![]()
Մի քանի լրատվամիջոցների եւ «լրատվամիջոցների» հրապարակումներում օրերս տեղ էր գտել Թոռնիկ Ալիյանին Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին «սենսացիոն» հայտարարությունը, անշուշտ՝ քաղաքական ենթատեքստով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀԱԱՀ լրատվական եւ հասարակական կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանը:
«Տպավորություն է, որ համազգային սգի ու համազգային բազում այլ խնդիրների թնջուկում դրանց խմբագիրների միակ «մխիթարությունն» ու «հոգեւոր սնունդը» մեկ համալսարանի մեկ ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն է․․․
Սադրանքի հերթական անհաջող ու փնթի փորձի անարժան հեղինակներին դարձյալ պիտի լավություն անեմ՝ իրենց կամավոր «շահավետ» անգրագիտության վերացման հերթական ակտի տեսքով։
Համալսարանի ուսումնափորձնական տնտեսությունը բիզնես չէ, այլ ուսանողների ուսումնաարտադրական փորձուսուցումներն անցկացնելու եւ փորձարարական-հետազոտական աշխատանքներ կատարելու վայր։
Նշանակումը ժամանակավոր է, ընդ որում նաեւ հաշվի է առնվել, որ համալսարանի շրջանավարտ Թոռնիկ Ալիյանն ապրում է տնտեսության հարակից համայնքում, լավ տիրապետում է համանման տնտեսությունների խնդիրներին եւ պատրաստակամորեն ստանձնել է տնտեսությունը զարգացնելու գործում համալսարանին օգնելու պատասխանատվությունը։
Ի՞նչ արտառոց բան կա այս նշանակման մեջ․ համալսարանի աշխատակիցների գերակշիռ մեծամասնությունը համալսարանի շրջանավարտներ են, այդ թվում՝ բոլոր դեկանները, ամբիոնների գրեթե բոլոր վարիչները․․․ Եվ բոլորն էլ պատասխանատվության իրենց բաժինն ունեն համալսարանի զարգացման, բարեփոխումների իրականացման գործում։
Ինչ վերաբերում է այդ այսպես կոչված «պաշտոնին», ապա անտեղյակները պիտի իմանան, որ դա տանջալից աշխատանք է՝ արևի, շոգի, ցրտի, փոշու եւ այլ «հարմարությունների» պայմաններում։ Հետաքրքիր կլիներ որոշ ջղաձգվող լրագրողների եւ նրանց ջղաձգվող խմբագիրներին եւ սրանց ջղաձգվող «կլիենտներին» տեսնել մի երկու ժամ այդ պայմաններում աշխատելիս․․․
Սակայն, պարոններ եւ աղջիկ պարոններ, խորհուրդ եմ տալիս դադարեցնել ջղաձգումներն ու ջղակծկումները, փոխարենը հավաքել ողջախոհության մնացորդները եւ մեզ դիմել, օրինակ՝ Ոսկեհատի տնտեսությունում նորաստեղծ փորձարարական դաշտի աշխատանքները լուսաբանելու առաջարկ-խնդրանքով․ կընդառաջենք։ Այնտեղ մենք երկրում եզակի փորձարկումներ ենք անում՝ կիրառելով, օրինակ, նորարարական բանջարաբուծական մոտեցումներ։ Եվ սա բազմաթիվ նորարարական զարգացումներից միայն մեկն է։
Հանկարծ չգաք, չլուսաբանեք, ձեր տերերին հետո ի՞նչ եք պատասխանելու։ Բացի այդ, փոխակերպված համալսարանի համատեքստից դուրս թռած մի երկու փոքրիկներն էլ ձեզ չեն հասկանա, ով գիտե գուցե եւ ձեր փոխարեն ձեր գույնի ու ցածրության այլ ինֆորմացիոն հովանավորներ․․․ հովանավորյալներ փնտրեն։
Հենց այսպես էլ ապրում եք դուք՝ գարշահոտելով դատարկ «սենսացիաներ», որ մեկուկես «լայք» են հավաքում՝ մեկը գարշահոտության հեղինակն է դնում, կեսը՝ իր իսկ ֆեյքը»,-գրել է նա։
![]()