![]()
Ճգնաժամային, արտակարգ իրավիճակներում հանրության շրջանում օբյեկտիվորեն ի հայտ եկող խուճապն ու անհանգստությունը կառավարելու հարցում կարևոր է հատկապես հոգեբանների դերը։ Մասնավորապես վերջին ողբերգական պատահարից՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո հոգեբանական աջակցության կարիք ունեն ոչ միայն տուժողներն ու նրանց հարազատները, այլ նաև հանրության ավելի լայն շրջանակներ՝ որպես այդ պայթյունի պատճառների և հետևանքների մասին տեղեկատվություն սպառողներ։
Ճգնաժամային իրավիճակներում սոցցանցերի առկայության պարագայում տեղեկատվական հոսքերն անկառավարելի են դառնում, և մեծանում է ապատեղեկատվության, կեղծ և մանիպուլյատիվ լուրերի տարածման հավանականությունը։ Հոգեբանների խոսքով՝ նույնիսկ դրական լուրը, եթե կեղծ է, բացասաբար է ազդում հանրության սպասելիքների ու հոգեվիճակի վրա և հերքվելուց հետո հիասթափություն է առաջացնում դրան հավատացածների շրջանում։ Օրինակ՝ երեկ երեկոյան լուր տարածվեց, որ փրկարարները փլատակներից ողջ մնացած քաղաքացու ձայն են լսել, որը քիչ անց ճոխացվեց և սոցցանցերում տարածվեց որպես եղելություն, թե՝ ողջ մնացած քաղաքացին դուրս է բերվել փլատակներից։ Լուրն այդ, սակայն, որքան արագ տարածվեց սոցցանցերում, նույնքան արագ էլ հերքվեց պաշտոնապես։
Ինչպիսի՞ վարք պետք է ցուցաբերի հանրությունը ճգնաժամային իրավիճակներում լրատվական հոսքերի հետ առնչվելիս։ Խ. Աբովյանի անվան ՊՀՄՀ Ճգնաժամային և արտակարգ իրավիճակների հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, «Ապագա» հոգեբանական ծառայության հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը Civic.am-ի հետ զրույցում հանրությանը խորհուրդ տվեց առնվազն 10 օր չընթերցել նեգատիվ բովանդակությամբ տեղեկատվություն, և եթե առանց լրահոսին հետևելու չեն պատկերացնում իրենց առօրյան, ապա հետևեն միայն պաշտոնական տեղեկավտությանը։ «Բացասական ինֆորմացիան միայն լարվածություն է առաջացնելու, որը, ինչպես գիտենք, վարակիչ է և կարող է փոխանցվել կողքիններին։ Եթե 10 օր չկարդալուց հետո մարդիկ զգան, որ իրենց հոգեվիճակը, կյանքի որակը էականորեն փոխվել է, այլևս կդադարեն կարդալ այդպիսի լուրեր»,- նշեց Բեջանյանը։ Նրա խոսքով՝ վերջին, մասնավորապես, 4 տարիների ընթացքում լրատվական դաշտը հեղեղված է բացասական ինֆորմացիայով, որը, բնականաբար, նեգատիվ մթնոլորտ է ձևավորել երկրում։ «Շատերը նույնիսկ ԶԼՄ-ներին չեն էլ հետևում, քանի որ օրգանիզմը ի վիճակի չէ ընդունել նման մասշտաբի բացասական ինֆորմացիա։ Մասնավորապես, «Սուրմալու»-ի դեպքի հետ կապված խորհուրդս է՝ ոչ թե դնեն, քննարկեն այդ թեման, այլ, եթե կարող են և ի վիճակի են, գնան, մասնակցեն կամավորական աշխատանքներին կամ աջակցեն, այսինքն՝ կոնկրետ գործունեություն իրականացնեն։ Եթե մարդ ներգրավվում է հանրօգուտ գործունեության մեջ, տագնապը, անհանգստությունը սկսում են նահանջել, պակասել։ Բայց ցանկացած տիպի քննարկում բերելու է ավելի մեծ լարվածության»։
Հոգեբանի խոսքով՝ 44-օրյա պատերազմին նախորդած և հաջորդած, ինչպես նաև բուն պատերազմի օրերին ՀՀ-ն և մեր հանրությունը ակնհայտ կերպով հիբրիդային պատերազմի թիրախում էին, և այժմ էլ այդ պատերազմը շարունակվում է՝ շատ կոնկրետ, նպատակաուղղված լրատվական հոսքերով հանրությանը սնուցելու միջոցով։ «Թուրքիայի բանակի երրորդ կորպուսի մի ամբողջ գումարտակ էր աշխատում պատերազմի օրերին և հիմա էլ է աշխատում՝ Ադրբեջանից համապատասխան մասնագետների հետ միասին։
Դրան էլ եթե գումարենք մեր քաղաքական դաշտում առկա իրավիճակը՝ հներ-նորեր, փրկողներ-հանձնողներ և այլն, այնպիսի խառնաշփոթ է, որ նույնիսկ մասնագետներն են դժվարանում ճիշտ կողմնորոշվել և իրավիճակին դիմակայել, ուր մնաց թե այն մարդիկ, ովքեր պաշտպանված չեն հոգեբանական առումով»։
Մեր ճշտմանը՝ փաստեր ունի՞, որ հենց թուրք-ադրբեջանական գումարտակների կողմից են ուղղորդվում բացասական, տագնապ հարուցող տեղեկատվական հոսքերը ՝մեր զրուցակին արձագանքեց. «Մասնագիտական աչքի համար դա այնքան ակնհայտ է, այնքան հասկանալի։ Իսկ ինչ վերաբերում է փաստերին, ապա համապատասխան կառույցներն ունեն այդ փաստերը, օրինակ՝ ՊՆ-ն պիտի որ ունենա, ես ժամանակին և հիմա էլ համագործակցում եմ իրենց հետ։ Երբ ուսումնասիրում ես դաշտը, տեսնում ես, թե այդ հոսքերը որտեղից են գալիս, ուր են գնում և որ թիրախներին են ուղղված»։
Պրն Բեջանյանի խոսքով՝ հիբրիդային պատերազմի ժամանակ գործածվում են հանրության նկատմամբ հոգեբանական գրոհի կոնկրետ մեթոդներ։ «Հիբրիդաին պատերազմն ունի չորս հիմնական ֆունկցիա։ Առաջինը՝ խուճապ առաջացնել հակառակորդի բանակում (հասարակությունում՝ ընդհանրապես), ինչին մենք ականատես եղանք վերջին պատերազմի օրերին։ Երկրորդ՝ անջրպետ առաջացնել տվյալ երկրի իշխանության և ժողովրդի միջև, օտարել այս երկուսին միմյանցից, հակադրել միմյանց, երրորդ՝ տարածել այնպիսի ինֆորմացիա, որը մշտապես տագնապի, անորոշության մեջ կպահի հանրությանը, և վերջին ֆունկցիան՝ նվազագույն ռեսուրսներ կիրառելով՝ հասնել իրենց առջև դրված խնդրի իրականացմանը։ Հիբրիդային պատերազմը նորություն չէ, միայն անգրագետները կհերքեն դրա գոյությունը, իսկ մեզ այս իրավիճակին հասցրել է հենց տգիտությունը, կրթության պակասը»։ Խոսվում է նաև այն մասին, որ հիբրիդային պատերազմն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից՝ մեր դիտարկմանը հոգեբանն արձագանքեց. «Իհարկե ուղղորդվում է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ ՌԴ-ի, և՛ տեղական, այսպես կոչված, ռևանշիստական ուժերի կողմից։ Բնական է, որ այստեղ բոլոր ուժերն էլ իրենց շահերն ունեն, և, ցավոք, ներքաղաքական պայքարում ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձերի, անհատների կամ որոշակի խմբերի կամ խմբակների շահերը թշնամու շահերի հետ համընկնում են»։
Երբ մետրոպոլիտենում կամ այս կամ այն հիմնարկում պայթուցիկ նյութերի տեղադրման վերաբերյալ հերթական կեղծ ահազանգն է հնչում, ու այդ ահազանգի հեղինակները չեն իդենտիֆիկացվում, չեն բացահայտվում իշխանության կողմից, հանրության որոշակի շահագրգիռ խմբերի կողմից մեղադրանք է հնչում՝ եթե պատկան մարմիններն այնքան թույլ ու անկարող են, որ չեն բացահայտում, տեղորոշում ահազանգի հեղինակներին, ուրեմն չեն կարող նաև հոգալ ազգային անվտանգության խնդիրներն ու պետական կառավարումն ընդհանրապես։ «Պետական մեքենայի նկատմամբ այսպիսով քարոզվող անվստահությունը ինֆորմացիոն պատերազմի գերխնդիրն է, ինչի մասին արդեն խոսեցի։ Ու այստեղ խնդիրն այն չէ, թե ով է կառավարիչը, այստեղ խնդիրը կառավարչի ու նրա կողմից կառավարվող ինստիտուտների, ժողովրդի միջև կապը խզելն է։ Այո, այսօր գեոպոլիտիկ քաղաքականությունն այնքան տարասեռ է ու փխրուն, որ ամեն մեկն իր շահն է փնտրում՝ ռուսները, քանի որ իրենց վիճակը վատ է, ու սովետն են ուզում վերակառուցել, պետք է փորձեն իրենց մարդուն այստեղ դնել, թուրքերը, պարսիկները իրենց հարցերն են ուզում լուծել, Ադրբեջանն՝ իր, ռևանշիստական ուժերն ու այս իշխանություններից դժգոհ խմբերն էլ իրենց հերթին են փորձում իրենց շահերը սպասարկել»,- նշեց Բեջանյանը։ Նկատեցինք, որ նախկին իշխանության համակիր որոշ դեմքեր ակտիվորեն ներգրավված են երկրում անառողջ մթնոլորտ ստեղծելու գործում. մեկը խոսում է այն մասին, որ հնարավոր է՝ ադրբեջանցիներն են «Սուրմալու»-ի պայթյունի հետևում կանգնած, քանի որ Փաշինյանն օգոստոսի 4-ի իր հայտարարությամբ «երաշխավորել» է ադրբեջանցիների ազատ մուտքը ՀՀ, մեկ այլ գործիչ, որը ներկայանում է որպես ադրբեջանագետ, գուժում է, որ տեղի ունեցածն «առաջին ծիծեռնակն» էր, և առաջիկայում գուցե էլի «շենքեր են գմփալու»։ Որոշ «պատասխանատու» ԶԼՄ-ներ էլ ակտիվ տարածում են այսպիսի հայտարարությունները՝ հնչեղ վերնագրերով, հասարակությունն էլ կարդում, ահաբեկվում է։ Ըստ հոգեբանի. «Պատերազմական իրավիճակներում պետք է լրջորեն վերահսկվեն ԶԼՄ-ները, պիտի օրենքով սահմանված հստակ սահմանափակումներ գործեն։ Իհարկե, կլինեն «ահազանգեր» դեմոկրատիայի սահմանափակման վերաբերյալ, սակայն դեմոկրատական ազատությունները չպետք է հակասեն ազգային անվտանգության երաշխիքներին։ Մենք պատերազմի ժամանակ «Ֆեյսբուքը» բաց էինք թողել, ու մեր պարտության, մեծ թվով զոհեր ունենալու հարցում մեծ դեր խաղաց նաև սոցցանցային ազատությունը։ Հիմա՝ հետպատերազմական վիճակում, շարունակում ենք նույնն անել։ Իշխանության կարևոր ֆունկցիաներից մեկն էլ իր քաղաքացիների ապահովությունը երաշխավորելն է, այնպիսի մթնոլորտ ստեղծելը, որ իր քաղաքացին բոլոր մակարդակներում զգա այդ ապահովությունն ու պաշտպանվածությունը՝ թե՛ ինֆորմացիոն, թե՛ ֆիզիկական, թե՛ սոցիալ-հոգեբանական։ Մի բան, որն այս իշխանությունը շատ է ցանկանում, բայց մի շարք օբյեկտիվ պատճառներով, ցավոք, չի կարողանում իրականացնել։ Դեմոկրատիայի անվան տակ այսօր մեր երկրում ամենաթողություն է, որը խփում է պետության հիմքերին և ազգային անվտանգության սպառնալիքի է վերածվում»։
![]()