Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Արմենակյան փողոցում՝ թիվ 128 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել, մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից և Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։  Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել կանգառի և շինության պատի արանքից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Լևոն Հախվերդյանն ու կրտսեր պարեկ Տարոն Ստեփանյանը։  Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «ԵրՔաղԼույս»-ի ներկայացուցիչները։ Վրաերթի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ