Իրանի շուրջ սեղմվող օղակն ու հյուսիս-հարավի ռիսկը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ առաջիկայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կքննարկեն Հյուսիս-հարավ միջանցքի հարցերը և դրա հետ կապված տարանցման ու մաքսային խնդիրները: Սանկտ-Պետերբուրգից մինչև Իրանի նավահանգիստներ Հյուսիս-հարավ հաղորդակցային ենթակառուցվածքային միջանցքի մասին հուլիսի 19-ին Թեհրան այցի ընթացքում խոսել էր ՌԴ նախագահ Պուտինը, պատրաստակամություն հայտնելով կառուցել Իրանից Ադրբեջան երկաթուղային հատվածը, որը կազմում է մոտ 140 կմ:

Ռուսաստանի շահագրգռությունն այդ հարցում պարզ է՝ արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ հայտնված Մոսկվան ձգտում է փնտրել այլընտրանքներ, միաժամանակ ձևավորել տնտեսական հաղորդակցությունների նոր միջավայր, համաշխարհային նոր տնտեսության ձևավորման համատեքստում: Իսկ այդ առումով Հյուսիս-հարավը Մոսկվայի համար ունի առանցքային նշանակություն: Ըստ ամենայնի, Պուտինը իրանական հատվածի երկաթուղու շինարարության պատրաստակամություն հայտնելով, այդ կերպ փորձում է ստանալ Իրանի վստահությունն ու համաձայնությունները տարբեր հարցերում: Պատահական չէ, որ նույն իրանյան այցի ընթացքում կնքվեց Գազպրոմի՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքններում մոտ 40 միլիարդ դոլարի ներդրման համաձայնությունը: Հայաստանում այս քննարկումները դիտարկում են իբրև Հայաստանի տարածքով Հյուսիս-հարավի չեղարկում: Այստեղ սակայն, իրականությունն ու պատկերը նկատելիորեն այլ է:

Բանն այն է, որ Ռուսաստանի համար Հյուսիս-հարավի նշանակությունը Հայաստանի միջոցով լիարժեք սպասարկելի չէ, քանի որ դեպի Ռուսաստան Վրաստանը դե ֆակտո փակուղի է և Հայաստանի տարածք մտնելու պարագայում, միևնույն է հարկ լինելու վերստին անցնել Ադրբեջան: Իսկ դա նշանակելու է ճանապարհի երկարաձգում: Հետևաբար, այն, ինչ խոսվում կամ քննարկվում է Ադրբեջանի մասով, թե նոր չէ, և թե Հայաստանի ճանապարհի «փոխարեն» չէ: Պարզապես ներկայիս իրավիճակում այդ ծրագիրը դարձել է Մոսկվայի համար առավել արդիական ու կենսական: Եվ հնարավոր է նաև Իրանի համար, որը միջուկային ծրագրի շուրջ բավականին համառ դիմակայության մեջ է ԱՄՆ հետ և փորձում է թելադրել իր պայմանները, որոնք չի ընդունում Վաշինգտոնը: Իսկ այդ հանգամանքը Իրանի համար նվազեցնում է Պարսից ծոց-Սև ծով ծրագրի գրավչությունը, ինչը առանց այդ էլ լուրջ հանգամանքի է բախվել ուկրաինական պատերազմի հետևանքով, որը էապես խոչընդոտում է սևծովյան լոգիստիկային:

Այդպիսով, նկատելի է, որ Իրանն ու Ռոււսաստանը փորձում են աշխուժացնել Ադրբեջանի միջոցով հաղորդակցության գաղափարը, որը կարող է վայելել նաև թե Չինաստանի, թե Հնդկաստանի, իսկ որոշակի պայմաններում նաև արաբական երկրների հետաքրքրությունը: Այդ հանգամանքը ակնհայտ մտահոգել է Անկարային և թերևս դա էր պատճառը, որ Թեհրանում հուլիսի 19-ի եռակողմ հանդիպումից հետո Էրդողանը հասավ Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպման համաձայնության, մեկնեց Սոչի, փորձելով թերևս թուրք-ռուսական պայմանավորվածություններով հավասարակշռել ռուս-իրանական խաղը: Ի՞նչ է ստացվել Էրդողանի մոտ, դժվար է ասել, սակայն Ալիևին Անկարա հրավիրելու հարցում կան նաև այդ մոտիվները՝ հասնել նրան, որ Ադրբեջանը Իրանի և Ռուսաստանի միջև լինի ոչ այնքան կամուրջ, որքան Թուրքիայի շահերի ներկայացուցիչ: Դարձյալ, բարդ է ասել, հաջողվե՞լ է դա Անկարային, թե ոչ:

Ուշադրության է արժանի, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը օգոստոսի 9-ին հայտարարել էր, թե Ադրբեջանը Նախիջևանի հետ ունի ճանաարհ՝ Իրանի տարածքով: Չի բացառվում, որ այդ կերպ Բաքուն ակնարկում է Անկարային, որ, եթե Թուրքիան բավարար օժանդակություն չի ցուցաբերում Հայաստանից «միջանցք» կորզելու հարցում, ապա Ադրբեջանը ունի իր ճանապարհը և կաշխատի Իրանի հետ: Ի դեպ, ուշադրության արժանի փաստ է և այն, որ օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Առկա գործընթացը անշուշտ Հայաստանի համար ունի մտահոգության հիմքեր, այն իմաստով, որ Ադրբեջանը այդ խաղում կարող է փորձել «կապիտալիզացնել» Հայաստանի հանդեպ հերթական պահանջները կամ ճնշման ձգտումները: Միևնույն ժամանակ, Հայաստանն էլ այդ իմաստով իհարկե ունի հնարավորություն օգտագործել ռեգիոնում խաչաձև հետաքրքրությունների հանգամանքը, իր մանևրը կառուցելու և այդօրինակ ռիսկերը զսպելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ