Օգոստոսի 1-10-ը 7608 շտապօգնության կանչ է գրանցվել.երբ կնվազի եղանակը

Հայաստանը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնում է +40 — +41-ի։

Նման ջերմաստիճանային պայմաններում հաճախակի են դառնում ինքնազգացողության վատացման դեպքերը, հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց շրջանում:

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ՝ այս տարվա օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում 7608 կանչ է գրանցվել։ Վերջինիս խոսքով, սակայն, այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2900-ով նվազել է․ 2021 թվականի օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում «Շտապօգնություն» ՓԲԸ-ում 10.508 կանչ է գրանցվել։ Իսկ այս տարվա հունիս ամսին՝ 20.309 կանչ, հուլիսին՝ 23.236։ Նախորդ տարի հունիսին ՓԲԸ-ում գրանցվել է 21.737, իսկ հուլիսին՝ 23.357 կանչ։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ստեփանյանն ասում է՝ բողոքների թվում առաջին տեղում սրտանոթային հիվանդություններով կանչերն են, երկրորդում՝ շնչառական խնդիրները, երրորդում՝ վնասվածքները։ Նրա փոխանցմամբ՝ շոգի պատճառով սիրտանոթային հիվանդությունները կարող են սրվել: Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրտնարտադրությունն ավելանում է, մարդու օրգանիզմը՝ ջրազրկվում, կորցնում մեծ քանակությամբ հանքանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են սրտանոթային համակարգի լավ աշխատանքի համար: Ստեփանյանը խորհուրդ է տալիս շատ հեղուկներ, հիմնականում ջուր օգտագործել:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ էլ՝ ջերմային ալիքը սկսվել է օգոստոսի 15-ից եւ շարունակվում է մինչեւ այսօր։ «Օգոստոսի 15-ից մինչեւ 19-ը ընկած ժամանակահատվածում առավելագույն ջերմաստիճանները դիտվել են Արարատյան դաշտում եւ Երեւանում»,- մեզ հետ զրույցում նշում է նա։

Ըստ Սուրենյանի՝ վաղվանից սկսած՝ ջերմաստիճանը նվազելու է, մոտավորապես կդառնա +36- — +37 աստիճան, որը կպահպանվի մինչեւ օգոստոսի վերջին օրերը։ Դրանից ցածր ջերմաստիճան դեռեւս չի կանխատեսվում, ինչը, սակայն, վերջինիս խոսքով, օգոստոսի երրորդ տասնօրյակի համար համարվում է նորմայից մոտ 2-3 աստիճանով բարձր ջերմաստիճան։

Նա նաեւ շեշտում է՝ եթե համեմատական անցկացնենք այս տարվա ամռան եւ նախորդ տարիների միջեւ, ապա այս տարի օգոստոսն ավելի շոգ է. 1-2 աստիճանով ջերմաստիճանն ավելի բարձր է. «Վերջին տարիներին օգոստոսը աչքի է ընկնել նման շոգով, բայց չենք կարող ասել, թե աննախադեպ կամ անոմալ երեւույթ է։ Մեր կլիմայական պայմանների համար նման շոգը դարձել է բնականոն կլիմայական ընթացք, հատկապես 2010 թվականից հետո»:

Սուրենյանը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. «Այդ ժամանակահատվածում ցանկալի չէ ո՛չ ֆիզիկական աշխատանք կատարելը դրսում, եւ ոչ էլ նույնիսկ կարճատեւ զբոսանքը»:

Նշենք, որ բարձր ջերմային ֆոնով եւ տեղումների բացակայությամբ պայմանավորված՝ հանրապետության նախալեռնային եւ հովտային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի վտանգ կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ