Առաջին 7 ամսում մեր երկիր է ժամանել 770.164 զբոսաշրջիկ

Զբոսաշրջիկ — Առաջին անգամ եմ եկել Հայաստան ու իմ հետի երեխաներն էլ են առաջին անգամ:

Լոս Անջելեսից 17 երեխայից բաղկացած խմբի է ուղեկցում Հայաստան, 14-ը հայ չեն: Այցը ուսուցողական, ճանաչողական է՝ տեղում սովորում են մշակույթ և պատմություն:

Հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188.856 զբոսաշրջիկ։ Ընդհանուր առմամբ՝ առաջին 7 ամսվա ընթացքում մեր երկիր է ժամանել մոտ 770.164 զբոսաշրջիկ։

770 հազարից մոտ 630 հազարը՝ օտարերկրյա անձնագրերով: Հիմնականում 36-63 տարեկան, ավելի շատ տղամարդիկ, քան կանայք: Մեծ մասը՝ օդանավով: «Զվարթնոց»՝ 488.400, անցակետերից առավելապես՝ Բագրատաշենով 149.391, Բավրայով՝ 61.772 և Մեղրիով՝ 40.869:

Ռեկորդային 2019-ին այս տարվա ցուցանիշները զիջում են 200.000-ով:

Յաշա Սոլոմոնյան («Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ) — Զբոսաշրջային այս բումը քովիդից հետո սպասելի էր, և միջազգային կառույցները այդ մասին ասել էին, և կային հաշվարկներ, որ քովիդի սուր շրջանից հետո, մարդիկ փակված էին 2 տարի, լինելու է բում: Բայց, ըստ այդ կառույցների, դրա հաջորդ մի քանի տարիներին լինելու է անկում, քանի որ աշխարհում տնտեսական ճգնաժամ կա, միայն Հայաստանում չէ գնաճը, երկրներ կան, որ տնտեսապես լուրջ ճգնաժամի մեջ են, և դա չի կարող չազդել զբոսաշրջության տեմպի և աճի վրա:

Տեմպը պահելու համար այսօր ամեն մի զբոսաշրջիկի հետ անհատական աշխատանքը կարևոր է, որ հետո երբ գնան՝ ցանկանան էլի վերադառնալ:

Մասնագետները գիտեն, խնդիրները շատ են՝ ավելացնում է Յաշա Սոլոմոնյանը: Ոլորտին մոտ կանգնած փորձագետները նշում են՝ 2019 թ., բացի քանակականից, նաև որակական բարձր ցուցանիշի էին հասել, բայց քովիդը այդ կողմից էլ ևս հարվածեց. շատ լավ մասնագետներ հեռացել են ոլորտից:

Յաշա Սոլոմոնյան — Սկսած զբոսավարներից, վերջացրած տուր օպերատորներով, նույնը հյուրանոցները, անգամ տրանսպորտային ծառայություններ մատուցողները ունեն խնդիր, որակյալ վարորդներ գնացել են այլ ոլորտներ:

Ամենամեծ խնդիրը վերահսկողության բացակայությունն է:

Յաշա Սոլոմոնյան — Փողոցում ցանկացած մարդ կարող է զբաղվել զբոսաշրջությամբ՝ չունենալով կրթություն, ու դա չի կարող չազդել որակի վրա:

Կոմիտեն զբոսաշրջիկներին ուղղված հարցաշար է մշակում՝ 2023 թ. տարբեր տվյալներ են լրացնելու, որ ոլորտի բացերն ու խնդիրները հասցեական լինեն:

Մեր երկրում նոր ուղղություններից են արշավային, գաստրո- և էկոտուրիզմը: Շեշտում են՝ վերջին տարում հատկապես գյուղական տուրիզմն է զարգանում:

Առաջին եռամսյակի տվյալներով՝ ներգնա տուրիզմին զուգահեռ ակտիվացել է ներքին տուրիզմը՝ նույնիսկ գերազանցել 2019-ը 15,5%-ով:

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ