Սկուտերների, չմուշկների, սքեյթբորդների եւ այլ ինքնագնացների շահագործման համար ՀՀ ոստիկանությունն առաջարկում է երթեւեկության կանոններ սահմանել

Վերջին շրջանում ՀՀ-ում եւ հատկապես Երևան քաղաքում մեծ տարածում են գտել չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ ինքնագնաց) օգտագործումը։

Ժամանակակից աշխարհում ինքնագնացները հետիոտների տեղաշարժման արագության համեմատությամբ արդյունավետ միջոց են հանդիսանում մարդու արագ տեղաշարժն ապահովելու համար, սակայն դրանց օգտագործման դյուրինության և հանրային հասանելիության պատճառով սարքավորումներն օգտագործում են տարիքային տարբեր խմբերի անձանց, այդ թվում՝ անչափահասների կողմից։

Ինքնագնացների շահագործումն իրականացվում է թե՛ մայթերին, և թե՛ երթևեկելի մասի վրա և որ առավել կարևոր է օգտագործումը կանոնակարգված չէ իրավական ակտերով, հետևաբար մեծանում է հաճախ դրանց հանրության համար վտանգավոր եղանակով շահագործելու ռիսկը։

Հաշվի առնելով նաև նմանատիպ սարքավորումների երթևեկության կարգավորման միջազգային փորձը՝ ՀՀ կառավարությունը որոշել է կարգավորել ոլորտը, սահմանել ինքնագնացների երթևեկության կանոնները, ինչպես նաև դրանք խախտելու համար իրավական հետևանքը։ ՀՀ ոստիկանության կողմից մշակված նախագծով մասնավորապես սահմանվում է․ նախագծով մասնավորապես առաջարկվում է՝

1. ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել ելնելով բացառման կանոնից, այն է՝

ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,

բ) «ա» կետով նշված վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,

գ) «ա» և «բ» կետերով նախատեսված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով,

2. արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին,

3. ինքնագնացներով 7-14 տարեկանների երթևեկությունը թույլատրել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայութայն կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով,

4. արգելել էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից,

5. արգելել դրանց շահագործումը 20կմ/ժ առավելագույն արագությունից բարձր արագությամբ, իսկ հետիոտների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ արագությամբ,

6. սահմանել վարչական պատասխանատվություն նախագծով առաջարկվող կանոները խախտելու համար,

7. վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ներկայումս առանձնացված վիճակագրություն առկա չէ նշված ինքնագնացների օգտագործման հետևանքով պատահարների մասին, քանի որ այդ սարքավորումների իրավակարգավորումների բացակայության պատճառով պատահարների մի մասը մնում են լատենտային, իսկ մի մասն էլ հաշվառվում է որպես այլ պատահար (մոպեդ, հեծանիվ և այլ նմանատիպ տրանսպորտային միջոցներով կատարված)»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ