ՀՀ-ն կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում է. Մայր բուհում առաջին անգամ կանցկացվի կրթական մեծ համաժողով

Հայաստանը կրթական առումով կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Այն պատրաստ է հյուրընկալել 1500 պատվիրակ՝ աշխարհի 54 երկրից։ Առիթը Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովն է, որն այս տարի առաջին անգամ կանցկացվի մեր երկրում՝ օգոստոսի 22-25-ը:

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ, որոնք անց են կացվում անդամ երկրներից մեկում։ Այս տարի անցկացման վայր է ընտրվել Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից դարձել է ասոցիացիայի լիիրավ անդամ։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ընդգծում է՝ նման համաժողովները վկայում են, որ Հայաստանն ու Մայր բուհը աշխարհի կողմից ունեն մեծ վստահություն։ Համալսարանը երկար ժամանակ է՝ նախապատրաստվել է՝ համաժողովը պատշաճ կերպով ընդունելու համար։

«Վերջին ամիսներին աշխատանքները ինտենսիվ էին՝ հաշվի առնելով, որ նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում մեզ մոտ։ Բուհի կենտրոնական մասնաշենքի լսարաններից մեծ մասը բոլոր իմաստներով նախապատրաստել ենք համաժողովի անցկացման համար։ Պատրաստ ենք պատշաճ մակարդակով հյուրընկալել բոլոր մասնակիցներին»,- վստահեցնում է ռեկտորը։

Ըստ նրա՝ այն համալսարաններն ու երկրները, որոնք ընդունում են նմանատիպ մեծ համաժողովներ, արդեն վկայում է նրանց հանդեպ ունեցած վստահության մասին։ Մասնակիցների քանակով և ծավալով համաժողովը առանձնանում է։ Մոտ 700 մասնակից ժամանելու է Հայաստան, 800 մասնակից էլ օնլայն է մասնակցելու համաժողովին։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են մանկավարժությանը, կրթությանը վերաբերող հարցեր, նոր մեթոդաբանություններ։

«Այս առումով ահռելի աշխատանք է տարել մեր կենտրոնը։ Մեկ տարուց ավելի է՝ ամենօրյա ռեժիմով համաժողովը կազմակերպելու աշխատանքները ընթացել են։ Հայաստանի համար բավականին կարևոր են այսպիսի համաժողովները։ Մեր երկիրը բազմաթիվ հնարավորություններ ունի այս առումով աշխարհին ներկայանալու համար։ Մայր բուհն էլ ներկայացրել է բազմաթիվ զեկույցներ, որոնք հնչելու են համաժողովի ընթացքում»,- նշում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ համաժողովը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռելու նաև ԵՊՀ-ի ուսանողներին. համաժողովի կամավորների մեծ մասը հենց բուհի սաներն են։ Ուսանողները կարող են շփվել տարբեր երկրների դասախոսների, աշխարհի գիտնականների հետ, ձեռք բերել նոր ծանոթություններ ու հնարավորություններ՝ իրենց մասնագիտական աճը ապահովելու համար։

Պետական համալսարանում են կենտրոնացվելու աշխարհի տարբեր երկրների առաջատար հետազոտությունների արդյունքները, որոնք կներկայացնեն և կքննարկեն ինչպես կրթության ոլորտի աշխարհահռչակ հետազոտողները, այնպես էլ՝ երիտասարդ ու սկսնակ։ Համաժողովին մասնակցություն են ունենալու հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունները։

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Նազիկ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում շեշտում է համաժողովի նպատակները։ Վերջինս նշում է՝ սա մեծ հնարավորությունն է՝ հետագա համագործակցությունների, այլ երկրների գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։

«Ասոցիացիան Եվրամիության կրթական հանձնաժողովին կից կազմակերպություն է։ Ունի 43 անդամ, որի թվում է նաև Հայաստանը։ Ամեն տարի համաժողովը անցկացվում է անդամ երկրներից մեկում, պարզապես անհրաժեշտ է 4 տարի առաջ մասնակցել այդ մրցույթին։ 2018 թվականին մեր կենտրոնը մրցույթին մասնակցեց, և միաձայն տրվեց մեզ այդ հնարավորությունը։ Մեր տարածաշրջանում ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ ասոցիացիան կազմակերպում է իր համաժողովը»,- ասում է Հարությունյանը։

Աշխարհի տարբեր երկրների գիտնականներին, հետազոտողներին մեկտեղելով մի հարթակում՝ համաժողովը հնարավորություն է տալիս միասնական կերպով քննարկել այն բոլոր կրթական հիմնախնդիրները, որոնք առկա են տվյալ երկրում և առաջարկել դրանց լուծման տարբերակները։

«Մասնակիցներից առաջին փուլով ստացվել է 2237 հայտ, երկրորդ փուլով՝ փորձագիտությամբ, ընտրվել է 1500 մասնակից։ Հայաստանից 137 հայտ է եղել, որից հաստատվել է 75-ը, 137-ից էլ 40-ը եղել են ԵՊՀ-ից, մնացածը՝ բոլոր բուհերից, նաև Մատենադարանից ենք հայտ ստացել։ Այսօրվա դրությամբ ՀՀ-ից համաժողովին ելույթ կունենա 34 մասնակից»,- ընդգծում է զրուցակիցը։

Կրթական համաժողովը կարևոր է նաև նրանով, որ երկիրը ճանաչելի է դարձնելու 1500 մասնակիցների համար։ Այս մասին էլ մեզ հետ զրույցում նկատում է համաժողովի կորդինատոր և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը։ Ասում է՝ համաժողովը անցկացնելու վայրն ընտրելիս ասոցիացիան ուշադրություն է դարձնում մի քանի չափանիշների։

«Կարևոր են տեխնիկական հագեցվածությունը, շենքային պայմանները, արդյոք տվյալ բուհը կկարողանա՞ շատ մասնակիցներ ընդունել։ Բուհը ընտրելու ժամանակ հաշվի են առնվում տվյալ երկրի կրթության ոլորտում առկա խնդիրները, և թե որքանո՞վ ասոցիացիան կկարողանա լուծում տալ դրանց։ Ասոցիացիան ունի ոչ միայն կրթության ոլորտի վեր հանման խնդիր, այլև մեր կարգախոսն է՝ «Կրթական հետազոտությունները հանուն հասարակության առաջընթացի»։ Պետք է փորձենք լուծել ՀՀ-ի կրթական խնդիրները և աջակցենք տվյալ երկրի Մայր բուհին»,- հավելում է Ալեքսանյանը։

Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչ միայն աշխատաժողովներ, այլ նաև պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնություններ։ Համաժողովի ներկայացուցիչների խոսքով՝ տեղական և միջազգային կրթական ու հետազոտական կառույցները ձգտելու են ապահովել բարձր մասնակցություն՝ տեսանելի դարձնելու համար իրենց կատարած աշխատանքը։

EECR 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում․ գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ