Արցախի ԱԽ-ն դիմել է ՌԴ խաղաղապահներին՝ պահանջելով արգելել ադրբեջանական և այլ երկրների ԶԼՄ-ների մուտքը խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ առանց ԱՀ ԱԽ-ի համաձայնության

Որոշ սոցցանցային օգտատերեր երկու օր է՝ ցնցում են  Ֆեյսբուքը՝ հղում անելով ադրբեջանական պրոպագանդիստական  Haqqin.az կայքում  տեղ գտած հրապարակմանը, որի  հեղինակը կայքի  խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևն է։ Նախօրեին զետեղված սույն հրապարակման մեջ  Ֆաթուլաևը հայտնում է, թե իր  գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն «այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում, և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու «Լաչինը» (Բերձորն) ու «Զաբուխը» (Աղավնոն) անօրինական օկուպացրած հայերի տարհանման մասին»։

Civic.am-ը ադրբեջանական լրատվամիջոցի սույն հրապարակման վերաբերյալ հարցում էր ուղարկել Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ խնդրելով հայտնել՝ ճի՞շտ է Ֆաթուլաևի հայտնած տեղեկությունը, եթե այո, ապա ո՞ր գերատեսչության կամ ո՞ւմ թույլտվությամբ և ի՞նչ հիմնավորմամբ է Haqqin.az-ի նկարահանող խումբը գտնվում  հայկական վերահսկողության շտաբում, նկարահանումներ իրականացնում նշված բնակավայրերում։

Արցախի ԱԽ գրասենյակից մեզ ուղարկվել է հետևյալ պատասխանը. «2022 թվականի օգոստոսի 18-ին հայաստանյան «168.am» էլեկտրոնային լրատվական միջոցը հրապարակել է «Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, իրականությանը չի համապատասխանում». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ» վերտառությամբ հոդված, որտեղ ադրբեջանական «Haqqin.az» էլեկտրոնային լրատվական միջոցի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում գտնվելու և լրագրողական գործունեություն իրականացնելու փաստը ճշտելու նպատակով հարցում է կատարել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարին։

Հարցումը կատարվել է հեռախոսազանգի միջոցով, որի ընթացքում «168.am»-ի լրագրողը Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու հանգամանքը ճշտելու նպատակով հետաքրքրվել է, մասնավորապես՝ «…արդյոք Էյնուլա Ֆաթուլաևի խումբն այս պահին Աղավնոյո՞ւմ է, այն դեպքում, երբ այնտեղ դեռ հայեր են ապրում, թե՞ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»։ Տվյալ հարցադրմանը Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Այո… սիրում են, չէ՞, իրենք օգտագործել նման բաներ»՝ նկատի ունենալով ադրբեջանական մամուլում մշտապես տեղ գտնող սադրիչ ապատեղեկատվական հնարքները։

Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարի հնչեցրած պատասխանի բովանդակության տառացի մեկնաբանությունն իսկապես կարող է տպավորություն թողնել, թե տվյալ պաշտոնատար անձը հերքում է ադրբեջանցի լրագրողների՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելը, մինչդեռ այդ հարցին նման ձևակերպմամբ պատասխանելու իրական նպատակը ադրբեջանական մեդիագործիչների կողմից արտադրվող և տարածվող կեղծիքին է վերաբերում։

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի անունից Անվտանգության խորհրդի գրասենյակը սույն թվականի օգոստոսի 18-ին պատասխանել է լրատվամիջոցների առաջադրած հարցադրումներին։ Անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանցի լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին՝ նշվել է, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանական և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը»։

Նշենք, որ ԱԺ գրասենյակի կողմից հիշատկված հայկական լրատվամիջոցի հրապարակման մեջ «Այո… սիրում են, չէ՞, իրենք օգտագործել նման բաներ» նախադասություն չկա, հավանաբար այն հետագայում  խմբագրվել է։

Ուշագրավ է ԱԽ գրասենյակի պարզաբանման հետևյալ հատվածը, որը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. «Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարի կողմից հնչեցված պատասխանի բովանդակության տառացի մեկնաբանությունն իսկապես կարող է տպավորություն թողնել, թե տվյալ պաշտոնատար անձը հերքում է ադրբեջանցի լրագրողների՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելը, մինչդեռ այդ հարցին նման ձևակերպմամբ պատասխանելու իրական նպատակը ադրբեջանական մեդիագործիչների կողմից արտադրվող և տարածվող կեղծիքին է վերաբերում»։  Տպավորություն է ստեղծվում, որ գնահատական տրվելով ադրբեջանական «մեդիագործիչների կողմից արտադրվող կեղծիքին»՝ այսուհանդերձ չի հերքվում  Ֆաթուլաևի՝ Աղավնոյում եղած լինելու հանգամանքը։ Մի կարևոր դիտարկում էլ՝ ԱԽ քարտուղարը ե՞րբ է դիմել ռուս խաղաղապահ զորակազմին ԶԼՄ-ների մուտքը արգելելու համար՝ Ֆաթուլաևի աղմկահարույց հրապարակումից հետո՞,  թե՞ առաջ։

Նշենք նաև, որ «168 ժամ»-ի հրապարակումը եզրափակվում է այսպես. «Ինչ վերաբերում է Ֆաթուլաևի լուսանկարին, որն արվել է Աղավնոյի վերևի հատվածում, Հրայր Հակոբյանն (Արցախի ԱԽ քարտուղարի  մամուլի խոսնակը-խմբ.) ասաց՝ այդ ամենը կթողնի առանց մեկնաբանության»։

Ուշագրավ է, որ  մեկ այլ  լրատվամիջոց՝  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անվան հետ կապվող կայքը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, թե  «Ֆաթուլաևը իսկապես եղել է Բերձորում, Աղավնոյում», «մի կես ժամով մտել, իր սև գործն արել, դուրս է եկել գյուղից։ Ինֆորմացիոն առումով փորձել է նաև ցույց տալ, որ ռուսական կողմը անում է այն, ինչ իրենք ասում են»,- ասաց մեր աղբյուրը»։  «Մեր աղբյուրը պնդեց, որ լրագրողին ուղեկցել են ռուս խաղաղապահները, որոնք մեր գյուղացիներին չեն զգուշացրել, որ ադրբեջանցի լրագրողին պետք է հարցազրույց տան»,  «գյուղացիները մտածել են եվրոպացի լրագրող է, խոսել են։ Այնտեղ եղել է նաև Արշակ Զաքարյանը, ով ևս չի ճանաչել Ֆաթուլաևին»,- գրել է սույն կայքը։  Հարկ է նշել, որ Արշակ Զաքարյանը ևս  հաստատել է  Ֆաթուլաևի՝  Աղավնոյում եղած լինելու հանգամանքը և  նշել է, թե  վերջինիս  չի ճանաչել։  «Նրան ուղեկցում էին ռուս խաղաղապահները, գյուղացիներին հարցեր էր տալիս, ասում էր՝ արդյոք կարո՞ղ են ադրբեջանցիները և հայերը միասին ապրել և այլն։ Ռուս խաղաղապահներն ասել են, որ լրագրողը Երևանից է եկել։ Ինչ իմանայինք, թե ում են ուղեկցում։ Նա հարցերը տալիս էր անգլերեն»,- հավաստիացրել է Զաքարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ