«Երեք իրադարձություն՝ մեկ օրում». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում երեկ երեք իրադարձություն է տեղի ունեցել.

1. Հայտարարվել է, որ օգոստոսի 31-ին տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Միշելի միջնորդությամբ, Բրյուսելում: Մինչ այդ Ռուսաստանի ԱԳՆ-ն անոնսավորել էր, որ նման հանդիպում տեղի է ունենալու Մոսկվայում: Ենթադրում եմ, որ հանդիպման վայրի փոփոխությունը որոշակի կապ ունի միջնորդական հարթակների մրցակցության հետ, ինչը Երևանի համար ավելի շատ ռիսկեր է ծնում, քան հնարավորություններ է ստեղծում: Առաջիկա հանդիպման մյուս ռիսկն այն է, որ Բաքուն, ըստ ամենայնի, օրակարգ է բերելու, այսպես կոչված, միջանցքային տրամաբանությունը, ինչին դիմակայելը պաշտոնական Երևանի այս փուլի թերևս ամենակարևոր խնդիրն է:

2. ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահը պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն է։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է ոչ միայն համանախագահի, այլև՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում։
Վաշինգթոնը վերջին համանախագահին նշանակել էր երկու ամիս առաջ, նոր նշանակումը կարող է երկու բացատրություն ունենալ՝ կամ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում խմբագրում է իր քաղաքականությունը, կամ էլ՝ Անկարայի ու Մոսկվայի միջև գոյություն ունեն պայմանավորվածություններ, որոնք Վաշինգթոնին չեն բավարարում:

3. ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը կոշտ է արձագանքել պաշտոնական Բաքուն։
Գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, հավելել. «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է»։

Բաքվի նման նյարդային արձագանքը հուշում է, որ ԼՂ խնդիրը փակելու Բաքվի օրակարգն ամենևին էլ միջազգային կոնսենսուս չունի: Մյուս կողմից, Բաքուն Վաշինգթոնին հասկացնում է, որ այս պահին Մոսկվան իրեն ավելին է առաջարկում՝ դաշտ բացելով դիվանագիտական առևտրի համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ