեկտի հայտնաբերում»,- մրցույթի առաջադրանքներն է ներկայացնում «Ֆլայ լաբ» լաբորատորիայի աշակերտը։

Ալեքսանի կարծիքով՝ իրենց թիմի մոտ ամենահաջողն ստացվել է բեռ տեղափոխելը՝ տարածության մեջ ընդամենը 1 մետր 20 սմ է շեղում տվել անօդաչու թռչող սարքը: «Իրերի հայտնաբերումը կատարվել է «Ցեսնա» տեսակի ինքնաթիռով, հեղուկ նյութի սփռումը կատարվել է դրոնով, բեռի տեղափոխումը նույնպես կատարվել է դրոնով»,- ասում է նա։

«Հավք» անօդաչու թռչող սարքերի մրցույթի կազմակերպումը հովանավորում են մի շարք մասնավոր ընկերություններ, իսկ պետական կառույցներից իրենց ներդրումն ունեն արտակարգ իրավիճակների նախարարությունը, Լոռու մարզպետարանը, հովանավորների շարքում է նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր կազմակերպիչն է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը։ Մրցույթին մասնակցություն են ունենում և դպրոցականները, և սիրողական խմբերը, և պրոֆեսիոնալները։
«Դպրոցական թիմերի համար մենք անում ենք նախամրցութային փուլ մի հատ Երևանում, վաղը կլինի Լեռնապատում՝ հարակից շրջանների համար, և հաջորդ օրը՝ Գորիսում։ Երեք նոմինացիայով է մրցույթը՝ իրերի տարբերակում տարածքում կողմնորոշում, երկրորդը՝ տարբեր իրերի առաքումն է կոնկրետ կոորդինատներով, և ունենք հեղուկի սփռում»,- նշում է «Կարեն Վարդանյան հիմնադրամի» խորհրդի անդամ Արման Պողոսյանը։

Եզրափակիչ մրցույթը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-11-ը։ Եզրափակիչ անցնելու համար պայքարում է 94 թիմ, թիմերի մեծ մասը՝ 60 տոկոսը, դպրոցական երեխաներ են։ Իսկ պրոֆեսիոնալները միանգամից կմասնակցեն եզրափակչին՝ իրական պայմաններում փորձարկելով իրենց պատրաստած պրոֆեսիոնալ անօդաչու թռչող սարքերը։

«Ժյուրիի կազմում լինելու են տեխնոլոգիական ընկերությունների տնօրեններ, հոգաբարձուներից անդամներ ու հովանավորներից անդամներ, որոնք տեխնոլոգիական կրթություն ունեն»,- ներկայացնում է «Կարեն Վարդանյան հիմնադրամի» խորհրդի անդամ Արման Պողոսյանը։

Արման Պողոսյանի խոսքով՝ իրենք, բացի մրցույթից, նաև անօդաչու թռչող սարքեր պատրաստելու դասընթացներ են կազմակերպում, և արդյունքում մրցույթի մասնակիցների թվաքանակը մեծանում է։ Նախորդ տարի մրցույթին 25 թիմ էր դիմել, իսկ այս տարի քառակի ավելի։
«Սովորում եմ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում։ Մեր թիմով որոշել ենք մասնակցել ԱԹՍ-ի մրցույթին, պատրաստել ենք այս դրոնը, ու նախընտրական փուլը բավականին հաջող ստացվեց անցկացնել։ Մեր դրոնն օժտված է ջուր լցնելու ֆունկցիայով, կարողանում է տարբեր գյուղատնտեսական բնագավառներում օգուտ տալ, ջուր լցնել տարբեր տեղերում, ոռոգման աշխատանք կատարել։ Այդ ամեն ինչը կատարվում է հզոր պոմպի, ավտոպիլոտի ու տարբեր սարքավորումների միջոցով»,- պատմում է մրցույթի նախնական փուլի մասնակից 14-ամյա Դավիթ Ծատուրյանը։

«Ես և ընկերս որոշեցինք մասնակցել։ Սա երկրորդ տարին կլինի, որ մենք մեր ուժերով պատրաստում ենք ԱԹՍ ու պատրաստվում մրցույթին։ ԱԹՍ-ն բաղկացած է շարժիչներից, շարժիչների արագությունը կարգավորող մասերից։ Կատարելու է հեղուկ նյութի սփռում, որը կարող է օգտագործվել տարբեր իրավիճակներում՝ թե գյուղատնտեսության մեջ, թե հրդեհներ հանգցնելիս»,- իր դրոնն է ներկայացնում Ներքին Սասնաշեն բնակավայրի բնակիչ, 16-ամյա Հենրիկ Արեյանը։

«Մրցույթում հաղթող են ճանաչվելու այն անօդաչու թռչող սարքերը, որոնք կհամապատասխանեն մի շարք չափորոշիչների, այդ թվում՝ հաշվի է առնվելու, թե առաջադրանքը կատարելիս որքանով են հետևում անվտանգության կանոններին, բուն առաջադրանքն արդյոք կարողանո՞ւմ են լուծել, լուծման յուրօրինակությունն է հաշվի առնվում, ինչպես նաև սարքի արտաքին տեսքը՝ արդյոք իրե՞նք են պատրաստել, թե՞ գնված մասերով են հավաքել»,- ասում է մրցույթի տեխնիկական մասի համակարգող Հարություն Գրիգորյանն ու հավելում. «Մրցույթի հիմնական նպատակն այն է, որ, օրինակ, ԱԻՆ-ում ունենք խնդիրներ և այդ խնդիրները լուծենք, ինչքան հնարավոր է։ Երեք անվանակարգերն էլ որ կան, օրինակ՝ հեղուկ նյութերի սփռման մասին խոսենք, կարող է օգտագործվել հրդեհները մարելու համար, իրերի հայտնաբերումը մարդկանց հայտնաբերում կարող է դառնալ։ Այսինքն՝ իրենց գործը հեշտացնելու համար լուծումներ ենք փնտրում»։
«Հավք» անօդաչու թռչող սարքերի մրցույթի կազմակերպիչներն ակնկալում են, որ բացի արտակարգ իրավիճակների նախարարությունից, իրենց կաջակցեն նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունները։

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ