«Մենք տեսնում ենք՝ ինչ հիստերիա առաջացրեց Բաքվում ԱՄՆ նոր համանախագահի նշանակումը. սա նվեր է հայկական դիվանագիտությանը».Ռուբեն Մեհրաբյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քննարկման հենց սկզբից երկու կողմերն էլ հայտարարեցին, որ քննարկումները լինելու են առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հեռուստատեսային եթերի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի և Ադրբեջանի միջև մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է. «Բաքուն հնչեցրել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել»։

«Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Սակայն Հայաստանում մտահոգված են այս հարցում։ Երևանը պետք է որոշի՝ ուզո՞ւմ են արդյոք իրենք խաղաղություն։ Երկու տարի անց հայկական զորքերը դեռ չեն լքել «Ադրբեջանի տարածքը»»,- ասել է թուրք նախարարը։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Նա նշեց, որ այն, ինչ ասել է Չավուշօղլուն, ասել է Ադրբեջանի ազդեցության տակ գործող թուրքական լրատվամիջոցի բավականին սադրիչ հարցին ի պատասխան՝ մի կողմից, հետևապես, այդ ամենը մեջբերելով, հարցն էլ է պետք մեջբերել, որը բավականին պրոպագանդիստական ոճով էր տրված։

«Բայց ես բոլոր դեպքերում տեսնում եմ, որ գործընթացը շարժվում է Թուրքիայի հետ, այո՛, առանց նախապայմանների, և պետք է հասկանանք հետևյալը, որ Թուրքիան կգնա վճռական քայլերի այն դեպքում, երբ համոզված լինի, որ թեման իր ներքին քաղաքականության մեջ տոքսիկ չի նախընտրական տրամաբանության մեջ։ Չմոռանանք, Թուրքիան գնում է ընտրությունների, և Էրդողանի համար ուղղակի քաղաքական կենաց-մահու հարց է՝ կվերընտրվի՞, թե՞ ոչ, և ավելորդ բեռ իր վրա չի՞ վերցնի: Այդ իմաստով մենք պետք է հասկանանք, որ հիմա ոչ այնքան Թուրքիան ունի ազդեցություն Ադրբեջանի վրա, որքան Ադրբեջանն ունի Թուրքիայի վրա, այդ թվում՝ Թուրքիայի ներքին քաղաքականության վրա»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Խոսելով նաև այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այստեղ շատ կարևոր են նյուանսները, և դա այն է, որ ԱՄՆ-ը այս բոլոր հակամարտությունները Կովկասում, որոնք մոդեռացվում են ռուսական կողմից, սկսում է դիտարկել արդեն տարածաշրջանային տրամաբանության մեջ։

Քաղաքագետի խոսքով՝ Ամերիկան ուրվագծում է իր Կովկասյան ռազմավարությունը և իր բոլոր քայլերը կոնսոլիդացնում մի ռազմավարության շրջանակներում։ Նա նաև նշեց, որ սա ևս շատ կարևոր զարգացում է, որ այս տարածաշրջանով զբաղվելու պարտականությունները դրվում են բարձրաստիճան դիվանագետի վրա, որին օժտում են նաև բավականին բարձր պաշտոնով. դա նշանակում է ուղիղ կապ անձամբ պետքարտուղարի հետ, առանց այն «բորդերի», որոնք Պետդեպարտամենտում կան և զբաղվում են առանձին տարածաշրջաններով։

«Սա իրոք որ տեկտոնիկ տեղաշարժ է ԱՄՆ քաղաքականության մեջ, դրական զարգացում ՀՀ-ի համար, ուղղակիորեն մեր շահերից բխող։ Եվ մենք տեսնում ենք՝ դա ինչ հիստերիա առաջացրեց Բաքվում։ Այսինքն՝ Բաքուն սկսում է Միացյալ Նահանգների վրա, կոպիտ ասած, մուննաթ գալ, որ պետքարտուղարն ինքն իրեն խորհրդական է նշանակում։ Աբսուրդ։ Սա նվեր է հայկական դիվանագիտությանը, և այս նվերից պետք է առավելագույն օգուտը քաղվի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ