![]()
Պատերազմից, կորոնավիրուսից հետո հայ ժողովրդի հոգեբանական վիճակը շարունակում է մնալ ոչ բարվոք, այդ է պատճառը, որ մեր հասարակությունը վախի ու անորոշության հետևանքով չի կարողանում ճիշտ ընկալել բոլոր իրադարձություններն ու գործողությունները, որոնք տեղի են ունենում մեր իրականության մեջ:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո հասարակության հոգեբանական վիճակի մասին, նկատում է՝ մարդկանց մոտ նորից սրվել էր խուճապը, որը վախի տեսակներից մեկն է։ Նրանք սկսել էին իրենց պատկերացումները ընկալել որպես իրականություն։
«Սկսում էին քննարկել սոցցանցում, յուրաքանչյուրը տարբեր բաներ էր գրում ու մեկնաբանում, շատ հաճախ որոշների ասածները ու պատկերացրածը իրականության հետ չէր համապատասխանում, դա էլ հենց վախի հետևանքն է։ Միմյանց մեղադրելը, սնահավատությունների հետևից ընկնելը, երբ տարբեր պատճառներ էին գտնում, թե ինչու է պայթյունը տեղի ունեցել: Դա գալիս է այն սթրեսից, որը մարդկանց մոտ առաջացավ դեռևս պատերազմի շրջանում։ Քաղաքացիների հոգեբանական վիճակն այնքան սուր է, որ կարող է կարկուտ գալ, բայց նրանց թվա, թե ուժեղ պայթյուն է»,- ասում է Ծատուրյանը։
Ըստ նրա՝ մարդկանց նյարդային համակարգը թուլացել է, և այդպիսի դեպքերում կարևոր է, որ հասարակությունը միմյանց աջակցի, հանգստացնի, չպետք է շղթայական ռեակցիայով անհանգստություն տարածի։
«Այսպիսի դեպքերի ժամանակ շատ հաճախ սկսում են սոցցանցում միմյանց մեղադրել, տարբեր տեղեկություններ տարածել, նման պարագայում էլ շատ կարևոր է, որ մարդկանց ճիշտ տեղեկատվություն հաղորդվի։ Այլապես յուրաքանչյուրը իր ենթադրությունները մատուցում է որպես իրականություն, սակայն իրականությունը բոլորովին այլ պատկեր ունի։ Հասարակության շրջանում հիմա նյարդային համակարգի լարվածության բարձր մակարդակ է»,- կարծում է հոգեբանը։
Վերջինիս խոսքով՝ վախն ու տագնապը հանգեցնում են նրան, որ մարդիկ այլևս ոչինչ ի վիճակի չեն լինում ընկալելու, ավելորդ խոսակցություններն էլ իրավիճակը ավելի են սրում։ Հոգեբանական վատ վիճակի հետևանքով է, որ մարդը սկսում է հավատալ սնահավատությանը։
Անդրադառնալով ողբերգության տարածքում պայթյունից անմիջապես հետո քանոն նվագելու աղջկա նախաձեռնությանը՝ Ծատուրյանը շեշտում է՝ այդպիսի դեպքերը ևս բացասաբար են անդրադառնում հասարակության հոգեբանական առողջության վրա։
«Մեզ հերքի է որևէ դեպք, ու մենք դա շատ ծանր ենք ընկալում։ Դրա հետևանքով մարդիկ ավելի հոգնել են, ուզում են հանգիստ վայր գտնել։ Այդպիսի իրավիճակը ամենավտանգավորներից է։ Երիտասարդ աղջկա արած քայլը մարդիկ լարված մթնոլորտում, վախի ու տագնապի, անորոշության ժամանակ ընկալում են, այսպես ասած, «ձեռք առնոցի», այսինքն՝ դու մարդու վիշտը «ձեռք ես առնում» աղետի գոտում նվագելիս»,- նկատում է նա:
![]()