«Պետությունը քանդելու գործում հմտացածը չի կարող պետության ամրությունից խոսել․ Պատերազմող երկրում, որի առաջ լուրջ մարտահրավերներ կան, ընդդիմությունը գզվռտոցով է զբաղված».Գրիգոր Հարությունյան

Civic.am-ի զրուցակիցը Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն է։

-Պարոն Հարությունյան, ՀՀ վարչապետը կառավարության նախորդ նիստում, անդրադառնալով ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի գործունեությանը՝ արձանագրեց, որ թեեւ Ադրբեջանը չի ստորագրել այդ զորակազմի մանդատը, սակայն ՀՀ-ի եւ ՌԴ-ի ստորագրությունները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար։ «Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ինչպե՞ս եք գնահատում ՌԴ խաղաղապահ առաքելությունը եւ վարչապետի առաջարկը՝ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու վերաբերյալ։

-Եթե ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում կրակոցներ են հնչում, Ադրբեջանի կողմից տարածքներ են վերցվում, մարդիկ են զոհվում, բնականաբար, ես գոհ լինել չեմ կարող։ Եւ ցանկացած ՀՀ քաղաքացի գոհ լինել չի կարող, որովհետեւ պայմանավորվածությունն այնպիսին է, որ պետք է բացառվեին նման բաները։ Ընդհանուր առմամբ, անկախ այն բանից՝ գոհ ենք, թե ոչ այդ առաքելությունից, սա շատ լուրջ հարց է, եւ հատկապես Ղարաբաղի իշխանություններն ու այդտեղ ապրող մարդիկ պետք է ասեն՝ գո՞հ են, թե՞՝ չեն։ Երեւանի կենտրոնից, հրապարակներից գնահատականներ տալն այնքան էլ ճիշտ չէ, առաջին հերթին պետք է լսել Ղարաբաղի ձայնը։ Մեր ցանկությունն այն է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում իսկապես խաղաղություն երաշխավորվի, որ ադրբեջանցիները Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածք չմտնեն, կրակոցներ ու զոհեր չլինեն, բայց, կրկնում եմ, գնահատական տվող սուբյեկտը առաջին հերթին Ղարաբաղի ժողովուրդն է։ Իրենց հարցրեք։ Ինչ վերաբերում է միջազգային ուժեր ներգրավվելու անհրաժեշտությանը, ապա, եթե Ղարաբաղի իշխանությունները ու ժողովուրդը գտնեն, որ ռուսական ուժերը չեն իրականացնում այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են եռակողմ հայտարարությամբ, ուրեմն նրանք պետք է այդ հարցը բաձրացնեն՝ պետք է՞, թե՞ ոչ։ Այստեղ այնքա՜ն լուրջ հարցեր, այնքա՜ն խութեր կան։ Մենք գիտենք, թե տարածաշրջանում եղանակ ստեղծողն ով է եւ ծայրաստիճան հաշվարկված պետք է գործել՝ ունքը սարքելու տեղը աչքն էլ չփչացնելու համար։

— Վերջերս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ա․Վոլկովի հետ Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ այսպիսի հարցադրում է արվել արցախցիների կողմից՝ եթե ի վիճակի չեք մեզ պաշտպանել, ապա ասեք՝ մեր գլխի ճարը տեսնենք։ Վոլկովն էլ ուշագրավ բացահայտում է արել, թե՝ ըստ զորակազմի գործունեության կանոնադրության՝ խաղաղապահներն իրավունք ունեն ադրբեջանցի որեւէ զինվորականի վրա կրակել միայն մի դեպքում, եթե իրենց կյանքին է վտանգ սպառնում։ Մնացած դեպքերում, եթե անգամ Արցախի քաղաքացիական հասարակության կյանքին վտանգ սպառնա, խաղաղապահները կրակելու իրավունք չունեն։ Խաղաղապահության այս որակն ու մակարդակը կարո՞ղ է գոհացուցիչ լինել։

— Ես քանիցս լսել եմ Արցախի իշխանությունների կողմից շնորհակալական խոսքեր, թե այսօր իրենց անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահները։ Իրենք ինչ ասել են, դա է ինձ համար հիմքը։ Թե ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարցերն ինչպես են բարձրացվել, քննարկվել, Վոլկովն էլ ինչ կերպ է պատասխանել, որեւէ բան ասել չեմ կարող, քանի որ ներկա չեմ եղել հանդիպմանը, հետեւապես՝ ձեռնպահ կմնամ գնահատական տալուց։

-Պարոն Հարությունյան, այս օրերին Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն, ձայնակցելով ՀՀ-ի դաշնակցական կառույցին, հայտարարություն էր տարածել, որում ոչ մի խոսք չկար այն մասին, թե ինչու է ռուս խաղաղապահների առաքելության գոտում տեղի ունենում այն, ինչին ականատեսն եք՝ կրակոցներ, տարածքների հանձնում, զոհեր։ Փոխարենը ՀՅԴ-ն հրադադարի ռեժիմի պահպանման հարցում խաղաղապահ առաքելության ջանքերին տվել էր «բարձր» գնահատական։ Ավելին՝ ՀՀ իշխանություններին մեղադրել էր «ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերի» մեջ։

-Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե ՀՅԴ-ն ինչ է ասում։ Դաշնակցությունն ավելի լավ է, թող ասի, թե Խաչատուր Քոքոբելյանի հորը ոնց էին գողանում, հլա սրա պատասխանը թող տան։ Ես ՀՅԴ-ի գնահատականները վաղուց եմ տվել՝ իրենք երբեք քայլեր չեն արել, որ մեր երկիրը հզորանա, նրանք միշտ էլ պառակտող ուժ են եղել։ Երկրրդ՝ ՀՀ իշխանությունը իրենից չի գցում պատասխանատվությունը եւ չի էլ կարող երբեք գցել։ Ի՞նչ է իրենց ասածը՝ ՀՀ իշխանությունը որեւէ բան կարող է անել Արցախում եւ չի անո՞ւմ։ Այսօր Արցախում խաղաղության երաշխավորումը վերապահված է ռուսներին, թե վաղը-մյուս օրը հնարավոր լինի միջազգային այլ ուժեր ներգրավվել՝ շատ ավելի լավ։ Բայց, կրկնում եմ, մի մոռացեք, թե ով է այստեղ իրավիճակ թելադրողը։ Իրականությունը չպետք է սահմանափակ դիտանկյունով գնահատել, միայն Ռուսաստանի գործոնից կառչել, նայեք, թե ԵՄ-ն ինչ հրճվանքով է Ադրբեջանի հետ պայմանագրեր կնքում։ Իրավիճակին համապարփակ, օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է շատ խորքից սկսեք, որ հասկանանք, թե ինչու եկանք, հասանք այս իրավիճակին, թե ինչու երկիրը թուլացավ, ինչու Ադրբեջանն այդքան ակտիվացավ, որ պատերազմով լուծեց հարցը եւ հիմա էլ այսպիսի իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ի շուրջ եւ ԼՂ-ում։ Դեռ 15 տարի առաջ էր հայտնի, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է մեր բյուջեին, իսկ օրվա իշխանությունը պետության անվտանգային համակարգն ամրացնելու, դիմադրողականությունը բարձրացնելու, դեմոգրաֆիական խնդիրները հոգալու փոխարեն զբաղված էր անձնական բարեկեցության ապահովմամբ։ Հիմա ումից են բողոքում ու ինչ են պահանջում։

-Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում անգամ խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի այլընտրաքային լուծում չի առաջարկում։ Ընդհակառակը՝ որդեգրել է ռուս խաղաղապահներին պատասխանատվությունից մաքրելու վարքագիծ՝ Արցախում տիրող իրավիճակի համար միանձնյա մեղադրելով ՀՀ իշխանություններին եւ, բնականաբար, շարւնակելով պահանջել վերջինիս հրաժարականը։ Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության նման պահվածքը։

-Թող իրենք ասեն, թե ով է իրենց թեկնածուն, եթե վաղը իշխանությունը հրաժարական տա։ Չստացվի այնպես, որ ես շատ գոհ եմ գործող իշխանությունից, որոշ հարցերում դժգոհ եմ, կան բազմաթիվ թերություններ, բայց ընդդիմության որակը, բարձրացրած հարցերը, քաղաքականությունը հաստատ ի օգուտ մեր պետության եւ ժողովրդի չեն։ Պետությունը քանդելու գործում հմտացածը չի կարող պետության ամրությունից խոսել, պետությունը հարստահարածը չի կարող հանրային բարիք, հարստություն ստեղծել, ազգային շահ սպասարկել։ Նրանց միակ դարդնուցավը իրենց ունեցածը պաշտպանելու համար նորից իշխանություն վերցնելն է, ՀՅԴ-ին էլ օգտագործում են այդ նպատակով։ Պարզ չի՞, որ Քոչարյան Ռոբերտի փողերով էր դիմադրության շարժում կոչվածը կազմակերպվում, կամ՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի։

-Ընդդիմությունը թեժ աշուն է խոստացել եւ չի բացառել խորհրդարան վերադառնալը։ Դուք ինչպիսի՞ աշուն եք կանխատեսում ՀՀ-ի համար։

-Համենայնդեպս, եթե թեժ աշուն լինի, ես այդ թեժությունը չեմ կապում ինձ ու ձեզ հայտնի ընդդiմության հետ։ Այդ ուժերը չեն կարող թեժացնել ոչ մի բան, որովհետեւ դրանք արդեն ցրտահարված են։

-Իսկ ՀԺԿ-ն ինչու՞ է պասիվ։

-Մենք «մի վնասիր» սկզբունքով ենք առաջնորդվում։ Այսօր իրավիճակը իրոք, հեշտ չէ, եթե չասեմ՝ չափազանց դժվար է։ Եւ շատ հարցեր կախված չեն ո՛չ ՀՀ-ից ու իշխանությունից, ո՛չ հայ ժողովրդից։ Այսօր ամբողջ աշխարհն է դժվար ժամանակներ ապրում եւ Ռուսաստանի համար էլ, Արեւմուտքի համար էլ այդքան հեշտ չէ, որպեսզի մեզանով շատ անհանգստացած լինեն։ Մենք այսօր ահռելի ու ծանր աշխատանք ունենք անելու հանրային, քաղաքական, դիվանագիտական ողջ ռեսուրսը մոբիլիզացնելով, որպեսզի կարողանանք առաջին հերթին լեզու գտնել Իրանի հետ, ՌԴ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի շահերի համատեքստում էլ կարողանանք սպասարկել մեր ազգային շահերը։ Պատերազմող երկրում, որի առաջ լուրջ մարտահրավերներ կան, ընդդիմությունը գզվռտոցով է զբաղված, ներսից բզկտում են իրար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ