![]()
Ժամը 15։30-ի դրությամբ դեռևս շարունակվում են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները։
Այս մասին այսօր «Սուրմալու»-ի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Անհետ կորածների մասով ունենք տեղեկատվություն։ Մի քաղաքացի ահազանգել է, որ իր հարազատը չկա, ենթադրվում է, որ նա էլ է «Սուլմալու»-ի տարածքում եղել։ Այս պահին ունենք անհետ կորած 19 քաղաքացի, 6 զոհ։ 158 հրշեջ փրկարար է տեղում աշխատում, իրենց հետ միասին աշխատում են Կարմիր խաչի 102 փրկարար և ՈՄԱ-ից 7 հոգի է մասնակցում աշխատանքներին»,- տեղեկացրեց Կոստանյանը։
Այս ընթացքում արտակարգ իրավիճակների աշխատակիցները նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերել 15 քաղաքացու։ Կամավորական հիմունքներով հրշեջ փրկարարներին օգնելու համար ԱԻՆ-ին դիմել են 57 քաղաքացի, մեկ կազմակերպություն և մեկ ամբարձիչավար։
«ԱԻՆ-ի ուժերը ամբողջապես բավարար են՝ իրականացնելու հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները։ Աշխատակիցները աշխատում են հերթափոխով։ Ընդգրկված են Երևանի ու մարզերի մեր աշխատակիցները»,- նշեց Կոստանյանը։
Արձագանքելով անհետ կորած քաղաքացիների հարազատների հնչեցրած բողոքներին, թե տարածքում բավարար տեխնիկա չի գործում՝ ԱԻՆ ներկայացուցիչը շեշտեց՝ քաղաքացիների դժգոհությունը հասկանալի է, բայց տեխնիկայի խնդիր տարածքում չկա։
«Մաքսիմալ աշխատանքների դեպքում էլ քաղաքացիները կունենան դժգոհություն։ Ես էլ իրենց փոխարեն լինեի՝ նույն վիճակում կլինեի։ Աշխատակիցների մի խումբը գնում է, մյուսն է գալիս՝ հերթափոխի համար։ Այդ ընթացքում են նկատել գուցե, որ մարդ չկա, բողոքը դրանով է պայմանավորված, բայց տեխնիկայի խնդիր չկա։ Տեխնիկան ներգրավված է, որպեսզի փլուզման հետքերը վերացնեն, իսկ այն հատվածներում, որտեղ շներն էլ են հետքեր ֆիքսում, ձեռքով են աշխատանքները իրականցվում։ Աշխատանքները ոչ մի վայրկյան չեն դադարեցվելու»,- հավելեց ԱԻՆ խոսնակը։
![]()