Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային ՀՀ մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալներ

Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային ՀՀ մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացվել է Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը եւ ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալների։

Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաեւ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արտավազդ Հարությունյանը եւ Մարի Հայրապետյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը եւ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ԵՊՀ դասախոս Արուսյակ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե մեդալների եւ 2 գովասանագրերի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ