Երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական պատվիրակություն է մուտք գործել Աղավնո, որոնք զինվորականներ չէին. Քաշաթաղի ղեկավար

Աղավնոյից ու Բերձորից արդեն կան տեղափոխված բնակիչներ, մի մասը տեղափոխվել է Հայաստան, մի մասը՝ Արցախ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը։

«Պետության միջնորդությամբ Արցախի Կարմիր խաչը ֆինանսական աջակցություն է տրամադրել բնակիչներին տեղափոխվելու համար՝ մեկ ընտանիքի հաշվարկով 250.000 դրամ, միայնակ անձին՝ 125.000 դրամ, մենք էլ վառելիք ենք տրամադրել։ Բնակիչները նաև 2 ամիս անընդմեջ մեկ շնչի հաշվարկով 70.000 դրամ աջակցություն կստանան՝ դրան գումարած 40.000 դրամների Հայաստանի Հանրապետության աջակցության փաթեթը՝ մեկ շնչի հաշվարկով»,- հավելեց նա։

Հարցին՝ կա՞ն ընտանիքներ, որոնք չեն ստացել աջակցությունը, մասնավորապես Աղավնոյում իրենց տներն այրած անձինք, մեր զրուցակիցն արձագանքեց. «1-2 հոգու բացակայության հետ խնդիր կա։ Իսկ Աղավնոյում իրենց տունն այրած անձինք ավելի քան 2 տարի մշտական բնակություն չեն հաստատել Աղավնոյում»։

Մուշեղ Ալավերդյանի խոսքով՝ 2 անձ է այրել իր տունը, որոնցից մեկը պատերազմից կարճ ժամանակ հետո հեռացել է Աղավնոյից, իսկ մյուս անձն իր եղբոր տունն է այրել, որը զոհվել է պատերազմի ժամանակ։

Սոցիալական ցանցերով տարածվել էր տեղեկություն, որ Ադրբեջանից լրագրողներ են եկել Աղավնո։ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյոք հավաստի՞ է այդ տեղեկությունը։ «Ճշտվում է այդ տեղեկությունը, բայց երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական պատվիրակություն է մուտք գործել Աղավնո, որոնք զինվորականներ չէին։ Մնացած ինֆորմացիան համապատասխան գերատեսչությունները կպարզեն և պաշտոնապես կհայտարարեն»,- պատասխանեց նա։

Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհը Ադրբեջանն արդեն ավարտել է, և թեպետ հայկական կողմը դեռ շարունակում է ճանապարհաշինարարական աշխատանքները, այնուամենայնիվ մինչև օգոստոսի 25-ը Աղավնոն, Բերձորն ու Սուսը պետք է անցնեն Ադրբեջանի տիրապետության տակ։

Մուշեղ Ալավերդյանի խոսքով՝ հայկական կողմը երբ ավարտի ճանապարհի կառուցումը, հնարավոր է այդ հատվածում գտնվող հայկական բնակավայրերը, որոնք ներկայումս Ադրբեջանի տիրապետության տակ են, կրկին անցնեն հայկական վերահսկողության տակ. «Բանակցություններ են ընթանում այդ բնակավայրերը հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։ Արցախի կառավարությունը փորձել և փորձելու է, որպեսզի այդ բնակավայրերը կարողանանք օգտագործել՝ դրանք են Աղանուսը, Մեղվաձորը, Ապարանը, Մարաթուկը»։
Սոցիալական ցանցերում այսօր տարածվել է նաև տեղեկատվություն, որ Աղավնո բնակավայրը զրկվել է կապի բոլոր միջոցներից՝ էլեկտրաէներգիայի մատակարարումից, չի գործում նաև հեռախոսային կապը: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանից, սակայն նա խոստացավ մեր այդ հարցին ավելի ուշ պատասխանել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ