«Որտեղ հնարավոր է՝ քաղաքացին լիներ, որոնումներ իրականացվել են, բայց նրան դեռ չենք գտել».ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ

ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Հովհաննես Եմիշյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը արդեն 8 օր է վթարային վիճակում է և չի վնասազերծվում, հայտնեց, որ վտանգավոր մի շարք կոնստրուկացիաներ են եղել, որոնք իրենք վերացրել են:

«Ամեն օր մենք վտանգները վերացրել ենք, այս պահին փլուզման վտանգ չկա, դեռ որոնողական աշխատանքներ ենք իրականացնում»,-ասել է նա:

Խոսելով մեկ անհետ կորած քաղաքացու մասին, Եմիշյանը փոխանցել է, որ ենթադրյալ հնարավոր վայրում իրենք փնտրել են մասունքներ, սակայն դեռ չեն գտել: Նա հավելեց՝ բոլոր հատվածներում, որտեղ հնարավոր է, որ քաղաքացին լիներ, որոնումներ իրականացվել են, այդ թվում՝ նկուղի հատվածում, առաջին հարկում։

«Ինչ վերաբերում է պահեստային հատվածին, ապա 20 ժամից ավելի հրդեհաշիջում էինք անում, քանի որ 500-1000 աստիճան տաքություն է եղել»,–ասաց ՓԾ տնօրենի տեղակալը։

Ճշտող հարցին՝ այսինքն, չի բացառվում, որ քաղաքացու մարմինը մոխրացա՞ծ լինի, Հովհաննես Եմիշյանը դրական պատասխան է տվել:

Այնուհանդերձ, մինչ այս պահը, Եմիշյանի խոսքով, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ «Եթե անգամ 1 տոկոս հավանականություն կա նրան գտնելու, աշխատանքները չեն դադարեցվելու»։

Պաշոտնյան փոխանցել է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի կինոլոգները, ընթացքում կամավորները նույնպես օգնել են:

Հարցադրմանը՝ կամավորներն ավելի շատ օգնո՞ւմ էին, թե՞ խանգարում, Եմիշյանը նշել է՝ կային շատ բարձր պատրաստված կամավորներ, օրինակ «Կարմիր խաչի» ներկայացուցիչները.«ՈՄԱ-ն նույնպես կազմակերպված էր, չնայած նրանք փրկարարության աշխատանքին չէին տիրապետում, սակայն շատ պատրաստակամ էին: Իրենք կազմակերպված ամեն բան կարողանում էին անել: Բայց մարդիկ էլ կային կամավորի անվան տակ խանգարում էին աշխատանքներին: Օրինակ՝ գալիս էին առանց համապատասխան հագուստի և այս ընթացքում ձեռք էին բերում տարբեր վնասվածքներ: Ստացվում է՝ կամավորը եկել էր օգնելու, բայց դարձել էր տուժող: Մեկ գիշերում ունեցել ենք 130 հոգի տուժող: Բուժօգնություն տվել են այդ մարդկանց մեր բժիշկները և «Կարմիր խաչի» կամավորները: Վերջիններս փոխարենը դեպքւ վայրի մարդկանց օգնեին, եկել կամավորներին էին օգնում»:

Եմիշյանի խոսքով՝ անկազմակերպ վիճակը եղել է միայն առաջին օրը, դա էլ եղել է տեղում շատ մարդկանց խնդրի պատճառով.«Լռության րոպե էինք հայտարարում, հետո 3 րոպե բղավում էինք, որ լռություն լինի, բայց դա ընդամենը մեկ օր տևեց: Կամավորներ կային չէին ենթարկվում հրահանգներին, իրենց թվում էր ավելի շատ բան գիտեն: Պետք է կամավորները թրեյնինգներ անցնեն, որպեսզի ավելի շատ օգնեն, քան՝ խանգարեն, սա նաև պետության խնդիրն է»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ