![]()
«Սուրմալու»- ի պայթյունը և դրա շուրջ տարբեր տեղեկատվական մանիպուլյացիաները, որոնք հիմնականում արվում էին ռուսական տելեգրամյան ալիքներով, որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս, արդյոք հնարավո՞ր է, հատկապես՝ Հայաստանում բիզնես ծավալելու նպատակ ունեցող ռուսները, չուզեն այլևս գալ Հայաստան։ Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ, որի կարծիքով՝ տելեգրամյան ալիքները հնարավոր է ռուսական չլինեն, չնայած տարբեր վարկածներին ու կարծիքների։ Ռուսական բիզնեսին, դժվար թե, շատ հուզի ու մտահոգի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքը, որովհետև դա բացարձակապես ոչ մի ազդեցություն չի թողել Հայաստանից դուրս որևէ այլ երկրի կամ քաղաքացու վրա․ «Սուրմալու»-ում առևտուր էին անում միայն հայաստանցիները ու զոհերը, վիրավորները ևս նրանք եղան, չկային օտարերկրյա քաղաքացիներ, այդիսկ պատճառով՝ այն դարձավ ներքին խնդիր, որն առանձնապես չի անհանգստացնում և հետաքրրքում որևէ մեկին մեր հանրապետությունից դուրս։ Բացառություն են միայն՝ սփյուռաքահայերը։ Պատահածը տնտեսության վրա՝ որպես արտաքին տնտեսական գործոն, լուրջ ազդեցություններ չպետք է ունենա, սակայն հստակեցել ու համարել դա փաստ, կարող ենք միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը ստանալուց հետո։ «Սուրմալու»-ի դեպքը՝ ներքին դեպք է, չկա որևէ արտաքին հետաքրքրություն։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ ողբերգական դեպքն իր ազդեցությունը կարող է ունենալ միգրացիայի վրա՝ ազդելով մարդկանց որոշումների վրա, որովհետև, այո՛, ներքին անվտանգության տեսանկյունից արդեն այդքան էլ գրավիչ չենք, սակայն ներկայումս ՀՀ-ում ժամանակավոր ապրողների և ժամանածների մեծ մասի՝ ռուսների, ուկրաինացիների, բելառուսների մոտիվը ոչ այնքան ներքին անվտանգությունն է ու հետաքրքրությունը առ Հայաստան, այլ դուրս գալը այն երկրներից, որտեղ իրենց համար վտանգավոր կարող է լինել։ Հայաստանից զատ այլ երկրներ էլ կան, որտեղ կարող են գնալ ու գնում են, սակայն Հայաստանն այդ տեսանկյունից առավել գրավիչ է։
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթունը առաջ է քաշում մի շարք հարցեր՝ վստահության, տրամադրվածության և այլն, սակայն, ընդհանուր առմամբ, առանձին վերցված դեպքը մեծ ազդեցություն չի կարող ունենալ որևէ ոլորտում։ Իհարկե, ազդեցությունը կլինի բուն շուկայի վրա և տեղի վաճառքի, սակայն այդ սահմաններից դուրս չի գա ու այն նույն առևտուրը, որն արվում էր «Սուրմալու»-ում, կտեղափոխվի ու կարվի այլ վայրում։ Եթե սա լիներ շարունակական դեպք կամ ունենար քաղաքական երանգ, ապա, այո՛, կունենար ու կարտահայտեր մեծ բացասական ազդեցությունը, որը, բարեբախտաբար, այսօր չկա։
Միքայելյանի խոսքով՝ հասցված վնասներն ու դրա փոխհատուցումը լրիվ կախված է պետական մարմինների աշխատանքից և հասարակության պահանջատիրությունից։ Հայաստանի համար տեղի ունեցած դեպքը տարօրինակ է ու այս պարագայում մեր երկիրը պետք է կարողանա ճիշտ վարքագիծը դրսևորել։ Պետք է հետաքննություն իրականացվի, տրվի բոլոր հացրերի պատասխանները, հակառակ դեպքում՝ մարդիկ իրենց մտավախությունները կդնեն իրենց հաշվարկների մեջ՝ թե՛ ներդրումների, թե՛ Հայաստանում ապրելու տեսանկյունից։ Ստացված պատասխանները, եթե հասարակության կողմից համարվի բավարար, ապա երկրարատև բացասական ազդեցութունից կխուսափենք։ Ազդեցությունը որոշակիորեն լինելու է՝ այն մարդկանց վրա, որոնք նման շուկաներում կամ դրանց համար առևտուր են անում, սակայն դա չի լինի հանրապետության մասշտաբով։
![]()