![]()
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը՝ դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ:
«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել՝ ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի…
Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է:
Այսինքն՝ արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ ստեղծված հակամարտություն, առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից:
Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո՝ անհաջողությունների հիմք դառնում»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ նշելով, որ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը:
![]()