![]()
Ծաղիկներ, որոնց ժապավենները սև էին, և նվեր, որը ծանր է ու քարից՝ մոր սրտի նման, ու թեթև՝ ծնողի արցունքից։
Հրետանային դիվիզիոնի հաշվարկի նշանառու, գյումրեցի Արտյոմ Էդվարդի Լոգյանի ծննդյան նվերն այս տարի այլ էր։ 44-օրյա պատերազմում Ջրականի մարտերում ոչ մի քայլ չընկրկած և հերոսի մահով ընկած Արտյոմի և մյուս հերոս տղաների հիշատակը հավերժացնող հուշաքար բացվեց Գյումրիում։
Արտյոմն այսօր կդառնար 21 տարեկան։ Շատ երազանքներ ուներ, մեծ նպատակներ ու ձգտումներ, որոնք անկատար մնացին։
«Մենք ընկճվելու իրավունք չունենք և պարտավոր ենք ապրել։ Ես մայր եմ, շատ ծանր է կորուստը մեր, բայց աշխատում ենք ուրախ լինենք։ Արտյոմն ամեն ինչ տեսնում է»,- վստահ է հերոսի մայրը՝ Լենա Արղամանյանը։
44-օրյա պատերազմի ժամանակ տակավին նորակոչիկ էր Արտյոմը։ Ռազմական բազմաթիվ գիտելիքներ էր հասցրել ձեռք բերել կարճ ժամանակամիջոցում։ 2020-ի սեպտեմբերին արձակուրդ էին տալու, տուն էր գալու։
«Զանգեց Արտյոմը, ասաց՝ ինձ 10 օր են տալու օտպուսկ։ Ասացի՝ բայց ոնց որ 10 օր չէ, 15 օր է։ Ասաց՝ հետո կիմանաս, կգամ՝ կասեմ, մամ ջան։ Ու 27-ին սկսվեց պատերազմը։ Մենք տեղեկություն չունեինք, բայց հույս ունեինք, որ ամեն ինչ լավ է լինելու, 28-ին էլ, որ զանգեց եղբորը, շատ ուրախացանք»,- պատմում է մայրը։
Ջրականի դիրքերում ծանր մարտեր էին։ Հրետանային դիվիզիոնի հաշվարկի նշանառու Լոգյանն ընկերների հետ խիզախաբար մարտնչել է՝ կատարելով իր առջև դրված բոլոր առաջադրանքները, ցուցաբերել իր տարիքին ու փորձին անհամապատասխան յուրօրինակ քաջություն և արիություն։
Լոգյանը տիրապետում էր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին, կարողանում էր Ջրականի ամենաթեժ ու վտանգավոր կետերում ապահովել ճշգրիտ կրակ, թշնամուն պատճառել մեծ կորուստներ։
Սեպտեմբերի 30-ին անօդաչուի հարվածը չխնայեց նաև Արտյոմ Լոգյանին։ Տղան, ծանր վիրավորում ստանալով, տեղափոխվել է հոսպիտալ։ Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել զինվորի կյանքը։
Արտյոմն այդպես էլ տուն չդարձավ. իր խոստացած արձակուրդն օդում մնաց։ Թերևս խոստումներից միակը, որն այդպես էլ նա կատարել չկարողացավ։
«Արտյոմն ու իր մարտական ընկերներն այն խիզախ հայորդիներն են, որոնց կյանքի ու քաջության շնորհիվ ենք մենք ապրում այսօր։ Հայրենիքի համար ընկած մեր հերոսի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի հուշերում։ Մեզ մնում է ապրել՝ գիտակցելով նրանց անձնազոհությունն ու շենացնել մեր երկիրը՝ հանուն մեր սերունդների»,- հուշարձանի բացման ժամանակ ելույթի իր խոսքում նշեց մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով Արտյոմ Լոգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
![]()