Նախարարի նոր հրամանը՝ ուսուցիչների վերաբերյալ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանել է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները՝ համաձայն հավելվածի:

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանը ուժի մեջ է մտնում օգոստոսի 11-ին։

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

1. Ուսուցչի մասնագիտական չափանիշն ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողությունների, պատասխանատվության նկարագիրն է։

2. Ուսուցչի մասնագիտական չափանիշը բաղկացած է հաջորդականորեն միմյանցից բխող հետևյալ չորս բաղադրիչներից.

  • 1) զարգացման ոլորտներ.
  • 2) մասնագիտական գործունեության ձևեր.
  • 3) կարողունակության մակարդակներ.
  • 4) մանկավարժի բնութագրեր:

3. Զարգացման ոլորտներն ընդգրկում են.

  • 1) դասավանդած առարկայի իմացություն․
  • 2) դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ․
  • 3) սովորողին ցուցաբերվող աջակցություն․
  • 4) ինքնազարգացում և այլ մանկավարժներին մեթոդական և մենթորական աջակցություն, զարգացում։

4. Ըստ զարգացման ոլորտների՝ մասնագիտական գործունեության ձևերն են.

  • 1) առարկայական գիտելիքների զարգացում․
  • 2) դասընթացների և դասերի պլանավորում՝ հաշվի առնելով սովորողների կարիքները.
  • 3) դասի վարում.
  • 4) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) ինտեգրում.
  • 5) 21-րդ դարի հմտությունների (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ) խթանում․
  • 6) ռեսուրսների կառավարում.
  • 7) սովորողների կարիքների ճանաչում կամ բացահայտում․
  • 8) ուսումնառության գնահատում․
  • 9) ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ.
  • 10) մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում․
  • 11) մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.
  • 12) կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացություն․

5. Մասնագիտական գործունեության ձևերը խմբավորվում են զարգացման չորս ոլորտների շրջանակում՝ հետևյալ ձևով.

  • 1) առարկայի իմացությունը դրսևորվում է առարկայական գիտելիքների զարգացման մասնագիտական գործունեության ձևի միջոցով․
  • 2) դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունները դրսևորվում են դասընթացների և դասերի պլանավորման, դասի վարման, ՏՀՏ-ի ինտեգրման, 21-րդ դարի հմտությունների խթանման և ռեսուրսների կառավարման մասնագիտական գործունեության ձևերի միջոցով․
  • 3) սովորողին ցուցաբերվող աջակցությունը դրսևորվում է սովորողների կարիքների ճանաչման կամ բացահայտման, ուսումնառության գնահատման, ուսումնական գործընթացի ներառականության ու մասնակցայնության ապահովման՝ մասնագիտական գործունեության ձևերի միջոցով.
  • 4) ինքնազարգացումն ու այլ մանկավարժներին մեթոդական և մենթորական աջակցության տրամադրումը դրսևորվում են մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնման, մասնագիտական բարեվարքության, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության, կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացության մասնագիտական գործունեության ձևերի միջոցով։

6. Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակություններն են.

1) առարկայական գիտելիքների զարգացում.

  • ա․ ուսուցիչը գիտի առարկայի չափորոշիչը և ծրագիրը.
  • բ․ուսուցիչը գիտի առարկայի՝ ծրագրով նախատեսված բովանդակությունը.
  • գ․ուսուցիչը կարողանում է առանձնացնել առարկայի՝ չափորոշչով և ծրագրով նախատեսված բովանդակության հիմնական բաղադրիչները.
  • դ․ ուսուցիչը կարողանում է գնահատել սովորողների համար առանձնացված բաղադրիչների անհրաժեշտության մակարդակը.
  • ե. ուսուցիչը կարողանում է մշակել սովորողի անհատական ուսուցման պլան (այսուհետ՝ ԱՈՒՊ), կատարել առարկայական ծրագրի պարզեցում և հարմարեցում` այն համապատասխանեցնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԱՊԿ) ունեցող սովորողների կարողություններին և զարգացման առանձնահատկություններին:

2) Դասընթացների և դասերի պլանավորում.

ա․ ուսուցիչը կարողանում է մշակել իր դասավանդած առարկայի թեմատիկ պլանը՝ հստակ սահմանելով ուսումնական նյութի յուրացման, կարողությունների զարգացման և գնահատման համար անհրաժեշտ ժամաքանակը՝ հանրակրթության պետական չափորոշչի, առարկայի չափորոշչի, առարկայի ծրագրի պահանջներին, ուսումնական պլանով առարկային հատկացված ժամաքանակին և գնահատման մեթոդաբանությանը համապատասխան.

բ․ ուսուցիչը կարողանում է կազմել առանձին դասերի պլաններ՝ հստակ նշելով դասի նպատակը, վերջնարդյունքները, խնդիրները և մեթոդները, սովորողների մասնակցությունը ենթադրող գործողությունները, որոնք կնպաստեն սովորողների արդյունավետ ուսումնառությանն ու զարգացմանը, որում պլանավորված կլինեն յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը և ներգրավվածությունը.

գ. ուսուցիչը կարողանում է դասը պլանավորել ուսումնառության համընդհանուր ձևավորման սկզբունքներին համապատասխան:

3) Դասի վարում.

  • ա․ ուսուցիչը կարողանում է ուսումնական նյութը բացատրել հստակ, դասի ընթացքում ապահովել միջառարկայական, ներառարկայական կապերը և կապը առօրյա կյանքի հետ, խթանել սովորողների հետաքրքրությունը ուսումնասիրվող նյութի նկատմամբ, օգտագործել հարցեր, հուշումներ և այլ մոտեցումներ՝ սովորողների կողմից նյութի յուրացումը պարզելու համար.
  • բ․ ուսուցիչը, ելնելով դասի թեմայի առանձնահատկություններից, կարողանում է ընտրել և կիրառել դասավանդման արդյունավետ մեթոդներ, այդ թվում՝ օգտագործել ՏՀՏ գործիքներ՝ ըստ անհրաժեշտության.
  • գ․ ուսուցիչը կարողանում է կառավարել դասարանական միջավայրը, բոլոր սովորողների համար ապահովել ուսումնառության հավասար հնարավորություն.
  • դ․ուսուցիչը կարողանում է մշտադիտարկել և ապահովել բոլոր սովորողների մասնակցությունը ինքնուրույն/խմբային աշխատանքի ընթացքում.
  • ե․ուսուցիչը կարողանում է դասավանդումը համապատասխանեցնել սովորողների մակարդակին.
  • զ․ ուսուցիչը կարողանում է կիրառել նոր նյութի մատուցման բազմազան մեթոդներ՝ հնարավորություն տալով սովորողներին կիրառելու բոլոր զգայարանները և ունեցած գիտելիքները․
  • է. ուսուցիչը կարողանում է դասին մասնակից դարձնել բոլոր սովորողներին և ապահովել հարմարեցված ուսումնական նյութեր՝ բոլոր սովորողների համար.
  • ը. ուսուցիչը կարողանում է կիրառել սովորողների ներգրավման տարբեր մեթոդներ և ձևեր:

4) Ռեսուրսների կառավարում.

  • ա․ ուսուցիչը կարողանում է օգտվել դպրոցի գրադարանում առկա կրթական ռեսուրսներից, համացանցում գտնել և նպատակային օգտագործել համացանցում առկա կրթական ռեսուրսները.
  • բ․ուսուցիչը, դասի նպատակից ելնելով, կարողանում է օգտագործել լաբորատոր սարքավորումները.
  • գ․ ուսուցիչը կարողանում է դասի ընթացքում օգտագործել սովորողների՝ տվյալ թեմային առնչվող տեղեկատվությունը՝ կառուցելով միջառարկայական կապերն ու սովորողներին աջակցելով ձևավորել թեմայի վերաբերյալ ամբողջական պատկերացում.
  • դ․ ուսուցիչը կարողանում է արդյունավետ օգտագործել դասին հատկացված ժամանակը՝ նախատեսված բոլոր բաղադրիչների ներկայացման և քննարկման համար.
  • ե. ուսուցիչը կարողանում է պատրաստել հարմարեցված ուսումնական նյութեր՝ հիմնվելով սովորողների կարիքների վրա․
  • զ. ուսուցիչը կարողանում է օգտվել ԿԱՊԿ-ի գնահատման եզրակացության և արձանագրության մեջ առկա տեղեկատվությունից և կիրառել այն երեխայի ԱՈՒՊ-ի մշակման գործընթացում:

5) ՏՀՏ ինտեգրում.

  • ա․ ուսուցիչը կարողանում է ընտրել ուսուցման այնպիսի ռազմավարություններ, որոնց համար նպատակահարմար է կիրառել ՏՀՏ.
  • բ․ ուսուցիչը կարողանում է իրականացնել հեռավար և հիբրիդ ուսուցում՝ ըստ անհրաժեշտության.
  • գ․ ուսուցիչը կարողանում է ՏՀՏ կիրառմամբ դասի բացատրությունը դարձնել ավելի մատչելի.
  • դ․ ուսուցիչը կարողանում է ՏՀՏ գործիքներով իրականացնել ձևավորող գնահատում.
  • ե.ուսուցիչը կարողանում է կիրառել ՏՀՏ միջոցները՝ ապահովելով սովորողների ուսումնառության համար բազմազան մեթոդներ ինչպես նոր նյութի մատուցման, այնպես էլ գիտելիքների ստուգման և սովորողների ներգրավման նպատակներով․
  • զ. ուսուցիչը կարողանում է ապահովել ԿԱՊԿ ունեցող սովորողների անհատական տեխնիկական միջոցների, այլընտրանքային հաղորդակցման միջոցների կիրառումը:

6) 21-րդ դարի հմտությունների խթանում.

  • ա․ ուսուցիչը կարողանում է տալ ընդարձակ պատասխան պահանջող հարցեր, որոնք ենթադրում են տրամաբանական հիմնավորում, բացատրություն կամ ընդհանրացում կամ ունեն ավելի քան մեկ ճիշտ պատասխան․
  • բ․ուսուցիչը կարողանում է տալ առաջադրանքներ, որոնք սովորողներից պահանջում են վերլուծել նյութը՝ ի հակադրություն տեղեկատվությունը պարզապես ստանալու կամ մեխանիկորեն հիշելու․
  • գ․ուսուցիչը կարողանում է տալ առաջադրանքներ, որոնք սովորողներին խրախուսում են հանդես բերել նախաձեռնողականություն, ձևավորել սեփական կարծիք, ձևակերպել նոր գաղափարներ․
  • դ․ուսուցիչը կարողանում է տալ առաջադրանքներ, որոնք պահանջում են սովորողների համատեղ աշխատանք՝ ձևավորելով համագործակցային միջավայր և զարգացնելով խմբում աշխատելու՝ սովորողների հմտությունները․
  • ե․ուսուցիչը կարողանում է դասի ընթացքում սովորողներին ընձեռել հնարավորություն՝ ներկայացնելու իրենց աշխատանքը՝ օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաները և զարգացնելով հաղորդակցման և ներկայացման հմտությունները․
  • զ․ ուսուցիչը կարողանում է տալ առաջադրանքներ, որոնք սովորողներից պահանջում են փնտրել և գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից, գնահատել տեղեկատվության աղբյուրի ստույգությունը․
  • է․ուսուցիչը կարողանում է ուսուցանել սովորողներին ընդարձակ պատասխան պահանջող հարցեր տալ։

7) Սովորողների կարիքների բացահայտում.

  • ա․ ուսուցիչը կարողանում է բացահայտել յուրաքանչյուր սովորողի կրթական կարիքները՝ անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով․
  • բ․ ուսուցիչը կարողանում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր սովորողին՝ ընտրելու իր ուսումնառության ոճը․
  • գ․ուսուցիչը կարողանում է բացահայտել յուրաքանչյուր սովորողի ուժեղ կողմերն ու ուսումնառության դժվարությունները․
  • դ.ուսուցիչը կարողանում է դասարանում նկատել առաձնահատկություններ ունեցող երեխաներին, ճանաչում է ԿԱՊԿ ունեցող երեխաների կարիքները: ԿԱՊԿ-ի գնահատման գործընթացում համագործակցում է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատակիցների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն:

8) Ուսումնառության գնահատում.

  • ա․ ուսուցիչը կարողանում է դիտարկել և գնահատել յուրաքանչյուր սովորողի արժեքային համակարգի և վարքագծի զարգացման ընթացքը․
  • բ․ուսուցիչը կարողանում է գնահատել սովորողների գիտելիքները և կարողությունները՝ գնահատման մեթոդաբանության պահանջներին համապատասխան․
  • գ․ուսուցիչը կարողանում է ընտրել և կիրառել ձևավորող գնահատման գործիքները՝ ըստ նպատակի.
  • դ․ուսուցիչը կարողանում է մշակել գնահատման ռուբրիկներ, թեստեր, ստուգաթերթեր և այլ գործիքներ.
  • ե․ուսուցիչը կարողանում է գնահատումն իրականացնել գնահատման սկզբունքներին (օբյեկտիվություն, հավաստիություն, հուսալիություն) համապատասխան.
  • զ. ուսուցիչը կարողանում է կիրառել գնահատման այլընտրանքային և ճկուն մեթոդներ՝ ԿԱՊԿ ունեցող սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման նպատակով:

9) ՈՒսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ.

  • ա․ ուսուցիչը կարողանում է ապահովել կրթության կազմակերպման հավասար մասնակցություն և մատչելիություն՝ յուրաքանչյուր սովորողի համար.
  • բ․ ուսուցիչը կարողանում է խրախուսել սովորողների ջանքերն ու ձեռքբերումները.
  • գ․ ուսուցիչը կարողանում է համատեղ ուսումնառության արդյունքների բարելավման ուղիներ մշակել՝ հիմնվելով սովորողների ուժեղ կողմերի վրա.
  • դ․ ուսուցիչը կարողանում է ապահովել յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ուսումնական գործընթացներին.
  • ե․ ուսուցիչը կարողանում է մշակել և կիրառել տարբերակված առաջադրանքներ՝ յուրաքանչյուր սովորողին կամ սովորողների խմբի կարիքին համապատասխան.
  • զ․ ուսուցիչը կարողանում է ոչ խտրական մոտեցում ցուցաբերել սովորողների հանդեպ և ապահովել սոցիալապես արդար միջավայր դասի ընթացքում:

10) Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում.

  • ա․ ուսուցիչը կարողանում է օբյեկտիվորեն գնահատել մասնագիտական զարգացման իր կարիքները.
  • բ․ ուսուցիչը կարողանում է ընտրել մասնագիտական զարգացում ապահովող առկա և հեռավար դասընթացներ.
  • գ․ուսուցիչը կարողանում է ընտրել ատեստավորման համար կազմակերպվող վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություն.
  • դ․ ուսուցիչը կարողանում է կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները.
  • ե. ուսուցիչը կարողանում է ինքնավերլուծություն և ինքնանդրադարձ կատարել և իր թույլ կողմերի բացահայտման հիման վրա որոշել մասնագիտական զարգացման ուղղությունները:

11) Կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն.

  • ա․ուսուցիչը կարողանում է օգտվել հանրակրթության ոլորտի օրենսդրությունից՝ իր աշխատանքն ու մասնագիտական գործունեությունը կազմակերպելու համար.
  • բ․ուսուցիչը կարողանում է իր աշխատանքը կազմակերպել գործող կարգերին համապատասխան.
  • գ․ուսուցիչը կարողանում է մասնակցել կրթության ոլորտի օրենսդրության վերաբերյալ քննարկումներին.
  • դ․ ուսուցիչը կարողանում է գործող կրթության ոլորտի օրենսդրության բարելավման նպատակով առարկություններ և առաջարկություններ ներկայացնել։

12)մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

  • ա․ ուսուցիչը կարողանում է կազմակերպել իր աշխատանքը՝ մասնագիտական բարեվարքության կանոններին համապատասխան.
  • բ․ուսուցիչը վստահ է իր ուժերի նկատմամբ, ապրումակցում է գործընկերներին և սովորողներին.
  • գ․ուսուցիչն ունի վերլուծական և քննադատական մտածողություն.
  • դ․ուսուցիչը հանդուրժող է, կարողանում է կողմնորոշվել և որոշումներ կայացնել՝ ըստ իրավիճակի.
  • ե․ ուսուցիչը նպաստում է ժողովրդավարության և արդարության արժևորմանը.
  • զ․ ուսուցիչը քննարկվող թեմաների վերաբերյալ դրսևորում է քննադատական մոտեցում։

7. Յուրաքանչյուր զարգացման ոլորտի շրջանակներում յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով ուսուցիչը կարող է դրսևորել կարողունակության հետևյալ չորս մակարդակներից որևէ մեկը.

  • 1) տարրական մակարդակ, որի պարագայում ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է կիրառել վերոնշյալ կարողունակությունները.
  • 2) ձեռնահասության մակարդակ, որի պարագայում ուսուցիչը ոչ թե մեխանիկորեն է կիրառում գիտելիքն ու հմտությունները, այլ ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, կիրառել նշված կարողունակությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության.
  • 3) տիրապետման մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողունակությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր և այլն.
  • 4) փորձագետի մակարդակ, որի պարագայում ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։

8. սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված բաղադրիչների ձևավորման մակարդակից կախված՝ տարբերակվում են մանկավարժի մասնագիտական հետևյալ չորս չափանիշները.

  • 1) ավագ ուսուցիչ․
  • 2) հմուտ ուսուցիչ․
  • 3) վերապատրաստող ուսուցիչ․
  • 4) հետազոտող ուսուցիչ։
  • 9. Ուսուցչի համապատասխանությունը մանկավարժի մասնագիտական չորս չափանիշներից որևէ մեկին՝ որոշվում է մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքում դասավանդման ձևերի դրսևորված կարողունակության մակարդակի միջոցով։
  • 10. Ավագ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, կամ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60% արդյունքի հավաստում ունեցող անձը, որն ապահովում է սույն կարգի 4-րդ կետի 1-9-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 70%-ը:
  • 11. Հմուտ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, կամ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60% արդյունքի հավաստում ունեցող անձը, որն ապահովում է սույն կարգի 4-րդ կետի 1-9-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 80%-ը:
  • 12. Վերապատրաստող ուսուցիչ է համարվում բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70% արդյունքի հավաստում ունեցող, ինչպես նաև «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և այլ մանկավարժներին մեթոդական և մենթորական աջակցություն, զարգացում» ոլորտների պահանջների առնվազն 70%-ը բավարարող ուսուցիչը:
  • 13. Հետազոտող ուսուցիչ է համարվում բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80% արդյունքի հավաստում ունեցող, ինչպես նաև «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և այլ մանկավարժներին մեթոդական և մենթորական աջակցություն, զարգացում» ոլորտների պահանջների առնվազն 80%-ը բավարարող ուսուցիչը:
  • 14․ Պահանջվող տոկոսը ոլորտը ներկայացնող մասնագիտական գործունեության ձևերից ուսուցչի ստացած միավորների միջին թվաբանականն է։
  • 15. Ըստ մասնագիտական չորս չափանիշների՝ ուսուցչին կարող է շնորհվել համապատասխան աստիճանի տարակարգ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ