«ԽՍՀՄ խորհրդանիշերի «պատահականությունների» ժամանակագրություն». Ստյոպա Սաֆարյան

 Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԽՍՀՄ խորհրդանիշերի «պատահականությունների» ժամանակագրություն
2022-ի վաղ գարնանը ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Աբխազիան ու Հարավային Օսեթիան ամենայն հավանականությամբ մայիսին Ռուսաստանին միանալու հանրաքվեներ կանցկացնեն, որը սակայն հետաձգվում է․ ռուսական որոշ աղբյուրներ չեն թաքցնում, որ հետաձգումը կապ ունի Ուկրաինայում պատերազմի հետ՝ երբ անբողջական «կազատագրվեն» ողջ Դոնբասը, Խերսոնը և այլ շրջաններ, արդյունքում կձևավորվեն նոր ինքնահռչակ հանրապետություններ և միութենական պետությանը միանալու «շքերթը» տպավորիչ կլինի։
Ռուսական քարոզչամեքենաներով սկսվում են ճնշումները Ղազախստանի ուղղությամբ, որի կլանման դեպքում միայն միությունը որոշակի իմաստ կունենա, եթե անգամ Ուկրաինան չհանձնվի և միակ իրատեսական դիպաշարը մնա նրանից պատառներ պոկելը։
2022թ․ Մայիսի 9-ին Ռուսաստանի Դաշնության «Կարմիր դրոշի սևծովյան նավատորմի երգի-պարի համույթ»-ը («Ансамбль песни и пляски краснознаменного черноморского флота») համերգային ծրագրով հյուրընկալվում է Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում։ Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ «մեծ պատիվ էր հյուրընկալել համույթի, որն իր գոյության ընթացքում բազմաթիվ ելույթներ է ունեցել տարբեր վայրերում՝ օդաչուների խցիկներից և ռազմանավերի տախտակամածներից մինչև Ռուսաստանի գլխավոր բեմեր և այսօր Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում աննկարագրելի զգացողություններ էր փոխանցում մեղրեցիներին: Ստացված համերգի խոսուն վկան էին հանդիսատեսի բարձր ծափողջյուններն ու հիացական հայացքները ողջ միջոցառման ընթացքում:» ՌԴ ԶՈՒ համույթի համերգային ծրագրի ժամանակ բեմը զարդարված էր ԽՍՀՄ խորհրդանիշերով՝ կարմիր դրոշ՝ մուրճ-մանգաղով, Վ․Լենինի մեծադիր նկար և այլն
Համացանցում բուռն քննադատության ենթարկվեց ԽՍՀՄ ատրիբուտիկայով համերգը, սակայն աննկատ մնաց բեմի մեկ դեկարացիա՝ դրոշ, որի վրա գրված էր «Краснознаменный Закавказский пограничный округ КГБ» / ՊԱԿ կարմիր դրոշակակիր հարավկովկասյան օկրուգ»։ Խորհրդային պետական անվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ հրամանով այդ ռազմա-քաղաքական միավորը ստեղծվել է 1963թ․ մարտի 13-ին՝ ադրբեջանական և վրացական օկրուկգների ՊԱԿ սահմանապահ զորքերի վարչության և Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ սահմանապահ զորքերի օպերատիվ խմբի հենքի վրա։ Շտաբ-գրասենյակը գտնվել է Թբիլիսիում, դիսլոկացիաները՝ Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԽՍՀՄ-ներում և Կրասնոդարի երկրամասում։ Վերահսկել է Իրանի, Թուրքիայի հետ ցամաքային սահմանը և Սևծովյան ափը՝ ընդհանուր ձգվածությամբ 2416,3 կիլոմետր։
Բուռն քննադատություններից հետո Մեղրիի համայնքապետարանը հրապարակային պարզաբանում է ներկայացնում, որ իրենք առնչություն չեն ունեցել բեմական դեկորացիայի հետ։
Օգոստոսի 4-5-ին Առաջին լրատվականի լրագրող Zhirayr Voskanyan և օպերատորին Արցախում տեղաբաշխված ռուսական խաղաղապահական ստորաբաժանման հրամանատարներից մեկը արգելում է Բերձորի/Լաչին/ միջանցքում տեսանկարահանումներ իրականցնել և ստիպում են ետ վերադառնալ Երևան։ Լրագրողը հասցնում է կարճ տեսանյութեր նկարահանել Բերձորի միջանցքում ԽՍՀՄ ատրիբուտիկայի առատության վերաբերյալ https://www.facebook.com/100000539193518/videos/2445812825558662/ / և գրառման մեջ նշում է․ «Բերձորի (Լաչին) միջանցքում ԽՍՀՄ դրոշներն անպակաս են: Ի դեպ, նմանատիպ դրոշներ եւ ՌԴ նախագահ Պուտինի պաստառները սկսվում են դեռ ՀՀ Տիգրանաշեն բնակավայրից: Նախօրեին Բերձորում մեր ուշադրությունը գրավեցին շուրջբոլորը տեղադրված ԽՍՀՄ դրոշները: Կանգնեցինք ու սկսվեց քաղաքացիական հագուստով, դիմակավորված ռուս խաղաղապահների հետ միջադեպը: Ռուսներն ասացին, որ այստեղ իրենք են որոշում ամենը. ինչպես երևում է ու մեզ հետ նաև պատահածը փաստում՝ նրանք չէին սխալվում:»
Օգոստոսի 8-ին հայտնի է դառնում, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Մեղրի-Ագարակ քաղաքների ճանապարհին, ռուս խաղաղապահները ստուգում են երթևեկող ավտոմեքենանորեի փաստաթղթերն ու բեռները։ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը պարզաբանում է, որ Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ճանապարհին արդեն ինը ամիս մոդուլային հենակետեր են տեղադրվել։
Որքան էլ որ Հայաստանի տարածքում խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին որևէ փաստաթուղթ չկա, ոչ էլ ՌԴ ԱԱԾ սահմանային զորքերն ունեն ՀՀ պետական իշխանության իրավասություններ, վերջիններիս սահմանային վարչությունը Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածում հսկողության ուժեղացումը բացատրում է իբրև թե Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի (հաշիշ, մետամֆետամին, հերոին) ապօրինի ներկրման փորձերի ավելացմամբ, ինչը ամենևին նրանց լիազորությունը չէ։ Ականատեսների վկայությամբ, մոդուլային հենակետերը կրկնում են նույն ԽՍՀՄ-յան սահմանային ու մերձսահմանային ենթակառուցվածքները։ Ոմանք չեն բացառում, որ այդ կերպ ռուսական սահմանապահ ուժերը «սահմանազտում են» ճանապարհը, որով «արևմտյան Ադրբեջանից» ժամանողներին «անվտանգ ուղեկցելու» են դեպի Նախիջևան՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ոգով․․․
Օգոստոսի 10-ին Գուգարք ճամբարի կայքում տեղադրվում են լուսանկարներ, որտեղ ճամբարական երեխաները գլխավոր հրապարակում ԽՍՀՊ պիոներների վզկապներով են, կարմիր գլխարկներով և կրկին ԽՍՀՄ խորհրդանիշեր։ Ճամբարի ֆեյսբուքյան էջում նկարներին ուղեկցող գրառման մեջ ասվում է․ «Ժամանակի մեքենան կրկին սլացրեց մեզ մանկական անհոգ ժամանակշրջան։ Երբ երջանիկ մանկություն ամրագրված էր օրենսդրությամբ! Գուգարք ճամբարը եղել է և կա ու կլինի այն եզակի ճամբարներից, որտեղ երեխաների ժպիտներն ավելի կարևոր են, քան մեր կյանք ներխուժած արևմտյան բարքերով թելադրվող վարքականոնները։ Փոխարենը գնահատում են այն, ինչ անմիտ է, սիրում են այն, ինչ անհետ անցնելու է գնա»։
Նկարները համացանցում դառնում են բուռն քննարկման ու քննադատության թեմա։ Օգտատերեից ոմանք տեղեկացնում են, որ ճամբարում իրականացվել են հայ արդի գրողներից մեկի վեպի հիման վրա ֆիլմի նկարահանման աշխատանքներ՝ դերասան Հայկ Թոխատյանի ու այլոց մասնակցությամբ, թեպետ նկատելի է, որ ճամբարը գերադասել է միջոցառումը հանրությանը ներկայացնել ոչ թե այդ կերպ, այլ ԽՍՀՄ ժամանակների կարոտաբաղձության ու արևմտյան բարքերի հակաքարոզչության խառնուրդով։ Բցի այդ ճամբարն իր այլ՝ շատ ավելի վաղուցվա գրառումներով էլ չի թաքցրել համակրանքն առ ԽՍՀՄ ատրիբուտիկան․ որն օգտագործել է ջոկատավարների հավաքագրման ու այլ առիթներով․․․
Նույն օրերին Երևանում տեղի է ունենում Հանրային ձայն կուսակցության հիմնադիր համագումարը, որի հիմնը Հայկական ԽՍՀ հիմնը է, զինանշանը՝ ռուսական երկգլուխ արծվի նմանակությամբ։ Կւոսակցությունը հանդես է գալիս Հայաստանի բոլոր նախկին 3 նախագահներին ու ներկայիս վարչապետին ձերբակալելու ու ազատազրկելու վիզուալ ուղերձներով։
Մինչ ընդդիմադիր տարբեր գործիչներ արդեն իսկ ազդարարում են թեժ աշնան մասին՝ կամ անցումային կառավարության ցուցակներ հրապարակելով, կամ իմփիչմենթի գործընթացի սկսելու հայտարարություններով, թվում է թե ամառային բերձորյան էսկալացիան նեքաղաքական ճնշման հետ մեկ նույնական թիրախ ունի, այն է՝ ազդել ՀՀ իշխանությունների՝ նոր միութենական պետության միանալու քաղաքական որոշման վրա։ Այլապես դժվար բացատրելի է դառնում ռուսական պատասխանատվության գոտում կատարվողը, ավելի ստույգ այն բացատրելի է դառնում Բերձորի միջանցքում ԽՍՀՄ դրոշակներից ու դրանց գրառումներից՝ հակամարտության կողմերից նա, ով կմտնի նոր միություն, կստանա մրցանակը․․․ Ինչպես 20-րդ դարասկզբին․․․
Այդ նույն ընթացքում Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուս-վրացական պատերազմի 14-րդ տարելիցին հասկացրել են, որ Թբիլիսին շատ շուտով ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ լիակատար հավատարմություն Մոսկվային, կա՛մ «կասկածելի ապագա»՝ ուկրաինական սցենարի հավանականությամբ։ Մի փոքր ավելի վաղ Վ կոնտակտե սոցիալական ցանցում Դ․ Մեդվեդևն ավելի հանգամանորեն էր բացատրել Ղազախստանի ու Վրաստանի «կասկածելի ապագան» և տեքստի «անկեղծության» պատճառով հարկասդրված եղան հայտարարել, թե նրա էջը կոտրել են․․․
Չէ՞ որ անջատողական տարածքների՝ նոր միությանը միանալու հանրաքվեները տեղափոխվել են սեպտեմբեր․․․ Եթե իհարկե Ուկրաինայում ռեվերս չլինի․․․
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ