![]()
Երեկ՝ օգոստոսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, աջից պարանոցի շրջանի տարածում հեմատոմա» վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 45-ամյա Անդրեյ Արամյանցն է։
Լոռու մարզի ոստիկանները, օպերատիվ տվյալները ստանալով, այնուհետև հանգամանքները պարզելու նպատակով հետախուզական աշխատանքներ են կատարում կայարանի մոտակա տարածքում և Մոսկովյան 25 հասցեի՝ խորհրդային տարիներից հայտնի Փոստի նախկին վթարային շենքում ճակատի շրջանի պատռված վերքերով հայտնաբերում են Վանաձորի բնակիչ 38-ամյա Հովհաննես Հակոբյանի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ 57-ամյա Մարտին Խառատյանը։
![]()